Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետն ընդունեց Եվրոպական խաղերի չեմպիոն Տիգրան Կիրակոսյանին և բրոնզե մեդալակիր Արսեն Ղազարյանին
12.07.2019
![](http://lori.mtad.am/files/n_pics/21226_s.jpg)
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայացած Եվրոպական երկրորդ խաղերում 52 կգ քաշային սամբիստ Տիգրան Կիրակոսյանը հռչակվել էր Եվրոպական խաղերի չեմպիոն, իսկ 74 կգ քաշային Արսեն Ղազարյանը նվաճել էր բրոնզե մեդալ: Լոռու մարզպետի հանձնարարությամբ հունիսի 24-ին մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության, մշակույթի և սպորտի բաժնի աշխատակիցները Զվարթնոց օդանավակայանում դիմավորել էին մեր ըմբիշներին և փոխանցել մարզի ղեկավարի հրավերը՝ նրանց շնորհավորելու և շնորհակալություն հայտնելու համար: Այսօր Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հյուրերն էին Տիգրան Կիրակոսյանը, Արսեն Ղազարյանը և նրանց մարզիչները՝ ՀՀ վաստակավոր մարզիչ Աղասի Գալստյանը և սամբոյի աշխարհի հնգակի չեմպիոն Գագիկ Ղազարյանը: Ներկա էին Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Ռաֆայել Հարությունյանը և մշակույթի բաժնի պետ Արամ Ռևազյանը: Մարզպետ Անդրեյ Ղուկասյանը շնորհավորեց անվանի ըմբիշներին, երախտագիտություն հայտնեց նրանց մարզիչներին՝ բարձրակարգ մարզիկներ պատրաստելու և միջազգային ամենահեղինակավոր հարթակներում նրանց լավագույնը հռչակելու համար: Նա պատրաստակամություն հայտնեց մշտապես աջակցելու մարզաշխարհի ներկայացուցիչներին և հարթելու այն բոլոր խոչընդոտները, որոնք խաթարում են բարձր արդյունքներ գրանցելուն: Մարզի ղեկավարն ըմբիշներին և նրանց մարզիչներին փոխանցեց շնորհավորագրեր ու դրամական պարգևներ՝ մաղթելով նորանոր հաջողություններ ու հաղթանակներ: