Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԹԵՄԱԿԱԼ ԱՌԱՋՆՈՐԴԻ ՀՐԱՎԵՐՈՎ ՄԱՐԶԻ ՂԵԿԱՎԱՐՆ ԱՅՑԵԼԵՑ «ԾԻԾԵՌՆԱԿ» ՃԱՄԲԱՐ
02.08.2019
Գուգարաց թեմի առաջնորդ, գերաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի հրավերով Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն այցելեց թեմապատկան «Ծիծեռնակ» ճամբար:
Սրբազանի հրավերով ներկա էին նաև մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Ռաֆայել Հարությունյանը, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը և բարերար Արմեն Սարուխանյանը:
Ճամբարում այս օրերին հանգստանում են Տաշիրի տարածաշրջանի դպրոցահասակ երեխաները:
Ճամբարականնները հյուրերին դիմավորեցին հանդիսավոր տողանով: Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը իր երախտագիտությունը հայտնեց թեմակալ առաջնորդին՝ մարզի հարյուրավոր երեխաների առօրյան կազմակերպելու և նրանց հոգևոր ու բարոյական դաստիարակությանն ուղղված ջանքերի համար: Ողջունելով պատանի ճամբարականներին՝ մարզի ղեկավարն իր հերթին հորդորեց բարձր պահել հայրենիքի և եկեղեցու նկատմամբ սերն ու նվիրումը, ապրել մեկ ընտանիքի նման և ճամբարի ներքին կանոնները պահպանելով՝ ձեռք բերել կյանքի ու հետագա գործունեության համար անհրաժեշտ մարդկային ու բարոյական որակներ:
-Դուք պետք է ձեզ զգաք՝ որպես Հայաստանի Հանրապետության լիիրավ և պատասխանատու քաղաքացիներ և փոխեք ու գեղեցկացնեք այն միջավայրն ու այն երկիրը, որտեղ ապրել ու ապրում են ձեր նախնիները, և որտեղ շարունակելու եք ապրել դուք ձեր սերունդների հետ միասին,-ասաց նա:
Թեմակալ առաջնորդի ուղեկցությամբ հյուրերը շրջեցին ճամբարի տարածքում, մասնակցեցին տարբեր խմբակների բացօթյա դաս-պարապմունքներին, եղան մատուռի տարածքում և ճամբարի՝ Հրանտ Դինքի անունը կրող հատվածում:
Երեխաների օգնությամբ մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ներկերի և ջրի օգնությամբ նկարեց և պատկերն արտատպեց ստվարաթղթին: Պատանիները հուշեցին. նկարչության այս տեսակը կոչվում է էբրու:
Մարզի ղեկավարը ծանոթացավ նաև ճամբարականների առօրյային և կենցաղային պայմաններին, մասնակցեց տիկնիկային ներկայացմանը: