Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարգահովիտ համայնքում Հայաստանում առաջին անգամ անցկացվեց Հապալասի փառատոն
22.07.2019

«ԷՅ ԹԻ ՓԻ» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ Լոռու մարզի Մարգահովիտ համայնքում Հայաստանում առաջին անգամ անցկացվեց Հապալասի փառատոն: Փառատոնի նպատակն էր տարածել հապալասի մշակումը, ինչպես նաև ներկայացնել էկոտուրիզմի հնարավորություններն այդ շրջանում: Միջոցառմանն աջակցում էր Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը և Արեգակ ունիվերսալ վարկային կազմակերպությունը:
Փառատոնին իրենց մասնակցությունն էին բերել Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը, մարզպետարանի պաշտոնյաներ,Եվրոպական միության դեսպան Պյոտր Սվիտալսկին, ԱԺ պատգամավորներ, բազմաթիվ հյուրեր, զբոսաշրջիկներ:
Փառատոնի ընթացքում անցկացվեց տոնավաճառ, որտեղ ցուցադրվեցին գյուղմթերքներ և ձեռագործ աշխատանքներ,անցկացվեցին տարբեր միջոցառումներ՝ ներառյալ հապալասի աճեցման դասընթաց, ինտերակտիվ բնապահպանական խաղեր, թռչնադիտում, քայլարշավ անտառում՝ համեմված կենդանի երաժշտությամբ, համեղ սննդով և իհարկե հյութեղ հապալասով:
Փառատոնի բացման առիթով ողջույնի խոսքով հանդես եկավ Գայանե Մարկոսյանը` կարևորելով նմանատիպ միջոցառումները հատկապես զբոսաշրջության զարգացման, չքնաղ Լոռին և մարզի բարիքներն աշխարհին ճանաչելի դարձնելու առումով: Նա նշեց, որ
Լոռու մարզպետարանը պատրաստակամ է աջակցել մարզի հեղինակությունը և ճանաչելիությունը բարձրացնող փառատոների կազմակերպման հարցում ու փառատոներն անցկացնել կազմակերպիչների ու մասնակիցների հետ:
ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին և Գայանե Մարկոսյանը տնկեցին հապալասի առաջին թուփը: