Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հուլիսի 22-ից Վանաձորի բժշկական կենտրոնում կսկսի գործել ինվազիվ սրտաբանության բաժանմունքը
19.07.2019
Հուլիսի 22-ից Վանաձորի բժշկական կենտրոնում կսկսի գործել ինվազիվ սրտաբանության բաժանմունքը, կիրականացվի սրտի անոթների զոնդավորում և ստենդավորում:
-Մարզի քաղաքացիներն այլևս անհրաժեշտություն չեն ունենա մեկնելու Երևան, ինչն իր հերթին լրացուցիչ ծախսեր է ենթադրում: Բացի այդ, դրա հիման վրա մարզին լրացուցիչ տրամադրվել է պետպատվեր՝ ինվազիվ սրտաբանության համար, որից օգտվելու հնարավորություն կունենան անապահովության նպաստ ստացող քաղաքացիները, հաշմանդամության խումբ ունեցողները, զինծառայողները, նրանց ընտանիքի անդամները և նրանց հավասարեցված անձինք: Գործելու է նաև «Ստենդ ֆոր լայֆ ծրագիրը»,- ասում է մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Արթուր Մխիթարյանը:
Վարչության պետի տեղեկացմամբ, ինվազիվ սրտաբանության ծառայությունները մարզի հանրությանը կմատուցի Երևանից ժամանած, արտասահմանյան կլինիկաներում վերապատրաստումներ անցած բարձրակարգ մասնագետ և Վանաձորի բժշկական կենտրոնից վերապատրաստումներ անցած ևս մեկ մասնագետ: Հետագայում, բաժանմունքի գործունեության ընթացքում նրանց կազմը կհամալրվի նոր մասնագետներով:
Վանաձորի բժշկական կենտրոնի պետպատվերի գումարը այս և մի քանի այլ ծառայությունների հաշվին ավելացել է 276 մլն դրամով՝ կազմելով մոտ 1 մլրդ 350 մլն դրամ: Այդ ծառայությունների թվում են՝ մինչև 18 տարեկան երեխաների բուժսպասարկումը, սոցանապահովության համակարգում ընգրկված քաղաքացիների բուժումը, դժվարամատչելի հետազոտությունները և շտապօգնությանը տրվող պետպատվերը, քանի որ շուտով Վանաձորում կգօրծի շտապօգնության 5-րդ բրիգադը:
-Սա աննախադեպ աճ է մարզի համար: Դա նշանակում է, որ Վանաձորի բժշկական կենտրոնը լավ է կատարում իր առջև դրված պարտավորությունները և կարողանում է ապահովել նման հոսքերի բարձրակարգ բուժսպասարկումը,-ասում է վարչության պետը: