Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հայաստանյան Ինստիգեյթ Մոբայլ (Instigate Mobile) ընկերության Վանաձորի գրասենյակում մարզի ղեկավարը ծանոթացավ իրականացվող ծրագրերին

12.07.2019

Վեբ և մոբայլ հավելվածների պատրաստմամբ զբաղվող Ինստիգեյթ Մոբայլ ընկերությունը, որ մասնճյուղեր ու ներկայացուցիչներ ունի աշխարհի մի շարք երկրներում և Հայաստանի տարբեր քաղաքներում, հաջողությամբ գործունեություն է իրականացնում նաև Վանաձորում: Վանաձորի գրասենյակի ղեկավար Սամվել Պետրոսյանի հրավերով Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն այսօր այցելեց տեղի մասնաճյուղ՝ ավելի մոտիկից ծանոթանալու ընկերության գործունեությանն ու պայմաններին, խոսելու նրանց խնդիրներից և համագործակցության հնարավոր ուղիներից: Գրասենյակն ունի 52 աշխատակից, որոնք հիմնականում վանաձորցի երիտասարդներ են: Աշխատանքի ընդունման սկզբունքը դասընթացներից հետո կազմակերպվող մրցույթներն են: 2018 թվականին դիմորդների քանակը գերազանցել է 200-ը, աշխատանքի են տեղավորվել նրանցից 8-ը: Ընկերության Վանաձորի մասնաճյուղում իրականացվում են ինժեներական և ծրագրային որակի ապահովման աշխատանքներ: Գործունեության հիմնական շրջանակը արտասահմանյան ընկերություններն են, չնայած, որ հանրապետության տարածքում ևս որոշակի աշխատանքներ արդեն իրականացվել են: Վանաձորի քաղաքապետարանին, օրինակ, առաջարկվել է ստեղծել գույքահարկի վճարման մեկ ընդհանուր հարթակ՝ մոբայլ-հավելվածի տեսքով: Առաջարկը քննարկման փուլում է: Հաջողության դեպքում մասնագետները պատրաստ են գաղափարն օգտագործել հանրապետության ողջ տարածքում: Հավաքագրված գումարով պատրաստվում են նախնական պայմանավորվածությամբ «Արմաթ» ինժեներական լաբորատորիա հիմնել Վանաձորի թիվ 8 դպրոցում: Մարզպետը ողջունեց դպրոցներում ինժեներական աշխուժացմանը նպաստող ծրագրերի իրականացման պատրաստակամությունը: Նա տեղեկացրեց, որ մարզպետարանը ևս շահագրգիռ է աջակցելու նման ծրագրերին, իսկ դպրոցներն, իրենց հերթին, տնտեսված գումարներով կարող են իրականություն դարձնել «Արմաթի» մասսայական ներմուծումը մարզային կրթահամակարգ: Սամվել Պետրոսյանը խոսեց ընկերության մի շարք այլ գործառույթներից, որից հետո մարզի ղեկավարին ուղեկցեց աշխատասենյակներ: Աշխատանքային խմբերի ղեկավարները հակիրճ ներկայացրեցին այն ծրագրերը, որոնց վրա այս պահին աշխատում են: Ա. Ղուկասյանը շնորհակալություն հայտնեց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ընկերության կողմից ներդրված հսկայական ավանդի համար, վստահեցրեց, որ պետական մակարդակում ևս պատրաստ են համագործակցել նրանց հետ՝ հեռանկարային այս ոլորտը մարզում հզորացնելու նպատակով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36