Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Դարպաս, Գուգարք, Շահումյան, Լերմոտովո, Անտառաշեն համայնքներում՝ ներկայացվեցին առաջիկայում նախատեսվող համայնքների խոշորացման ծրագրերը
26.07.2019
Հուլիսի 25-ին Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը և մարզպետարանի մի խումբ պատասխանատու պաշտոնյաներ հանդիպում-քննարկումներ անցկացրեցին Գուգարքի տարածաշրջանի Դարպաս, Գուգարք, Շահումյան, Լերմոտովո, Անտառաշեն համայնքներում՝ այդպիսով ամփոփելով խոշորացման ծրագրերի վերաբերյալ համայնքներում իրականացվելիք իրազեկման աշխատանքների առաջին փուլը:
Այս համայքներում ևս պաշտոնյաները հանգամանալի տեղեկատվություն ներկայացրեցին գործընթացի վերաբերյալ՝ անդրադառնալով գործընթացի դրական կողմերին:
Համայնքների բնակիչների՝ միավորման գործընթացի վերաբերյալ կողմ և դեմ կարծիքների, առկա ռիսկերի և դրական կողմերի վերաբերյալ հարցերի առնչությամբ պաշտոնյաները տեղեկացրեցին, որ գործընթացի արդյունքում շահում են հատկապես փոքր համայնքները, որոնց բյուջեն ներկայում հազիվ բավականացնում է աշխատավարձերի վճարմանը և գյուղապետարանի շենքի պահպանությանը:
Նշվեց, որ ավարտին հասցնելով այս գործընթացը՝ բարեփոխումների հաջորդ քայլը կլինի լիազորությունների խոշորացումը:
Ամփոփելով հանդիպումները՝ փոխմարզպետ Գայանե Մարկոսյանը և Ա. Գիլոյանը նշեցին, որ քննարկումների արդյունքները կներկայացնեն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին և Լոռու մարզպետին:
Մինչև գործընթացը սկսելը կկազմակերպվեն այլ հանդիպումներ ևս: