Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Թեղուտի վերագործարկման առաջին օրը մարզպետ Անդրեյ Ղուկասյանն անցկացրեց աշխատակիցների հետ

10.07.2019

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, ինչպես խոստացել էր Ալավերդու պղնձաձուլական գործարանի մի խումբ աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ, եղավ Թեղուտի հանքավայրում և Ալավերդու համայնքապետարանում հանդիպեց գործարանի շուրջ 20 աշխատակիցներին և «Էյ-Սի-Փի» ՓԲ ընկերության տնօրեն Լուսինե Մեջլումյանին:
«Թեղուտ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Կարեն Ղազարյանի ուղեկցությամբ մարզի ղեկավարը շրջեց հանքավայրի տարածքում, ծանոթացավ ներկայում տիրող պայմաններին և առաջիկա այն աշխատանքներին, որոնք նախատեսվում է իրականացնել՝ հանքի շահագործումն առավել անվտանգ ու արդյունավետ կազմակերպելու համար:
Հուլիսի 8-ին ընկերությունն ստացել է հանքի շահագործման թույլտվություն՝ տարեկան 7 մլն տոննա հանքաքար արտադրելու համար, ինչը ենթադրում է հանքի՝ 15-20 տարի շահագործման հնարավորություն:
Մարզպետը եղավ ընկերության արտադրամասում և պոչամբարի տարածքում: Ընկերության գործադիր տնօրենը խոսեց նաև պոչամբարի հետ կապված խնդիրներից:
Աշխատանքներ են իրականացվում ընդլայնվելու, հանքային տեխնիկան, ֆաբրիկայի տեխնոլոգիական և այլ սարքավորումները վերագործարկելու ուղղությամբ: Մարզպետը կարևորեց հանքի անվտանգ շահագործման անհրաժեշտությունը՝ հույս հայտնելով, որ ընկերությունը կձեռնարկի բոլոր միջոցառումները՝ առկա թերություններն ու նախկին բացթողումները շտկելու համար:
Այս պահին աշխատակիցների քանակը հասնում է շուրջ 800-ի: Նախատեսվում է նրանց թիվը համալրել ևս 200-ով: Կ. Ղազարյանը մարզի ղեկավարին տեղեկացրեց, որ աշխատակիցների գերակշիռ մասը Շնող և Ալավերդի համայնքի բնակիչներ են:
Ալավերդու պղնձաձուլարանի տնօրինության և աշխատակիցների հետ հանդիպմանը Անդրեյ Ղուկասյանը ներկայացրեց առկա պատկերը, կառավարության կողմից իրականացվող աշխատանքներն ու խնդրի վերջնական կարգավորման հետ կապված պետության դիրքորոշումը:
Նա տեղեկացրեց, որ տնօրենի հետ ձեռք է բերել պայմանավորվածություն աշխատանքից ազատված 206 աշխատակիցներից շուրջ 50-ին աշխատանք առաջարկել Թեղուտի հանքավայրում: Աշխատատեղերի ավելացմանը զուգահեռ գործընթացը հետագայում ևս կշարունակվի:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում կայացել է քննարկում «Էյ-Սի-Փի» ընկերության ներկայացուցչի մասնակցությամբ: Հանդիպման արձանագրության համաձայն այս պահին գործարանում շարունակվում է աղացագնդերի արտադրությունը, որում ներգրավված է 60 աշխատակից: Վառարանների հզորացումից հետո նրանց թիվը կհասնի շուրջ 180-ի: Ընկերությունը պարտավորվել է ստանալ արտանետումների համապատասխան թույլտվություն՝ առաջիկա 2-3 շաբաթվա ընթացքում ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթեր:
«Էյ-Սի-Փի» ՓԲԸ-ին առաջարկվել է սեղմ ժամկետներում վերսկսել հնարավոր ներդրողների հետ բանակցությունների ընթացակարգը՝ սեղմ ժամկետներում կառավարությանը ներկայացնելով տեխնոլոգիական հնարավոր լուծումների և ժամկետների մասին տեղեկատվություն: Զուգահեռաբար առաջարկվել է հստակեցնել ՎՏԲ բանկի հետ հետագա համագործակցության հավանականությունը:
Մարզպետն ընդգծեց կառավարության դիրքորոշումը. ունենալ հստակ ծրագիր, որի պարագայում միայն կառավարությունը կտրամադրի արտանետումների հետ կապված արտոնություններ: Կառավարությունը ևս աշխատանքներ է իրականացնում պոտենցիալ ներդրողների ներգրավելու ուղղությամբ:
Լուսինե Մեջլումյանն իր հերթին վստահեցրեց, որ իրենց ջանքերը ևս ուղղված են գործարանը պահպանելուն և իրենք կրկին պատրաստ են հնարավոր ներդրողների հետ վերսկսել բանակցությունները:
Անդրեյ Ղուկասյանը շնորհակալություն հայտնեց ընկերության տնօրենին համագործակցության համար՝ վստահեցնելով, որ գործարանի վերագործարկման հարցում տարբեր կողմեր չկան. «Բոլորիս ջանքերն ուղղված են խնդրի կարգավորմանն ու տարածաշրջանի բնակչությանն աշխատանքով ապահովմանը»:
Մարզպետը աշխատակիցներին հայտնեց ևս մեկ ուրախալի տեղեկություն. այս պահին ձեռք է բերվել բանավոր պայմանավորվածություն աշխատանքից ազատված և վարկ ունեցող բնակիչների բանկային տույժ-տուգանքները ներելու վերաբերյալ: Անդրեյ Ղուկասյանն առաջարկեց ներկայացնել այդ աշխատակիցների ամբողջական ցանկը՝ գործընթացը սկսելու համար:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 15:00:02