Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետ Անդրեյ Ղուկասյանը և տեղակալ Գայանե Մարկոսյանը կարևորեցին երիտասարդների մասնակցությունը համայնքներում առկա խնդիրների բարձրաձայնմանը և որոշումների կայացմանը
31.07.2019
«Ուղղակի ժողովրդավարություն» հասարակական կազմակերպությունը Լոռու մարզպետարանի և Վանաձորի համայնքապետարանի ֆինանսական աջակցությամբ իրականացնում է երիտասարդական դասընթաց-հավաք` նպատակ ունենալով համախմբել մարզի ակտիվ երիտասարդներին՝ մասնակից դարձնելով նրանց ակտիվ հանրային կյանքին, իրենց համայնքներում առկա խնդիրների բարձրաձայնմանը և որոշումների կայացմանը:
Հուլիսի 30-ին Վանաձորի թիվ 1 երաժշտական դպրոցի դահլիճում կազմակերպվել էր երիտասարդների հավաք-քննարկում, որին մասնակիցների ցանկությամբ տրվեց «Սովորիր և գործիր» խորագիրը:
Հանդիպման ընթացքում, որպես բանախոսներ, հանդես եկան նաև մարզպետ Անդրեյ Ղուկասյանը և տեղակալ Գայանե Մարկոսյանը:
«ՏԻՄ –գործադիր հարաբերությունները և վերահսկողությունը» թեմայի շուրջ խոսեց մարզի ղեկավարը: Նա կարևորեց ՏԻՄ հզորացումը հատկապես ավագանու դերի բարձրացման տեսանկյունից: Ա.Ղուկասյանն այս առումով անխուսափելի և անհրաժեշտ համարեց հատկապես համայնքների խոշորացման գործընթացի իրականացումը:
Մարզպետը պատասխանեց երիտասարդների կողմից բարձրացված մի շարք հարցերի, որոնք վերաբերում էին համայնքներում տարիներ շարունակ կուտակված խնդիրների լուծմանը: Ա. Ղուկասյանը նշեց, որ այս տարի պետբյուջեից աննախադեպ ներդրումներ են կատարվել մարզում թե՛ ճանապարհաշինական ծրագրերի և թե՛ համայնքներում առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների լուծման նպատակով: Ներկայում նաև շուրջ 2.5 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրեր են իրականացվում մարզում՝ պետություն- համայնք համատեղ ներդրմամբ:
-Այն խնդիրները, որոնք կուտակվել են 30 տարի շարունակ, մեկ օրում, իհարկե, հնարավոր չէ լուծել, սակայն ձեռնարկվող քայլերն ու նաև ներդրումային դաշտի ակտիվացմանն ուղղված մեր ջանքերը մեզ վստահություն են ներշնչում, որ այդ խնդիրները շատ կարճ ժամանակ անց անցյալում կմնան:
Պատասխանելով տրանսպորտային համակարգի, ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված հարցերին՝ մարզպետը նշեց, որ իր կողմից առաջարկվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին անցում կատարել մեկ միասնական օպերատորի համակարգին, որի ներմուծումը կարող է արմատապես փոխել ծառայությունների որակը, սակայն ուսումնասիրությունների և փոփոխությունների խիստ անհրաժեշտություն է նկատվում:
«Կանանց և տղամարդկանց հավասար ներգրավվածության կարևորությունը տեղական քաղաքականության մեջ» թեմայի շուրջ խոսեց Գայանե Մարկոսյանը՝ նշելով, որ վերջին մեկ տարվա ընթացքում ակտիվ քաղաքականության մեջ կանանց ներգրավման կտրուկ տեղաշարժ է նկատվում:
Փոխմարզպետը տեղեկացրեց, որ մարզի 422 ավագանիներից 66-ը կանայք են, ներկայում ունենք 2 կին համայնքի ղեկավար: Նա ընդգծեց հատկապես Վանաձորի ավագանու կազմում ընդգրկված կին անդամների ակտիվությունը և հարցերի բարձրաձայնմանն ու լուծմանն ուղղված վճռականությունը:
-Կարծում եմ, շատ կարճ ժամանակ անց սեռերի տարբերակման մասին այլևս չենք խոսի և այս կամ այն ոլորտում ընդգրկվածության կամ բարձր պաշտոններ զբաղեցնելու առումով կկարևորվի բացառապես գիտելիքը, կառավարման ձիրքը, մի շարք այլ կարևոր հմտություններ՝ անկախ սեռային պատկանելությունից,-ասաց նա:
Երիտասարդները հետքրքրվեցին նաև Գայանե Մարկոսյանի անցած ուղով և աշխատանքային կենսագրությամբ:
Փոխմարզպետը նշեց, որ ավելի քան 15 տարի զբաղվել է լրագրողական գործունեությամբ, վերջին տարիներին նաև հետաքննական լրագրությամբ՝ բարձրաձայնելով պետական համակարգում առկա բազմաթիվ խնդիրների մասին: Հեղափոխության օրերին ևս՝ որպես լրագրող և քաղաքացի, եղել է առաջին շարքերում, իսկ հեղափոխությունից հետո պատրաստակամություն է հայտնել իր աջակցությունը ցուցաբերել՝ պետական համակարգում աշխատանքի անցնելով, արդեն այդ խնդիրների լուծման ակնկալիքով, նախ՝ որպես փոխմարզպետի, ապա՝ մարզպետի օգնական, այժմ արդեն՝ որպես մարզպետի տեղակալ:
-Պատասխանատվությունը մեծ էր, երբ ինձ առաջարկվեց մարզպետի տեղակալի պաշտոնը: Ի դեպ, Լոռին երբևէ չի ունեցել կին փոխմարզպետ, ինչը կրկնակի պատասխանատվություն է ենթադրում: Ես բնույթով համարձակ եմ ու ընտանիքիս հետ փոխհամաձայնության գալով՝ ստանձնեցի պաշտոնը,-ասաց Գ. Մարկոսյանը՝ դահլիճում ներկա երիտասարդներին խորհուրդ տալով լինել համարձակ, ակտիվ, նախաձեռնող և չվախենալ վճռական քայլերից:
-Արեք ձեր քայլը ձեր միջավայրը փոխելու համար, յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է իր ներդրումն ունենալ այդ հարցում,- եզրափակելով իր խոսքն՝ ասաց Գայանե Մարկոսյանը: Նա պատրաստակամություն հայտնեց երիտասարդների հետ քննարկել այդ նպատակին ուղղված ցանկացած ողջամիտ նախաձեռնություն ու ծրագիր: Փոխմարզպետը պատասխանեց այլ հարցերի ևս:
Արդեն ծրագրի երկրորդ փուլում, ինչպես տեղեկացրեց «Ուղղակի ժողովրդավարություն» հասարակական կազմակերպության նախագահ Գևորգ Քոթանջյանը, նախատեսում են դասընթացային փուլից անցում կատարել գործնականի: Երիտասարդները կազմակերպության ուղղորդմամբ մասնակից կդառնան մարզի համայնքներում առկա խնդիրների բարձրաձայնմանը, առաջնահերթությունների վերհանմանը՝ ազդեցություն ունեալով ՏԻՄ մարմինների կողմից կայացվելիք որոշումների վրա: