Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզում կիրականացվի «Ապագայի հմտություններ և մասնագիտություններ» ծրագիրը

29.07.2019

Հուլիսի 29-ին Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանն ընդունեց ՄԱԶԾ-ի Հայաստանյան գրասենյակի Կոլբա նորարարական լաբորատորիայի «Ապագայի հմտություններ և մասնագիտություններ» ծրագրի պատասխանատու Հասմիկ Սողոմոնյանին և ծրագրի այլ ներկայացուցիչների: Հանդիմանը մասնակցում էր նաև մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը:

Հյուրերը տեղեկացրեցին, որ հանրապետության 4 մարզում՝ այդ թվում և Լոռու մարզում, իրականացնում են «Ապագայի հմտություններ և աշխատատեղեր» մարզաբնակ երիտասարդների համար ծրագիրը, որը ֆինանսավորվում է Ռուսաստանի դաշնության կողմից և իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքաների նախարարության գործընկերությամբ:  Ինչպես ներկայացվեց, ծրագրի նպատակն է մարզաբնակ երիտասարդության համար ապահովել մրցունակ կայուն աշխատանքային հնարավորություններ՝ ինքնազբաղվածության և ձեռնարկատիրական հմտություններ զարգացնելու միջոցով: Հիմնվելով Սկոլկովոյի կառավարման դպրոցի «Ապագա մասնագիտությունների քարտեզ» հետազոտության վրա՝ Հայաստանում նույնպես կիրականացվի հեռանկարային և վերացող մասնագիտությունների կանխատեսում՝ հաշվի առնելով յուրաքանչյուր մարզի  ներուժը և զարգացման հնարավորությունները: Ծրագիրն իրականացվելու է հետազոտական, կրթական և պիլոտային թեստավորման բաղադրիչների համադրությամբ: Ծրագրի հետազոտական փուլը մոտենում է ավարտին. քարտեզագրվել են իրական աշխատաշուկայի ներուժը և թողունակությունը, աշխատաշուկայի հնարավոր պահանջարկը միջնաժամկետ ապագայի(մինչև 5 տարի) կտրվածքով, աշխատաշուկայի տեղական և գլոբալ զարգացումների հնարավոր սցենարներն ավելի երկարաժամկետ(մինչև 15 տարի) կտրվածքով:

Հիմնվելով հետազոտությունների արդյունքների և առաջարկների վրա՝ ծրագրի երկրորդ փուլում մշակվելու են անհրաժեշտ կարճաժամկետ և միջնաժամկետ աշխատատեղերին համապատասխան հմտությունների զարգացման ռազմավարություններ՝  ֆորմալ և ոչ ֆորմալ կրթական մոդուլների տեսքով, որոնք փորձարկվելու են մարզերում գործող բուհական մասնաճյուղերի, միջին մասնագիտական կրթական հաստատությունների և հասարակական   կազմակերպությունների միջոցով.

-Ծրագիրը նախատեսում է իրականացնել ապագա մասնագիտություններին միտված հմտությունների զարգացում նաև փոքր ծրագրերի աջակցության միջոցով: Դասընթացների մասնակիցներին և մարզերի երիտասարդ բնակչությանը հնարավորություն կտրվի մասնակցել ստարտափ մրցույթների և սկսել իրականացնել ապագայի պահանջարկին ուղղված ծրագրերն արդեն այսօր: Նախատեսված է նաև թիրախ մարզերում ստեղծել հետազոտական ռեսուրս կենտրոններ՝ երիտասարդների կրթությանը և նոր հմտությունների զարգացմանն աջակցելու նպատակով,-ասաց Հասմիկ Սողոմոնյանը:

Ողջունելով նախաձեռնությունը՝ Գ. Մարկոսյանը նշեց, որ մասնագիտական կողմնորշման խնդիրն, իրականում, բավականին լուրջ է մարզում, քանի որ մի կողմից ունենք աշխատատեղերի մի ստվար քանակ, մյուս կողմից՝ մեծ թվով գործազուրկներ: Հետևաբար, այս ուղղությամբ իրականացվող ծրագրերը, որոնք կբերեն առարկայական արդյունքի, միանշանակ արժանանում են մարզային իշխանությունների հավանությանը և աջակցությանը:

-Պատրաստ ենք աջակցելու անգամ ոչ ստանդարտ բնույթի այնպիսի ծրագրերի իրականացմանը, որոնք մեր երիտասարդներին հնարավորություն կտան ճիշտ կողմնորոշվելու  ապագա մասնագիտության ընտրության և հետագայում նաև՝ բարձր վարձատրությամբ աշխատանք գտնելու հարցում,-ասաց փոխմարզպետը:

Հյուրերը նշեցին նաև, որ օգոստոսի 12-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում նախատեսում են կազմակերպել «Հնարավորությունների տոնավաճառ», ինչը ևս ծրագրի իրականացմանը միտված ևս մեկ քայլ է՝ ակնկալելով նաև մարզպետարանի աջակցությունը կազմակերպչական որոշ հարցերում: Վերջինս ևս արժանացավ դրական արձագանքի:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53