Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվեցին առողջապահական մի շարք խնդիրներ

19.07.2019

Հուլիսի 18-ին Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության նախաձեռնությամբ մարզպետարանի դահլիճում անցկացվեց խորհրդակցություն մարզի առողջապահական հիմնարկների ղեկավարների մասնակցությամբ:

Խորհրդակցության ընթացքում վարչության պետ Արթուր Մխիթարյանն անդրադարձավ իմունոկանխարգելման խնդիրներին և իմունիզացիայի գործընթացի կազմակերպմանը մարզի տարածքում: Նա մտահոգություն հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունում, այդ թվում և՝ Լոռու մարզում, գործընթացի հետ կապված նվազման միտում է նկատվում, ինչն առավելապես պայմանավորված է աշխարհում լայն տարածում գտած հակավակցինացիոն քարոզչական ակցիաներով:

-Սա անցանկալի երևույթ է, որովհետև անհրաժեշտ պատվաստումներ չիրականացնելու դեպքում կարող է առաջանալ համաճարակների վտանգ: Պատվաստումը պետական ծրագիր է, իրականացվում է անվճար՝ նպատակ ունենալով կանխարգելելու մի շարք հիվանդություններ,- իր խոսքում նշեց Ա. Մխիթարյանը՝ կոչ անելով մարզի բնակչությանը իրականացնելու բոլոր պլանային և արտապլանային պատվաստումները: Նա հորդորեց նաև բուժաշխատողներին անհատական բացատրական աշխատանքներ իրականացնել բնակչության շրջանում: Խնդրի կարևորությանն անդրադարձավ նաև հիվանդությունների վերահսկողության և կանխարգելման ազգային կենտրոնի «Լոռի» մասնաճյուղի տնօրեն Անժելա Հովհաննիսյանը:

Օրակարգի երկրորդ հարցը վերաբերում էր բուժծառայությունների որակի բարձրացմանը և վճարովի ծառայությունների մուտքերի ավելացմանը:

Խորհրդակցության ընթացքում վարչության պետն անդրադարձավ նաև Հայ օգնության ֆոնդի առողջապահական ծրագրերի ղեկավարի հետ իր հանդիպմանը՝ տեղեկացնելով, որ մարզպետարանի հետ համագործակցության արդյունքում կազմակերպությունը պատրաստ է անվճար վերապատրաստման դասընթացներ իրականացնել մարզի բուժաշխատողների համար՝ միաժամանակ վճարելով նաև կրթաթոշակ: Ա. Մխիթարյանը հորդորեց օգտվել ընձեռված հնարավորությունից:

Քննարկվեցին նաև ոլորտային այլ հարցեր:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36