Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Համայնքների խոշորացման ծրագրերը ներկայացվեցին Լեռնապատ, Հալավար, Նոր Խաչակապ, Ղուրսալի, Քարաձոր և Արևաշող համայնքներում

15.07.2019

 Հուլիսի 12-ին ևս Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը և մարզպետարանի մի խումբ պատասխանատու պաշտոնյաներ շարունակեցին հանդիպում-քննարկումները Սպիտակի և Գուգարքի տարածաշրջանների համայնքներում: Նրանք Լեռնապատ, Հալավար, Նոր Խաչակապ, Ղուրսալի, Քարաձոր և Արևաշող համայնքներում խորհրդակցություններ անցկացրեցին ավագանու անդամների, համայնքների աշխատակազմերի, ակտիվ բնակչության հետ:
Փոխմարզպետ Գայանե Մարկոսյանն իր խոսքում նշեց, որ 2016թ. 7 համայնքի խոշորացման արդյունքում ձևավորվել է Թումանյան համայնքը, իսկ 2017թ.-ին՝ 61 համայնքի խոշորացման արդյունքում ձևավորվել է 10 համայնքային փունջ: Ներկայում մարզում 56 համայնք կա, որոնցից 49-ը բացառապես գյուղական բնակավայրերից են ձևավորված, իսկ 7-ը նաև քաղաքային բնակավայրեր են ընդգրկում: Նա տեղեկացրեց, որ այս փուլում նախատեսվում է 45 համայնքների խոշորացման արդյունքում ձևավորել 13 համայնքային փունջ:
Գայանե Մարկոսյանն իր խոսքում անդրադարձավ խոշորացման ծրագրի կարևորությանը՝ մատնաշելով այն բոլոր առավելությունները, որոնք կարող են ունենալ համայնքները՝ ընդգրկվելով խոշորացվող համայնքների կազմում:
- Ներկա դրությամբ գյուղական համայնքներից շատերում պետության կողմից տրված դոտացիան մի քանի անգամ գերազանցում է համայնքների սեփական եկամուտները, իսկ ամբողջ գումարի շուրջ մեծ մասը տրվում է՝ որպես աշխատավարձ: Այս դեպքում համայնքների զարգացման մասին խոսելն անգամ ավելորդ է դառնում,- ասաց փոխմարզպետը:
Ա. Գիլոյանը ներկայացրեց նախորդ տարիներին իրականացված խոշորացման ծրագրերի դրական արդյունքը՝ նշելով, որ արդեն բարեփոխումների հաջորդ փուլում նախատեսվում է իրականացնել նաև լիազորությունների խոշորացում:
-Տեղական ինքնակառավարումը կառավարության բացառիկ լիազորությունն է, և այս փուլում կառավարությունն, իրականացված վերլուծությունների արդյունքում, նպատակահարմար է գտել գնալու հանրապետության նաև մյուս համայնքների խոշորացմանը,-ասաց նա՝ հավելելով, որ արդյունքում համայնքները կտիրապետեն ավելի շատ ֆինանսական միջոցների, խոշոր ներդրումային, սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու հնարավորություն կունենա, վարչական ապարատում կընդգրկվեն ավելի որակյալ կադրեր և այլն:
Բնակիչների մտավախությանն ի պատասխան՝ վարչության պետը նշեց, որ խոշորացվող համայնքները կունենա վարչական ղեկավարներ, ավագանու կազմում ընդգրկված ավագանիներ, որոնք կբարձրաձայնեն բնակավայրերի խնդիրները, բացի այդ կկարգավորեն փաստաթղթերի տրամադրման հարցը և բնակիչները անհրաժեշտություն չեն ունենա կենտրոն գնալու:
Նա նաև մատնանշեց նվազագույն այն քայլերը, որոնք իրականացնում է պետությունը խոշորացման գործընթացից անմիջապես հետո. նախ՝ կառուցվում են քաղաքացիական սպասարկման գերժամանակակից գրասենյակներ և երկրորդ՝ Տարածքային զարգացման հիմնադրամը խոշորացված համայնքներին տրամադրում է զգալի աջակցություն առաջնահերթ խնդիրների լուծման նպատակով:
Գայանե Մարկոսյանը և Ա. Գիլոյանը պատասխանեցին նաև բնակիչների կողմից առաջադրված հարցերին, լսեցին նրանց դիրքորոշումը:
Քննարկումների արդյունքները կներկայացնեն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին և Լոռու մարզպետին:
Մինչև գործընթացը սկսելը կկազմակերպվեն այլ հանդիպումներ ևս:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-25 17:20:52