Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատանքային այցը Լոռու մարզ

22.07.2019

 Հուլիսի 21-ին և 22-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով Լոռու մարզում էր:
Նախագահ Արմեն Սարգսյանին Ստեփանավանի նախկին օդանավակայանի տարածքում դիմավորեցին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ու Ստեփանավանի համայնքի ղեկավար Միքայել Ղարաքեշիշյանը, վարչական տարածքների ղեկավարները: Նախագահ Ա. Սարգսյանը եղավ Ստեփանավանում կառուցված ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի հուշարձան-կոթողում, ծաղիկներ խոնարհեց անվանի դերասանի հուշարձանին, մասնակցեց երաժշտական փոքրիկ միջոցառմանն ու զրուցեց հանդիպման եկած բնակիչների հետ: Արմեն Սարգսյանը մարզպետի ուղեկցությամբ շրջեց Լոռի Բերդ համայնքի վարչական տարածքում գտնվող համանուն ամրոցի տարածքում, մանրամասն ծանոթացավ բերդի կառուցման պատմությանն ու հետագա ճակատագրին, վերջին տարիներին իրականացված շինարարական աշխատանքներին: Ամրոց տանող ճանապարհն ամբողջությամբ հիմնանորոգվում է, ինչը կարող է նպաստել զբոսաշրջության զարգացմանն ու հարակից համայնքների ներքին կյանքի աշխուժացմանը: Գյուլագարակ համայնքում գործող բուսաբանական այգին (դենդրոպարկ) մարզի ինչպես առողջարանային, այնպես էլ զբոսաշրջային լուրջ կենտրոններից մեկն է: Կարճատև զբոսանքից հետո նախագահ Արմեն Սարգսյանը եղավ Գյուլագարակի մանկապարտեզում:
Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելեց Օձունի վանական համալիր, որը միջնադարի հայ ճարտարապետության աչքի ընկնող հուշարձանախմբերից է:
Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի ուղեկցությամբ նախագահ Սարգսյանը շրջեց վանական համալիրի տարածքում։
Համալիրն աչքի է ընկնում ճարտարապետական արժեքավոր հուշարձաններով և որմնանկարներով: Այն եղել է միջնադարյան Հայաստանի կարևոր գրչօջախներից և մշակութային կենտրոններից մեկը:
Հանրապետության նախագահը եկեղեցում գտնվող մյուս հավատացյալների հետ միասնական աղոթք հնչեցրեց և մոմ վառեց։ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը Հովհաննես Օձնեցի կաթողիկոսի մասին պատմող գիրք նվիրեց նախագահին։ Հովհաննես Օձնեցին Ամենայն հայոց կաթողիկոս է եղել 717 -728 թթ., Հայ առաքելական եկեղեցու կողմից դասված է սրբերի շարքը։
Նախագահ Սարգսյանը զրուցեց նաև վանական համալիր այցելած օտարերկրյա զբոսաշրջիկների հետ, հետաքրքրվեց նրանց տպավորություններով և հորդորեց այցելել նաև Հայաստանի այլ պատմամշակութային վայրեր:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելեց Գյուլագարակ համայնքի մանկապարտեզ: Դեռևս 2018թ. դեկտեմբերին Հանրապետության նախագահի աշխատակազմի կողմից մանկապարտեզին տրամադրվել էր 1 մլն դրամ՝ գույքի ձեռքբերման համար:

Նախագահը շրջեց մանկապարտեզում, ծանոթացավ պայմաններին, զրուցեց աշխատակիցների հետ: Վերջիններս իրենց երախտագիտությունը հայտնեցին Հանրապետության նախագահին ցուցաբերած աջակցության համար:

