Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Համայնքների խոշորացման ծրագրերը ներկայացվեցին Ծաղկաբեր, Մեծ Պարնի, Սարալանջ, Լուսաղբյուր, Խնկոյան, Հարթագյուղ համայնքներում

11.07.2019

 Սպիտակի տարածաշրջանի խոշորացվող համայնքներում այսօր ևս շարունակվեցին հանիպում-քննարկումները՝ մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանի, մարզպետարանի մի խումբ պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ: Նրանք եղան Ծաղկաբեր, Մեծ Պարնի, Սարալանջ, Լուսաղբյուր, Խնկոյան, Հարթագյուղ համայնքներում՝ ներկայացնելով խոշորացման ծրագրի նպատակը, ՀՀ կառավարության նախնական մոտեցումները հարցի վերաբերյալ, ինչպես նաև խոշորացման ծրագրի դրական փորձը:
Հանդիպումները գրեթե բոլոր համայնքներում բավականին մարդաշատ էին՝ ներկա էին համայնքների ակտիվ բնակիչները, համայնքապետարանների աշխատակազմերը, ավագանու անդամներ: Ծավալվեցին ակտիվ քննարկումներ:
Գայանե Մարկոսյանն իր խոսքում անդրադարձավ խոշորացման ծրագրի կարևորությանը՝ մատնաշելով այն բոլոր առավելությունները, որոնք կարող են ունենալ համայնքները՝ ընդգրկվելով խոշորացվող համայնքների կազմում: Նա մի քանի ցուցանիշի մասին բարձրաձայնեց՝ ներկաներին հնարավորություն ընձեռելով սեփական վերլուծություններն իրականացնել՝ հասկանալու համար, թե ինչ առավելություններով կարող է օժտված լինել համայնքը ծրագրի իրականացումից հետո: Օրինակ, Ծաղկաբեր համայնքում շուրջ 10 մլն դրամ սեփական եկամուտ է հավաքագրվում, մինչդեռ աշխատավարձի ֆոնդը կազմում է 16 մլն դրամ, ու եթե չլինի պետության կողմից տրված դոտացիան, համայնքը որևէ ծրագիր չի կարողանա իրականացնել: Մեծ Պարնին, որը բավականին առաջավոր համայնք է և աչքի է ընկնում իր բազմաթիվ նախաձեռնություններով, ևս հավաքագրում է ընդամենը 21 մլն դրամ սեփական եկամուտ և նույնքան էլ՝ աշխատավարձ է վճարում: Սարալանջը փոքր համայնք է, և թե՛ սեփական եկամուտները, թե՛ պետության կողմից տրված դոտացիան ամբողջությամբ օգտագործվում է աշխատավարձի ֆոնդի և գյուղապետարանի շենքի պահպանության համար: Այս համայնքները 2019թ.-ին որևէ սուբվենցիոն ծրագիր չեն ներկայացրել: Մյուս համայնքներում ևս գրեթե նույն իրավիճակն է: Որպես հակակշիռ՝ փոխմարզպետն ընգծեց, որ այս տարի Լոռու մարզում ներկայացված 54 սուբվենցիոն ծրագրերից միայն 28-ը խոշորացված համայնքներն են ներկայացրել:
Ա. Գիլոյանը համայնքների բնակիչներին ուղղված իր խոսքում նշեց, որ Տեղական ինքնակառավարումը կառավարության բացառիկ լիազորությունն է, և այս փուլում կառավարությունն, իրականացված վերլուծությունների արդյունքում, նպատակահարմար է գտել գնալու հանրապետության նաև մյուս համայնքների խոշորացմանը:
-Անտրամաբանական է, որ հանրապատության համայնքների մի մասը լինեն խոշորացված, մյուսները՝ ոչ, որովհետև կառավարության մոտեցումներն այս համայնքների նկատմամբ տարբեր են, իսկ դա տանում է անարդյունավետ կառավարման, -ասաց վարչության պետը՝ հավելելով, որ բարեփոխումների հաջորդ քայլը լինելու է լիազորությունների խոշորացումը:
Նա մատնանշեց նվազագույն այն քայլերը, որոնք իրականացնում է պետությունը խոշորացման գործընթացից անմիջապես հետո. նախ՝ կառուցվում են քաղաքացիական սպասարկան գերժամանակակից գրասենյակներ և երկրորդ՝ Տարածքային զարգացման հիմնադրամը խոշորացված համայնքներին տրամադրում է զգալի աջակցություն առաջնահերթ խնդիրների լուծման նպատակով: Աշոտ Գիլոյանը խոսեց նաև խոշորացված համայնքների դրական փորձի մասին: Օրինակ, 2016թ. դեռևս պիլոտային ծրագրով խոշորացված Թումանյան համայնքի կազմում ընդգրկված բոլոր 7 բնակավայրերում այժմ մանկապարտեզներ են գործում, որի մասին այստեղ երազել անգամ չէին կարող, համակարգված աղբահանություն է իրականացվում, որը երբևէ չի եղել: Առաջիկայում նախատեսվում է համայնքների ճամփաբաժնին մեծ շուկա կառուցել և այլն:
Բնակիչների՝ խոշորացման ծրագրի բացասական կողմերի վերաբերյալ հարցին ի պատասխան՝ վարչության պետը նշեց.
-Միակ ռիսկը վատ կառավարումը կարող է լինել: Պետք է կարողանաք ընտրել լավագույն համայնքի ղեկավար և լավագույն ավագանի, ովքեր շահագրգիռ կերպով և առավել մեծ բյուջեով ու պետության աջակցությամբ կլծվեն համայնքի զարգացմանը,-ասաց նա:
Քննարկումները առաջիկա օրերին կշարունակվեն նաև Սպիտակի տարածաշրջանի այլ համայնքներում: Արդյունքները կներկայացվեն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին ու Լոռու մարզպետին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59