Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանրային քննարկում՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» և «Ֆունկցիոնալության գնահատման համակարգի մասին» ՀՀ օրենքների նախագծերի շուրջ

12.08.2019

Վանաձորի սոցիալական ծառայությունների համալիր կենտրոնում Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովը, Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանի նախագահությամբ, անցկացրեց հերթական նիստը, որին մասնակցում էր նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը, հասարակական կազմակերպությունների, շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ:

Նիստի հրավիրման առիթը «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» և «Ֆունկցիոնալության գնահատման համակարգի մասին» ՀՀ օրենքների նախագծերի հանրային քննարկումն էր: Օրենքների նախագծերը նախապես ներկայացվել էին հասարակական կազմակերպություններին և շահագրգիռ այլ կառույցների ուսումնասիրմանը:

Գ. Գասպարյանը, շնորհակաալություն հայտնելով հանդիպման կազմակերպման համար, հանգամանորեն  ներկայացրեց հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ոլորտում նախարարության կողմից իրականացվող քաղաքականությունն ու այն փոփոխությունները, որոնք առավել հասցեական և արդյունավետ կդարձնեն պետության կողմից մատուցվող ծառայությունները: Նա մանրամասնեց այս օրինագծերում տեղ գտած նոր հասկացություններն ու գաղափարները:

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքում տեղ են գտել նոր հասկացություններ և փոփոխություններ. սոցիալական ամբողջական ներառում, մատչելիության գաղափարի ընդլայնում, ունիվերսալ կամ համընդհանուր դիզայնի ստեղծում, անկախ կյանքի և համայնքում ներառման իրավունքի իրացում, խելամիտ հարմարեցումների ապահովում, խտրականության արգելքի վերացում, անհատական օգնականի ինստիտուտի ներդրում:

«Իրականացվող փոփոխությունները առաջին հերթին պետք են Հայաստանի Հանրապետության քաղաքացուն: Հաշմանդամություն ունեցող անձինք համահավասար իրավունքներ ունեցող քաղաքացիներ են և պետք է ներառվեն հասարակության մեջ: Նոր փոփոխություններն ունեն մեկ նպատակ. անձին օգնել հաղթահարելու ոչ միայն ֆիզիկական, այլև սոցիալական սահմանափակումները և օգտվել անհրաժեշտ ծառայություններից»,- ասաց նա:

Ըստ նախարարի առաջին տեղակալի, առաջարկվող փոփոխությունների շնորհիվ կլուծվեն մի շարք խնդիրներ, մասնավորապես. կարգելվի «հաշմանդամության հիմքով խտրականությունը», այդ թվում՝ խելամիտ հարմարեցումների ապահովման մերժումը, կսահմանվեն մատչելիության նվազագույն պահանջներ, որոնց չկատարման դեպքում կկատարվի մասհանում:

Գ. Գասպարյանը ներկայացրեց նաև «Ֆունկցիոնալության գնահատման մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Օրենքում ներկայացված ֆունկցիոնալության գնահատման մոդելի նպատակն է հաշմանդամության դիտարկումն իրականացնել՝ ըստ անձի ֆունկցիոնալության աստիճանի, գործունեության ու մասնակցության, միջավայրային գործոնների ունեցած ազդեցության հիման վրա: Հիմքում ունենալով մարդու հիմնարար իրավունքները՝ օրենքը նպատակ ունի ներդնել հաշմանդամություն ունեցող անձանց ֆունկցիոնալության գնահատման համակարգ և ստեղծել հաշմանդամություն ունեցող անձանց ֆունկցիոնալության գնահատման հիման վրա ծառայություններ մատուցելու իրավական հիմքեր: Ըստ նրա, ներդրվող մոդելը կբարձրացնի հաշմանդամության սահմանման գործընթացի օբյեկտիվությունը և անձին կմատուցի այդ գնահատման հիման վրա անհրաժեշտ ծառայությունները:

Ներկայացված օրենսդրական փաստաթղթերի պարզաբանումներից հետո մասնակիցները ներկայացրեցին նոր առաջարկներ ու դիտարկումներ, խոսեցին նաև այս պահին եղած խնդիրների մասին:

Նիստի ավարտին «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» ՀԿ նախագահ Անուշ Ասլանյանը ներկայացրեց Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով իրավունքների պաշտպանությունը ԱՄՆ Օրեգոն նահանգի Յուջին համայնքում, որտեղ ներկա էր գտնվել փորձի փոխանակման նպատակով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-25 17:20:52