Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ճանաչողական այցով Լոռու մարզում էր ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությունը

23.07.2019

Այսօր Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ընդունեց ճանաչողական այցով Լոռու մարզ ժամանած Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան, նորին գերազանցություն Սերգեյ Կոպիրկինին: Վերջինիս ուղեկցում էին ՌԴ առևտրի հարցերով ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոն, դեսպանատան մշակութային և հումանիտար համագործակցության խորհրդատու Սվետլանա Կոսինչիկովան, մամլո կցորդ Ալեքսանդր Գուչկովը:

Հանդիպմանը ներկա էին նաև մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը, խորհրդական Լևոն Ասլանյանը և օգնական Ռուբեն Խանզադյանը:

Մարզպետ Ա. Ղուկասյանը, ողջունելով հյուրերին և շնորհակալություն հայտնելով այցելության համար, հակիրճ ներկայացրեց Լոռու մարզի տնտեսական պոտենցիալը, մարզի զարգացման ռազմավարական ուղղություները, մշակութային արժեքները, դեմոգրաֆիկ պատկերը: Ընդգծելով հայ-ռուսական դարավոր բարեկամությունը՝ մարզի ղեկավարը կարևորեց հատկապես սերտ համագործակցությունը միջռեգիոնալ մակարդակում:

-Մարզում ունենք քաղաքներ, որոնք սերտորեն համագործակցում են Ռուսաստանի Դաշնության քաղաքների հետ, այսպես ասած՝ քույր քաղաքներ են հանդիսանում, սակայն միջռեգիոնալ համագործակցություն, որպես այդպիսին, առայժմ հաստատված չէ,-ասաց Ա. Ղուկասյանը:

Տանտերերին շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ պարոն դեսպանն ասաց, որ այցը Լոռու մարզ ճանաչողական է և նպատակ ունի անմիջականորեն ծանոթանալու տարածաշրջանին, նրա ղեկավարությանը, համագործակցության հնարավորություններին: Նա հույս հայտնեց, որ այսուհետ առիթ կունենան ավելի հաճախ այցելելու Լոռի, կփորձեն էլ ավելի ընդլայնել ու ամրապնդել փոխշահավետ համագործակցության հիմքերը, կաշխատեն դեսպանատան միջնորդական հնարավորությունները գործադրել մարզում ռուսական կապիտալի ներդրումների, զբոսաշրջության ծավալման և այլ համատեղ ծրագրերի իրականացման համար: Նա նաև ընդգծեց, որ առավել հանգամանորեն կքննարկեն միջռեգիոնալ համագործակցության հնարավորությունները:
Այցի շրջանակներում Լոռու մարզպետի և մարզպետարանի պաշտոնյաների ուղեկցությամբ հյուրերը եղան նաև Գեղագիտության ազգային կենտրոնի Վանաձորի մասնաճյուղում:

Այստեղ, տնօրեն Կարինե Գլոյանի ներկայացմամբ, նրանք ծանոթացան վանաձորցի գեղանկարիչ Խաչիկ Ղարաբեկյանի 80-ամյակին նվիրված ցուցահանդեսում տեղ գտած աշխատանքներին, ապա շրջեցին կենտրոնի կարպետագործության, տիկնիկագոծության, ձեռագործության, նկարչության խմբակներում: Դեսպանատան ներկայացուցիչներն առանձնակի հետաքրքրություն ցուցաբերեցին կենտրոնի սաների ձեռքի աշխատանքների նկատմամբ՝ ցանկություն հայտնելով ներկա գտնվելու Երևանում սեպտեմբերի վերջին կազմակերպվելիք ցուցահանդեսին: Կ. Գլոյանը, օգտվելով առիթից, երեխաների ձեռագործ աշխատանքներից մեկը նվիրեց դեսպանին:

Այցելություն կատարվեց նաև Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն, որտեղ տնօրեն Պատվական Հախինյանի ուղեկցությամբ նրանք շրջեցին կենտրոնում, ծանոթացան այստեղ ստեղծված պայմաններին, տարվող աշխատանքներին:

Պ. Հախինյանը տեղեկացրեց, որ 2016թ.-ի վեր կենտրոնում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ուսուցում է անցել ավելի քան 5000 մասնակից: Կենտրոնի նպատակը բարենպաստ բիզնես միջավայրի ստեղծումն է տեխնոլոգիական ընկերությունների համար: Կենտրոնն օգնում է սկսնակ ընկերություններին, տեխնոլոգիական թիմերին իրենց գաղափարները վերածել հաջողակ բիզնեսի: Տնօրենի ներկայացմամբ՝ կենտրոնը համագործակցում է մի շարք արտասահամանյան ընկերությունների հետ: Այս առումով փոքր-ինչ կաղում է գործակցությունը ռուսական ընկերությունների հետ, թեև մեծ ցանկություն կա ընդլայնելու այն: Նա այս առումով կարևորեց նաև դեսպանատան գործուն աջակցությունը: Մարզի ղեկավարի կողմից առաջարկվեց համատեղ բիզնես ֆորումի կազմակերպումը, ինչը  հետագա համագործակցության ընդլայնման համար նպաստավոր միջավայր կստեղծի:

Վերջին կանգառը «Սարտոն» կարի ֆաբրիկան էր: Այստեղ հյուրերը ծանոթացան ֆաբրիկայի գործունեությանը, արտադրական հնարավորություններին: Ֆաբրիկան ներկայում ունի 360 աշխատակից, սակայն պատվերների առկայության դեպքում, ունի ընդլայնվելու հնարավորություն: Ինչպես նշվեց, «Սարտոնը» ներկայում կատարում է իտալական ընկերության պատվերները, սակայն մեծ ցանկություն ունի աշխատելու նաև ռուս գործընկերների հետ: Դեսպանատան ներկայացուցիչները պատրաստակամություն հայտնեցին դիտարելու նաև այդ հնարավորությունը:

Մարզպետ Ա. Ղուկասյանն իր հերթին նշեց, որ մարզային իշխանությունները պատրաստակամ են տեղի գործարարներին աջակցելու և նրանց համար զարգացման լայն հեռանկարներ ստեղծելու հարցում և այդ նպատակի համար անում են ամեն հնարավորինը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53