Նախագահն անմիջական զրույցի միջոցով շփվեց նաև մանկապարտեզի սաների հետ, հետաքրքրվեց նրանց նախասիրություններով: Երեխաները նախագահին ներկայացրեցին իրենց երգն ու պարը և հմտությունները:
Նախագահ Սարգսյանը նաև հանդիպեց և ջերմ զրույց ունեցավ Գյուլագարակ համայնքի բնակիչների հետ:
Արմեն Սարգսյանն այցելեց անվանի արձակագիր Հրանտ Մաթևոսյանի ծննդավայր՝ Ահնիձոր գյուղ: Նախագահ Սարգսյանը հյուրընկալվեց Հրանտ Մաթևոսյանի հայրական տանը, որտեղ ներկայումս բնակվում է նրա եղբայրը՝ Համո Մաթևոսյանը: Նախագահ Սարգսյանը գրողի եղբոր և որդու՝ Դավիթ Մաթևոսյանի ուղեկցությամբ շրջեց տանը, Մաթևոսյանի հեռակա մասնակցությամբ սեղան նստեց ու հաց կիսեց գրողի հարազատների հետ: Զրույցի ընթացքում Արմեն Սարգսյանն ու Մաթևոսյանները հետաքրքիր պատմություններ հիշեցին Հրանտ Մաթևոսյանի կյանքից, ուշագրավ դրվագներ պատմեց, անդրադարձավ նրա ստեղծագործություններին։ Նախագահը նշեց, որ իր համար մեծ պատիվ է լինել այն օջախում, որտեղ հանճար է ծնվել, և որտեղից հոգևոր սնունդ են ստացել Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործությունները:

Հանրապետության նախագահը, բարձր գնահատելով Հրանտ Մաթևոսյանի գործերը, ասաց, որ դրանք այսօր էլ արդիական հնչողություն ունեն։
Դավիթ Մաթևոսյանը, ով «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամի տնօրենն է, ներկայացրեց հիմնադրամի գործունեությունը: Կարևորելով մեծ գրողի թողած գրական ժառանգության վերաիմաստավորումը և նշելով, որ 2020 թվականին լրանում է Հրանտ Մաթևոսյանի 85-ամյակը՝ նա անդրադարձավ նաև Երևանում գտնվող «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանի խնդիրներին: Ի հիշատակ Հանրապետության նախագահի այցի՝ Հրանտ Մաթևոսյանի եղբայրը Արմեն Սարգսյանին է նվիրեց գրողի երկհատորյակը։ Արմեն Սարգսյանն ասաց, որ ոգևորված ու հարստացած է հեռանում Մաթևոսյանների օջախից՝ իր հետ տանելով հաճելի հիշողություն և մի հրաշալի կտոր մաթևոսյանական աշխարհից:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելեց նաև Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդավայր՝ Դսեղ:

Նախագահը ծաղիկներ է դրեց հայ մեծանուն բանաստեղծի կիսանդրուն, այցելեց հարևանությամբ գտնվող մատուռ, որտեղ ամփոփված է Թումանյանի սիրտը։
Նախագահը շրջեց Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում: Նա ծանոթացավ գրողի կյանքն ու գործունեությունը ներկայացնող ցուցանմուշներին: Նախագահը հետաքրքրվեց թանգարանի հետագա ծրագրերով:
Դսեղ այցելության ընթացքում նախագահ Սարգսյանը զրուցեց գյուղացիների հետ, այցելեց գյուղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի(5-7-րդ դարեր)։
Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում հուլիսի 21-ին մարզպետ Անդրեյ Ղուկասյանի ուղեկցությամբ Արմեն Սարգսյանը հյուրընկալվեց Հայ առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդարանում։ Թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը ներկայացրեց շենքի պատմությունը (1895 թվականին կառուցված այս շենքը եղել է հայազգի մեծահարուստ Թայիրովի ամառանոցը), պատմեց Գուգարաց թեմի աշխատանքների և իրականացվող ծրագրերի մասին։
Այնուհետև Հանրապետության նախագահը և արքեպիսկոպոս Չուլջյանն այցելեցին Գուգարաց թեմի «Ծիծեռնակ» ճամբար, որն այս օրերին Վանաձորում է համախմբել Շիրակի մարզի, Ջավախքի, Ալավերդու ու Ստեփանավանի մի խումբ դպրոցականների։
Ճամբարականները հյուրերին դիմավորեցին ազգային երգ ու պարով։։ Արմեն Սարգսյանը շրջեց ճամբարում, ծանոթացավ պայմաններին, զրուցեց երեխաների հետ։
Վանաձորի կարկտապաշտպան ցանցերի և դրանց տեղադրման համակարգերի արտադրության ոլորտում մասնագիտացած «ՎԱԲԱ» ընկերություն այցելելով՝տնօրեն Արմեն Ղարաջյանի ուղեկցությամբ նախագահը շրջեց գործարանում, ծանոթացավ արտադրական հզորություններին, կիրառվող տեխնոլոգիաներին ու արտադրանքին։ Նշվեց, որ գործարանը հագեցած է իտալական սարքավորումներով, օգտագործվում են իտալական բարձրակարգ հումք և տեխնոլոգիաներ։ Արտադրվող ցանցերը բերքը պաշտպանում են ոչ միայն կարկտից, այլև՝ թռչուններից, միջատներից, նաև ջերմաստիճանը պահպանելու հատկություն ունեն։ Ներկայացնելով արտադրության ծավալները, ընդլայնմանն ու արտահանմանն ուղղված ծրագրերը՝ ընկերության ներկայացուցիչները միաժամանակ նշեցին, որ հայաստանյան շուկայում դեռևս արտադրանքի իրացման խնդիր, ինչպես նաև սուբսիդավորման կարիք ունեն։
Շրջայցից հետո պատասխանելով լրագրողների հարցերին՝ նախագահ Սարգսյանն ասաց, որ գործարանի արտադրանքը պարզապես հակակարկտային ցանց չպետք է դիտել, այն բավականին համալիր պաշտպանական նշանակություն ունի այգիների համար։
«Սա ժամանակակից տեխնոլոգիա է, որը կիրառվում է ամբողջ աշխարհում։ Սրանք պաշտպանում են ոչ միայն կարկտից, այլև համապատասխան միկրոկլիմա են ձևավորում։ Ստեղծվել է ժամանակակից արտադրություն, որը կարող է նաև արտադրանքն արտահանել, բայց ափսոս է Հայաստանում արտադրված լավ արտադրանքը չօգտագործել մեր երկրում, մանավանդ հարավում՝ Արարատյան դաշտից սկսած, որտեղ այգիները պաշտպանության կարիք ունեն»,-ասաց նախագահը՝ ավելացնելով, որ պետք է խրախուսել մարդկանց օգտվել մեր իսկ երկրում արտադրված տեխնոլոգիական արտադրանքից, որն իսկապես օգտակար է լինելու հենց գյուղացիական տնտեսությունների համար։ Նա միաժամանակ պատրաստակամություն հայտնեց հնարավորինս աջակցություն ցուցաբերել ընկերությանը։
Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի վերջին կանգառը
Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում էր, ուր Նախագահը մարզպետ Անդրեյ Ղուկլասյանի և Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի ուղեկցությամբ ծանոթացավ կենտրոնի գործունեությանը։ Վերջինիս ներկայացուցիչ Պատվական Հախինյանը նշեց, որ կենտրոնի նպատակը բարենպաստ բիզնես միջավայրի ստեղծումն է տեխնոլոգիական ընկերությունների համար: Կենտրոնն օգնում է սկսնակ ընկերություններին, տեխնոլոգիական թիմերին իրենց գաղափարները վերածել հաջողակ բիզնեսի: Հանրապետության նախագահը շրջայց կատարեց կենտրոնի տարածքում, զրուցեց դասընթացների մասնակից երեխաների հետ, այնուհետև հանդիպեց կենտրոնում տեղակայված ընկերությունների ներկայացուցիչների հետ, հետաքրքրվեց նրանց գործունեությամբ, ինչպես նաև պատասխանեց նրանց հարցերին։
Նախագահը նրանց կոչ արեց ավելի մասշտաբային մտածել․ «Իմ կոչը ձեզ հետևյալն է՝ մտածեք մեծ։ Որքան փոքր մտածենք, այնքան փոքր ենք զարգանալու։ Հետևաբար՝ գոյատևելու ենք, ոչ թե հաղթելու։ Սա շատ էական է,- ընդգծեց նախագահը։- Ձեր ստեղծագործական կյանքում մեծ մտածեք, մի վախեցեք անհաղթահարելի կամ դժվար թվացող խնդիրներին դեմ հանդիման կանգնելուց, փորձեք դրանք լուծել։ Քսանմեկերորդ դարում աշխարհն արագ փոխվում է, և ով դա չի նկատում՝ ուշանալու է»։
Նշելով, որ գիտությամբ, տեխնոլոգիաներով զբաղվելը կարևոր է և հետաքրքիր՝ նախագահ Սարգսյանը երիտասարդ ձեռներեցներին հորդորեց սիրել ու բավականություն ստանալ այն աշխատանքից, որը նրանք կատարում են։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-25 17:20:52