Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Անտառն օգտագործելով կարելի է գումար վաստակել, բայց ոչ այն հատելու միջոցով». մարզպետ Անդրեյ Ղուկասյանը խորհրդակցություն անցկացրեց մարզի համայնքների ղեկավարների հետ

06.08.2019

Օգոստոսի 5-ին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում խորհրդակցություն անցկացրեց համայնքների ղեկավարների հետ: Մասնակցում էին նաև մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ, շահագրգիռ այլ կառույցների ներկայացուցիչներ:
Խորհրդակցությանը հրավիրված էին և մարզի ղեկավարի ու համայնքների ղեկավարների կողմից առաջադրված հարցերին պատասխանեցին ու մտահոգություններին արձագանքեցին նաև Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արեգ Կարապետյանը և ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Գևորգ Հակոբյանը:
Գեորգի Ավետիսյանը տեղեկացրեց, որ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը 2019թ. հուլիս ամսից լայնածավալ վերահսկողական միջոցառումներ է սկսել հանրապետության ողջ տարածքում գործող թարմ մսի իրացման կետերում՝պահանջելով պահպանել թարմ մսի սպանդանոցային ծագման հավաստիությունը և մսի վաճառքի կետերի սահմանված նորմերին համապատասխանությունը: Նա կարևորեց անասունների մորթի իրականացումը մարզի երկու սպանդանոցներում, որոնցից մեկը գործում է Օձուն, մյուսը՝ Դարպաս համայնքում, երրորդ սպանդանոցը Տաշիր համայնքում է և վերանորոգումից հետո կսկսի գործել: Արձագանքելով համայնքների ղեկավարների մտահոգություններին՝ տեսչական մարմնի ղեկավարը նշեց, որ անկախ դժվարություններից ու խնդիրներից բոլոր գործողությունները պետք է իրականացվեն օրենսդրության շրջանակներում, ինչը բխում է առաջին հերթին բնակչության շահերից:
Մարզի անտառամերձ բնակավայրերում բնակվող ընտանիքներին ոչ արտադրական (ոչ արդյունագործական) նպատակներով թափուկ վառելափայտի տրամադրման գործընթացի մասին թե՛ մարզպետ Անդրեյ Ղուկասյանը և թե՛ մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը ամենօրյա ռեժիմով լսում են բնակչության և համայնքների ղեկավարների մտահոգությունները: Այդ իսկ պատճառով մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հրավերով Ա. Կարապետյանը ներկաներին պարզաբանեց գործընթացի կազմակեպման մանրամասները: Մինչ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենին ձայն տալը, մարզի ղեկավարը ևս մեկ անգամ շեշտեց, որ մարզում բացառվում է ապօրինի ծառահատումների իրականացումը շահադիտական և բիզնես նպատակներով.
- Անտառով կարելի է գումար վաստակել, բայց ոչ այն հատելու միջոցով,-ասաց Ա. Ղուկասյանը:
Ա. Կարապետյանը շնորհակալություն հայտնեց հանդիպումը նախաձեռնելու համար և նշեց, որ նպատակ ունի ներկայացնելու այն բարեփոխումները, որոնք իրականացրել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ը՝ 2019թ.-ին: Նա իր խոսքում անդրադարձավ բնակչությանը մտահոգող երկու կարևոր հարցի՝ անվճար թափուկ վառելափայտի բաշխման և երկրորդ՝ մթերումների իրականացման մեթոդիկայի փոփոխության, որի շնորհիվ հնարավոր կլինի նվազեցնել ապօրինությունների թիվը:
Խոսելով առաջին խնդրահարույց թեմայի շուրջ՝ տնօրենը նշեց, որ թափուկ վառելափայտը անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվում է անտառամերձ համայնքների կարիքավոր բնակիչներին՝ ըստ համայնքների ղեկավարների կողմից տրամադրված ցանկերի: Տրվող քանակությունը կարող է լինել ոչ ավելի, քան 8 խորանարդ մետր՝ ընդ որում, այդ թիվը կարող է լինել ավելի պակաս՝ բնակիչների թվից կախված:
-Անտառի պաշարները թափուկների մասով տարեցտարի շատ ավելի պակաս են լինելու, հետևաբար հորդորում եմ նաև համայնքների ղեկավարներին, բնակիչներին այլընտրանքային տարբերակներ մտածել խնդրին լուծում տալու համար,-ասաց նա: Անդրադառնալով ոչ անտառամերձ համայնքների խնդրին՝ նշեց, որ վերջիններս կարող են վառելափայտ գնել անտառտնտեսություններից, այլ ոչ թե՝ վերավաճառողներից՝ 13.300-ից մինչև 21.600 դրամ արժեքով:
Տնօրենը խոսեց նաև անտառային հրդեհները կասեցնելու, իսկ հրդեհների դեպքում նաև՝ համախմբվելու և այն մարելու կարևորության մասին:
Մարզպետ Անդրեյ Ղուկասյանի և մարզպետարանի կրթության վարչության պատասխանատուների կողմից բարձրացվեց նաև փայտով ջեռուցվող մարզի թվով 20 դպրոցների համար արտոնյալ պայմաններով վառելափայտ ձեռք բերելու խնդիրը: Ա. Կարապետյանը պատրաստակամություն հայտնեց մինչև ջեռուցման սեզոնի սկիզբը քննարկել խնդիրը և լուծում առաջարկել:
Մարզպետը բարձրացրեց նաև անտառամերձ համայնքների բնակիչներին թափուկ հավաքելու համար առավել մատչելի ու մոտ վայրեր առաջարկելու հարցը: Գիտակցելով խնդրի կարևորությունը և արդիականությունը՝ տնօրենը նշեց, որ հնարավորինս փորձում են աջակցել բնակիչներին այդ հարցում, բայց պաշարները գնալով պակասում են, ուստի աստիճանաբար բարդանալու է ոչ միայն մոտ տարածքներ առաջարկելու, այլև առհասարակ թափուկ առաջարկելու հարցը:
Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետն, իր հերթին անդրադառնալով ապօրինի անտառահատումների խնդրին՝ նշեց, որ ուժեղացված հսկողություն է իրականացվում մարզում տեղակայված 8 կայուն պահակետրի միջոցով՝ շուրջօրյա ռեժիմով:
Համայնքների կողմից ներկայացված սուբվենցիոն ծրագրերի ընթացքի մասին զեկույցով հանդես եկավ մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը:
Նա տեղեկացրեց, որ ՀՀ կառավարության 2019թ.-ի հունվարի 31-ի թիվ 62-Ն որոշմամբ սահմանված կարգի համաձայն Կառավարության միջգերատեսչական հանձնաժողովը հուլիսի 30-ին ավարտել է համայնքների կողմից ներկայացված սուբվենցիոն ծրագրերի փաթեթների հաստատման գործընթացը: Արդյունքում Լոռու մարզից 56 ծրագրային փաթեթ է հաստատվել, որից 21-ը՝ նախահաշիվ-նախագծերը լրամշակելու պայմանով։ Այսինքն՝ բոլոր ներկայացված ծրագրերը հաստատվել են, այդ թվում ներառնվել է նաև 2 լրացուցիչ ծրագիր՝ Գյուլագարակի կարկտակայանների տեղադրում, Ջրաշենի ճանապարհի ասֆալտապատում, որոնք սկզբում դուրս էին մնացել՝ սահմանված ժամկետում փաթեթների ուշացման պատճառով։
56 ծրագրային հայտերի նախնական արժեքը կազմել է 2.338 մլրդ դրամ, որից՝ համայնքային ներդրումը` 1.086 մլրդ դրամ, պետական աջակցությունը՝ շուրջ 1.252մլրդ դրամ (53.5 տոկոս)։ 4 ծրագրի մասով առկա են նաև համաներդրողներ (60.525 մլն դրամ)։
-Քանի որ մրցույթները հայտարարվում են բաց ընթացակարգով, ինչպես նաև հայտարարությունների վերաբերյալ տեղեկատվությունը շրջանառվում է մարզպետարանի պաշտոնական կայքէջում և ֆեյսբուքյան էջում, մրցույթների մասնակիցները թիվով շատ են եղել, հետևաբար պայմագրերը կնքվում են բավականին ցածր գներով,-ասաց Գ. Մարկոսյանը։
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նաև օրակարգային մի շարք այլ հարցեր: Անդրադարձ կատարվեց մարզի համայնքների բյուջեների 7 ամիսների սեփական եկամուտների կատարմանը:
2019թ. առաջին կիսամյակում նախատեսված 1 մլդ 93 մլն սեփական եկամուտների դիմաց փաստացի հավաքագրումը կազմել է 1 մլդ 35 մլն. դրամ, կամ կատարվել է 94.6 տոկոսով, պակաս է հավաքագրվել 58 մլն. դրամ: Նախորդ տարվա նկատմամբ աճը կազմել է 2.8 տոկոս, կամ ավել է հավաքագրվել 28 մլն. դրամ: 100 և ավել տոկոս կատարողական ունի 26 համայնք, մնացած 30 համայնքները կիսամյակային պլանը թերակատարել են: Քանի որ արդեն օգոստոս ամիսն է և հիմնական խնդիրը հանդիսանում է սեփական եկամուտների տարեկան պլանի կատարողականը, ուստի համայնքների 7 ամսվա կատարողականները ներկայացվեց նաև տարեկան պլանի նկատմամբ: Մարզի համայնքների բյուջեներով 2019 թվականին սեփական եկամուտ նախատեսված է 2 մլդ 467 մլն. դրամ, փաստացի մուտքերը օգոստոսի 1-ի դրությամբ կազմել է 1 մլդ 252 մլն. դրամ, կամ տարեկան պլանի նկատմամբ կատարման տոկոսը կազմել է 50.7 տոկոսով: Տարեկան պլանի նկատմամբ 7 ամսվա կտրվածքով պլանները հավասարաչափ բաշխելու և կատարելու դեպքում համայնքները պետք է ապահովեին 57-58 տոկոս կատարողական, սակայն կատարողականը փաստացի կազմել է 50.7տոկոս: Սեփական եկամուտների պլանները 100 տոկոսով կատարելու համար մինչև տարեվերջ դեռևս պետք է հավաքագրվի 1 մլդ 215 մլն դրամ:
Անդրադառնալով թերացող համայնքներին՝ մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ներկայացրեց իր հստակ դիրքորոշումը.
-Համայնքներում կատարվելիք աշխատանքների, իրականացվելիք ծրագրերի հիմքում պետք է կդրվեն այս ցուցանիշերը. որքան բարեխիղճ է համայնքը, այնքան շատ ծրագրեր կիրականացվեն,-ասաց նա:
Լոռու մարզի տեղական ինքնակառավարման մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության հողային օրենսդրության, մասնավորապես ՀՀ հողային օրենսգրքի և «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 12.04.2001թ. թիվ 286 որոշման պահանջների կատարմանն անդրադարձավ մարզպետարանի հողաշինության և հողօգտագործման բաժնի պետ Արտակ Օհանյանը: Նա նշեց, որ մի շարք համայնքների ղեկավարներ գործում են՝ շրջանցելով օրենքի պահանջները: Օրինակ՝ օտարվող, տրամադրվող հողամասերը տրվում են գործառնական նշանակության խախտումներով: Քաղաքաշինական գործունեություն իրականացնելու համար օտարվող հողամասերի աճուրդի փաթեթում ճարտարապետահատակագծային առաջադրանքի նախագիծ չի ներառվում: Համայնքային սեփականություն հանդիսացող արոտավայրերը և խոտհարքերը տրամադրվում են վարձակալության՝ առանց համայնքի ավագանու հետ համաձայնեցնելու: Համայնքում կամ չեն կնքում կամ ոչ բոլոր արոտօգտագործողների հետ են կնքվում արոտավայրերից օգտվելու պայմանագրեր: Համայնքի մրցութային հանձնաժողովի կազմում մարզպետարանի ներկայացուցիչ ընդգրկված չի լինում:Համայնքային սեփականություն հանդիսացող վարելահողերը 1 տարի ժամկետով տրամադրվում են վարձակալության առանց համապատասխան մրցույթի և այլն:
-Համայնքների ղեկավարներին տրվել են ցուցումներ խախտումները և թերությունները վերացնելու վերաբերյալ, ինչպես նաև տարվել են համապատասխան վերահսկողական աշխատանքներ հետագայում նմանատիպ խախտումները և թերությունները բացառելու ուղղությամբ: ՈՒժեղացվել է վերահսկողությունը հողօգտագործողների կողմից հողային օրենսդրության պահանջների կատարման, հողամասերն ըստ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու, հողօգտագործման սահմանների և սահմանանիշերի պահպանման, հողերի պահպանմանն ուղղված միջոցառումների, հողերի խախտման հետ կապված աշխատանքներ կատարելիս հողի բերրի շերտի հանման, պահպանման և օգտագործման, ապօրինի հողօգտագործման կանխարգելման, կասեցման ուղղությամբ: Համայնքներին հանձնարարվել է վարել «Հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողության ստուգումների հաշվառման մատյան», օրենքով սահմանված դեպքերում ու կարգով հողային օրենսդրության պահանջները խախտողների նկատմամբ կիրառել վարչական տույժեր, ինչպես նաև իրավասու մարմիններին ներկայացնել հաղորդումներ` իրավախախտում թույլ տված անձանց` օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու համար,-ասաց բաժնի պետը:
Մարզի ղեկավարն իր նկատառումները հայտնեց նաև ներկայացված խնդիրների վերաբերյալ՝ հորդորելով գործել օրենքի պահանջներին համապատասխան, այլապես ձեռք կառնվեն համապատասխան քայլեր:
Մարզի ՀՈԱԿ-ներում աշխատող կենսաթոշակային տարիքի հասած աշխատակիցների (այդ թվում տնօրենների) աշխատանքային պայմանագրերի լուծման գործընթացի վերաբերյալ մարզպետի դիրքորոշումն արտահայտեց մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի տեղակալ Արփինե Մատինյանը: Նա ասաց, որ վարչության աշխատակիցների կողմից ուսումնասիրվել են Լոռու մարզում գործող ՀՈԱԿ-ների հաստիքացուցակները: Դեռևս մայիս ամսին այն համայնքների ղեկավարներին, որոնց համայնքներում որպես տնօրեն ՀՈԱԿ-ում պաշտոնավարում էին կենսաթոշակային տարիքը լրացած անձինք, առաջարկվել է՝ հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ կետի «բ» ենթակետը, դադարեցնել ՀՈԱԿ -ների տնօրենների հետագա աշխատանքային գործունեությունը:
Առաջարկությունների վերաբերյալ գրություններն ուղարկվել են Լեռնապատ, Գյուլագարակ, Գուգարք և Վանաձոր համայնքների և Ալավերդի, Թումանյան խոշորացած համայնքների ղեկավարներին: 2019թ. հունիսի 8-ին մարզխորհրդի նիստին մարզպետը հանձնարարել է մեկամսյա ժամկետում իրականացնել և ավարտել առաջարկությունում նշված գործողությունները: Նշված համայնքներից միայն Թումանյան համայնքի ղեկավարն է հրաժարվել կատարելու օրենքի պահանջը և հետևաբար գործը փոխանցվել է իրավապահ մարմիններին:
Հարցի առնչությամբ մարզի ղեկավարը նշեց, որ խնդիրը ոչ թե մարդկանց աշխատանքից զրկելն է, այլ օրենքի պահանջներով առաջնորդվելը և սահուն սերնդափոխություն իրականացնելը:
Ընտանիքների անապահովության համակարգում հաշվառված նպաստառու ընտանիքների շրջանում մարզպետարանի կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքները ներկայացրեց մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ Վալերի Ջաղինյանը: Հարցի վերաբերյալ հայտնելով իր նկատառումները՝ մարզպետ Անդրեյ Ղուկասյանը նշեց, որ խնդիրը նպաստների հասցեական դարձնելն է: Մարզպետը ևս մեկ անգման զգուշացրեց համայքների ղեկավարներին՝ արջի ծառայություն չմատուցել և բնակիչներին կեղծ տեղեկանքներ չտրամադրել.
-Օրենքը շրջանցելու դեպքում պատասխանատվության կենթարկվեն և՛ տեսուչները, և՛ կեղծ տեղեկանք տրամադրած համայնքների կամ վարչական ղեկավարները,-ասաց Ա. Ղուկասյանը:
Քննարկվեցին նաև մի շարք այլ հարցեր, տրվեցին հանձնարարականներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 12:43:14