Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ընդունեց Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության ներկայացուցիչներին
15.07.2019
Հուլիսի 15-ին մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ընդունեց Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսեսսյանին, արտաքին կապերի պատասխանատու Լուսինե Օհանյանին, ընկերակցության Վանաձորի գրասենյակի պատասխանատու Ժաննա Դանիելյանին:
Հանդիպմանը մասնակցում էր նաև մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը:
Շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար՝ հյուրերը ամփոփ ներկայացրեցին ընկերակցության գործունեությունը և մասնավորապես Լոռու մարզում իրականացվող ծրագրերը: Նրանք նշեցին, որ Հայաստանի անկախացումից և ընկերակցության պաշտոնական գրանցում ստանալուց հետո Երևանում, ապա նաև՝ ՀՀ տարբեր մարզերում, այդ թվում և Լոռիում՝ բացվել են տարբեր գրասենյակներ, որոնք ակտիվ գործունեություն են իրականացնում: Լոռու մարզում նրանք մասնավորապես առանձնացրեցին Վանաձորի ցերեկային կենտրոնի, Վանաձորի և Սպիտակի «Շող» կենտրոնների գործունեությունը, Վանաձորում և Սպիտակում գործող բարեգործական ատամնաբուժարանները՝ տեղեկացնելով նաև, որ Ստեփանավանում արդեն կառուցվում է նոր գրասենյակ և նոր «Շող» կենտրոն:
Հյուրերը ներկայացրեցին նաև ընկերակցության կողմից իրականացվող առողջապահական ծրագրերը՝ մարզի ղեկավարին առաջարկելով համագործակցել ու աջակցություն ցուցաբերել հատկապես այդ բաղադրիչով:
Մարզպետ Անդրեյ Ղուկասյանն, իր հերթին շնորհակալություն հայտնելով մարզում բազմաբնույթ և կարևոր ծրագրերի իրականացման համար, պատրաստակամություն հայտնեց աջակցել և առավել սերտացնել մինչ այս եղած համագործակցությունը:
Մարզի ղեկավարը նաև ընդունեց ընկերակցության ծրագրերին տեղերում ծանոթանալու և մարզում կամավորական առաքելություն իրականացնող սփյուռքահայ երիտասարդներին հյուրընկալելու հյուրերի առաջարկությունը: