Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Գուգարքի տարածաշրջանի համայնքներում հիմնականում կողմ են խոշորացման գործընթացին

25.07.2019

Հուլիսի 24-ին Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը և մարզպետարանի մի խումբ պատասխանատու պաշտոնյաներ հանդիպում-քննարկումներ անցկացրեցին Գուգարքի տարածաշրջանի Փամբակ, Քարաբերդ, Վահագնաձոր, Եղեգնուտ, Վահագնի, Անտառամուտ, Ձորագյուղ, Ձորագետ համայքներում՝ շարունակելով ներկայացնել առաջիկայում նախատեսվող համայնքների խոշորացման ծրագրերը, հարցի վերաբերյալ ՀՀ կառավարության նախնական մոտեցումները և խոշորացման ծրագրի դրական փորձը:
Հանդիպումների շարքը սկսվեց Փամբակ, ապա նաև շարունակվեց մյուս համայնքներում՝ ավագանու անդամների, համայնքների աշխատակազմերի, ակտիվ բնակչության:
Փոխմարզպետ Գայանե Մարկոսյանն իր խոսքում նշեց, որ 2016թ. 7 համայնքի խոշորացման արդյունքում ձևավորվել է Թումանյան համայնքը, իսկ 2017թ.-ին՝ 61 համայնքի խոշորացման արդյունքում ձևավորվել է 10 համայնքային փունջ: Ներկայում մարզում 56 համայնք կա, որոնցից 49-ը բացառապես գյուղական բնակավայրերից են ձևավորված, իսկ 7-ը նաև քաղաքային բնակավայրեր են ընդգրկում:
-Այս փուլում նախատեսվում է 45 համայնքների խոշորացման արդյունքում ձևավորել 11 համայնքային փունջ և 2-համայնք՝ Մարգահովիտը և Ֆիոլետովոն չեն խոշորացվի,-ասաց Գ. Մարկոսյանը՝ առաջարկելով կառուցողական քննարկումներ ծավալել և պատրաստակամություն հայտնեց պատասխանելու բոլոր հարցերին:
Անդրադառնալով ծրագրի կարևորությանը և անհրաժեշտությանը՝ փոխմարզպետը նշեց, որ ներկա դրությամբ գյուղական համայնքներից շատերում պետության կողմից տրված դոտացիան մի քանի անգամ գերազանցում է համայնքների սեփական եկամուտները, իսկ ամբողջ գումարի շուրջ 50-60 տոկոսը, երբեմն նաև ավելին, տրվում է՝ որպես աշխատավարձ: Այս դեպքում համայնքներն ի զորու չեն լինում զարգացման ծրագրեր իրականացնելու, անգամ մասնակցություն ունենալու պետության կողմից առաջարկվող սուբվենցիոն ծրագրերին: Դրա վառ ապացույցն էր նաև, որ այդ օրը այցելած որևէ համայնքում այս տարի սուբվենցիոն ծրագիր չի իրականացվում:
Ա. Գիլոյանն իր հերթին ներկայացրեց նախորդ տարիներին իրականացված խոշորացման ծրագրերի դրական արդյունքը՝ նշելով, որ արդեն բարեփոխումների հաջորդ փուլում նախատեսվում է իրականացնել նաև լիազորությունների խոշորացում: Համայնքները կտիրապետեն ավելի շատ ֆինանսական միջոցների, խոշոր ներդրումային ծրագրեր իրականացնելու հնարավորություն կունենա, առավել շատ թվով և խոշոր սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու հնարավորություն կստեղծվի, վարչական ապարատում կընդգրկվեն ավելի որակյալ կադրեր և այլն: Գուգարքի տարածաշրջանի համայնքներում հիմնականում կողմ էին խոշորացման գործընթացին՝ լիահույս, որ արդյուքում համայնքները զարգացում կապրեն:
Բնակիչների մտավախությանն ի պատասխան՝ վարչության պետը նշեց, որ խոշորացվող համայնքները կունենա վարչական ղեկավարեր, ավագանու կազմում ընդգրկված ավագանիներ, որոնք կբարձրաձայնեն բնակավայրերի խնդիրները, բացի այդ կկարգավորեն փաստաթղթերի տրամադրման հարցը և բնակիչները անհրաժեշտություն չեն ունենա կենտրոն գնալու:
Գայանե Մարկոսյանը և Ա. Գիլոյանը պատասխանեցին նաև բնակիչների կողմից առաջադրված հարցերին, լսեցին նրանց դիրքորոշումը:
Փոխմարզպետն ականջալուր դարձավ նաև բնակիչներին հուզող մի շարք հարցերին, որոնք առնչվում էին ինչպես համայնքային, այնպես էլ՝ անձնական մի շարք խնդիրների: Աշխատատեղերի բացակայության պատճառով համայնքների մեծ մասում առկա սոցիալական խնդիրներին ի պատասխան փոխմարզպետը նշեց, որ հատկապես Գուգարքի տարածաշրջանի չքնաղ բնությունը հնարավորություն է տալիս զբոսաշրջային ծրագրեր իրականացնել: Օրինակ Վահագնաձոր համայնքում արդեն այդպիսի մի ծրագիր է իրականացվում. ակտիվ բնակիչների ջանքերով վարձակալվել է համայնքի՝ անգործության մատնված մանկապարտեզի շենքը և հիմնվել տուրիստական հանգրվան՝ «Էկո Լոռի» անվամբ: Իսկ Քարաբերդ համայնքում ակտիվ երիտասարդներից կազմված նախաձեռնող խումբը տուն է գնել և նախատեսում է այն օթևանատուն դարձնել զբոսաշրջիկների համար: Այս նախաձեռնությանը միացել է նաև մարզպետ Անդրեյ Ղուկասյանը: Անտառամուտ համայնքն էլ հպարտանում էր իր փոքրիկ ջրվեժով, որը կոչել են «Անտառամուտի Թռչկան» ու դարձյալ ծրագրում են այն հանգստի գոտի դարձնել:
-Մարզպետարանը պատրաստ է աջակցել ակտիվություն և նախաձեռնողականություն ցուցաբերող երիտասարդներին նրանց ծրագրերը կյանքի կոչելու համար,-ասաց Գ. Մարկոսյանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36