Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Առողջապահության նախարարը և Լոռու մարզպետը ներկա գտնվեցին ինվազիվ սրտաբանության բաժանմունքում անցկացվող առաջին վիրահատությանը

29.07.2019

 Հուլիսի 27-ին Վանաձորի բժշկական կենտրոն են այցելել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը և ԱՆ բժշկական օգնության քաղաքականության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Լուսինե Քոչարյանը:
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի, առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Արթուր Մխիթարյանի և Վանաձորի բժշկական կենտրոնի տնօրեն Վահագն Մկրտչյանի ուղեկցությամբ նախարարը ներկա գտնվեց Վանաձորի բժշկական կենտրոնում հուլիսի 22-ից գործող ինվազիվ սրտաբանության բաժանմունքում անցկացվող առաջին վիրահատությանը: Ապա շրջեց Վանաձորի բժշկական կենտրոնում, տեղեկացավ ընթացիկ աշխատանքներին։
Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի շրջանակներում բժշկական կենտրոնը հագեցվել է ժամանակակից բժշկական սարքավորումներով, ամբողջությամբ կահավորված վիրասրահներով, տրամադրվել են ինտենսիվ թերապիայի և լաբորատորիայի համար նախատեսված սարքերով, գործում է հեմոդիալիզի ծառայությունը, ինչպես նաև հատկացվել է անգիոգրաֆ, համակարգչային շերտագրման սարք, բազմաֆունկցիոնալ թվային ռենտգեն համալիր, ուլտրաձայնային հետազոտման շարժական և ստացիոնար սարքեր, տրեդմիլ սարքը և հոլտեր համակարգ, որոնք նախկինում չեն եղել Լոռու մարզում: Այժմ նորագույն սարքերի շնորհիվ մարզի բնակիչները հնարավորություն ունեն տեղում ստանալու՝ ինչպես ախտորոշիչ, այնպես էլ ինվազիվ բուժական միջամտություններ:
Նախարարը շփվեց նաև հիվանդների հետ, որոնք ողջունեցին առողջապահական ոլորտում կատարվող բարեփոխումների առիթով, և շնորհակալություն հայտնեցին մարդակենտրոն քաղաքականության համար:
Այցը եզրափակվեց մարզային բժշկական հաստատությունների տնօրենների հետ հանդիպումով: Նախարարը խոսեց ընթացքի մեջ գտնվող և առաջիկայում ևս նախատեսվող մի շարք ծրագրերի մասին: Հարցուպատասխանի արդյունքում` տնօրենները ներկայացրեցին իրենց մտահոգությունները և առաջարկները:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53