Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզում տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքի արդյունավետությանն ու թափանցիկությանն ուղղված մարզպետարանի դիրքորոշումը հստակ է

02.08.2019

Օգոստոսի 1-ին Վանաձորի ՀԿ կենտրոնում «Հոդված 3» ակումբի կողմից կազմակերպվել էր քննարկում՝ նվիրված Լոռու մարզում տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքի արդյունավետությանն ու թափանցիկությանը: Որպես բանախոսներ՝ հանդես էին գալիս Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը, Վանաձորի քաղաքապետի գլխավոր խորհրդական Արտյոմ Գրիգորյանը և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը:

Քննարկման ընթացքում բարձրացված մի շարք հարցերի վերաբերյալ փոխմարզպետն արտահայտեց մարզի ղեկավարի, իր և առհասարակ մարզպետարանի դիրքորոշումը: Անդրադառնալով մարզպետարանի գործունեության թափանցիկությանը վերաբերող հարցադրմանը, տիկին Մարկոսյանը նշեց, որ մարզպետ Անդրեյ Ղուկասյանը պաշտոնավարման առաջին իսկ օրից որդեգրել է թափանցիկ և բոլորի համար տեսանելի աշխատաոճ, ինչը դրսևորվել  է մի քանի ուղղություններով. նախ մարզպետարանի կայքէջը համալվել է մի քանի անգամ ավելի շատ տեղեկատվությամբ, քան մինչ այդ եղած ժամանակահատվածում: Կայքէջում ավելացվել են մի քանի ենթաբաժիններ: Առանց բացառության հրապարակվում են թափուր հաստիքների համար հայտարարվող մրցույթների (մարզպետարանի աշխատակազմի, մարզային ենթակայության հիմնարկների և համայնքային ծառայության թափուր հաստիքների վերաբերյալ) և հողերի աճուրդների վերաբերյալ հայտարարությունները: Այս տեղեկատվությունը շրջանառվում է նաև մարզպետարանի ֆեյսբուքյան էջով: Մարզպետարանի կայքէջում հրապարակվում է նաև մարզպետի, այսպես կոչված, սոցօգնության ֆոնդից քաղաքացիներին տրվող սոցիալական օգնություններին վերաբերող տվյալները՝ անվանական և ըստ գումարի չափի, ինչը ևս նախկինում չի արվել: Խիստ վերահսկողություն է սահմանված մարզում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի նկատմամբ և արդյունքում 2018թ.-ի առկա  շուրջ 30 սուբվենցիոն ծրագրերի դիմաց այսօր, մարզպետարանի համառ ջանքերով՝ ի դեմս մարզի ղեկավարի, ունենք 56 սուբվենցիոն ծրագիր:

Խիստ վերահսկողություն է սահմանված մարզում իրականացվող ցանկացած այլ շինաշխատանքների նկատմամբ: Ու առաջին նախադեպն էր, երբ նախորդ տարի մարզպետի նախաձեռնությամբ երկու ճանապարհաշինարարական ընկերության, վատ կատարված աշխատանքի պատճառով, չվճարվեց նախատեսված գումարը: Այս աշխատավոճը շարունակվելու է նաև հետագայում:

Անդրադառնալով մարզի համայնքներում և մարզային ենթակայության հիմնարկներում հայտնաբրվող խախտումներին և կոռուպցիոն դրսևորումներին, Գ. Մարկոսյանը նշեց, որ մարզպետի դիրքորոշումը այս առումով դարձյալ հստակ է. արձանագրված բոլոր դեպքերի վերաբերյալ, որոնք այլևս մարզպետարանի ուսումնասիրության և քննության տիրույթում չեն, ուղղորդվում են իրավապահ մարմիններին:

Ինչ վերաբերում է նախկին իշխանությունների կողմից՝ մասնավորապես Վանաձորում սեփականաշնորհված մի շարք տարածքներին, այդ թվում և մարզպետարանին հարակից երկու հատվածներին, ապա փոխմարզպետը տեղեկացրեց, որ դրանց վերաբերյալ ևս մարզպետարանը դիմել է դատախազություն:

-Մարզպետի կողմից առաջարկվել է մարզի համայնքների ղեկավարներին կամ խաղաղ ճանապարհով լուծել առկա խնդիրները՝ վերացնելով նախկինում արված ապօրինությունները, կամ դիմել իրավապահ մարմիններին՝ գերակա համարելով համայնքային շահը: Մարզպետի գնահատականը համայնքապետերի վերաբերյալ բազմիցս հնչեցվել է. այն համայնքների ղեկավարները, ովքեր սերտ կապերով կապված են նախկին իշխանությունների հետ և ձգձգում են խնդիրների լուծումը, կարժանանան նույն գնահատականին,-ասաց փոխմարզպետը: Նա իր խոսքում մասնավորապես անդրադարձավ Թումանյան խոշորացված համայնքի ղեկավարին առնչվող խնդրին, որի վերաբերյալ մարզպետ Անդրեյ Ղուկասյանը վերջերս հանդես եկավ նաև հրապարակմամբ:

-Մարզպետարանը գործում է իր իրավասությունների շրջանականերում՝ առաջնորդվելով բացառապես օրենքներով սահմանված կարգով, սակայն այսօր որոշ համայնքապետերի հետ ունենք արդյունավետ աշխատանքի խնդիր,-ամփոփելով ասվածը նշեց Գ. Մարկոսյանը:

Անդրադառնալով առաջիկայում ևս նախատեսվող համայնքների խոշորացման գործընթացին՝ փոխմարզպետը նշեց, որ մարզի 45 համայնքների խոշորացման ծրագրի վերաբերյալ իրազեկման աշխատանքներ են իրականացվել համայնքներում: Ներկայացվել են նախնական փնջերը և լսել բնակիչների կարծիքները՝ միաժամանակ հսատկեցնելով ծրագրի առավելությունները:

-Հիմնականում դեմ են համայնքների ղեկավարները՝ ցանկանալով պահել  իշխանական լծակները, ինչը տարիներ շարունակ օգտագործել են սեփական շահերի համար,-ասաց Գ. Մարկոսյանը՝ թվարկելով այն բոլոր կոռուպցիոն երևույթները, որոնք տարիներ շարունակ եղել են համայնքների մի զգալի մասում: Եվ այդ թողտվությունը մեծապես կատարվել է բնակչության պասիվ դիրքորոշման արդյունքում:

- Գյուղական համայնքներում ավագանու նիստերը՝ որպես այդպիսին, տեղի չեն ունենում: Հատկապես գյուղական համայնքներում ավագնու անդամները կատարում են համայնքների ղեկավարների ցանկությունները, և դա փոխհատուցվում է համայնքային բյուջեից նրանց տրված սոցօգնություններով,-ասաց Գ. Մարկոսյանը:

Նա խոսեց նաև Թումանյան համայնքի խոշորացման գործընթացի հաջողված փորձի մասին:

Արված հարցադրմանն ի պատասխան Գ. Մարկոսյանը տեղեկացրեց, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությանը պատկանող՝ Վանաձորում տեղակայված գրասենյակի, ինչպես նաև մի շարք այլ հաստատությունների սեփականաշնորհման օրինականությունը պարզելու նպատակով ևս մարզպետարանը դիմել է իրավապահ մարմիններին:

Խոսելով դպրոցական խորհուրդների կազմերի մասին՝ փոխմարզպետը համաձայնեց հնչեցված այն կարծիքին, որ վերջիններիս մեծ մասը նախկինում ուղղորդվել են՝ ինչպես հարկն է: Նրանց մի մասի կազմն արդեն իսկ փոփոխված է, մյուսների ժամկետը դեռևս չի լրացել: Ընդ որում, նոր կազմով խորհուրդների դեպքում ևս եղել են նոր ընտրված և վերընտրված տնօրեններ: Ուրախալին այն է, որ թե՛ տնօրենների և թե՛ ուսոցիչների համար հայտարարված մրցույթներին մասնակցության աննախադեպ աճ է նկատվում, ինչը դարձյալ խոսում է վստահության մասին:

-Խնդիրներն իհարկե շատ են ու ամենուր, բայց մենք վճռական ենք տրամադրված դրանք լուծելու համար, և մարզի ղեկավարի բոլոր գործողություններն ուղղված են հենց դրանց,-ասաց Գայանե Մարկոսյանը:

Նա պատրաստակամություն հայտնեց մարզի խնդիրներին առնչվող ցանկացած հարց քննարկել նաև այլ հարթակներում և այլ ձևաչափերով՝ կարևորելով նաև ոջամիտ առաջարկությունները:

 

 

 

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 09:42:22