Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Համագործակցության հուշագիր ստորագրվեց Լոռու մարզպետարանի, «Աստղացոլք» ՀԿ-ի և Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային պլատֆորմի միջև
08.07.2019
Հուլիսի 8-ին համագործակցության հուշագիր ստորագրվեց Լոռու մարզպետարանի, «Աստղացոլք» ՀԿ-ի և Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային պլատֆորմի միջև՝ «ՀԻՄԱ հանրային միջոցները՝ հանուն երեխաների իրավունքների պաշտպանության» ծրագրի շրջանակներում Հայաստանում երեխայի պաշտպանության համակարգի զարգացման վերաբերյալ: Հուշագիրը կնքեցին մարզպետ Անդրեյ Ղուկասյանը և «Աստղացոլք» ՀԿ նախագահ Իրինա Հովհաննիսյանը: Հուշագրով կողմերը պարտավորություն ստանձնեցին նպաստել երեխաների պաշտպանության համակարգի զարգացմանը, համագործակցել կյանքի դժվարին պայմաններում հայտնված երեխաների իրավունքների պաշտպանության հարցում, նպաստել երեխայակենտրոն համայնքային կայուն զարգացմանը և խնամքի մոդելների զարգացմանն ու առաջխաղացմանը, երեխաների իրավունքների պաշտպանության հարցում ներգրավել ՏԻՄ-երին և այլն:
Մարզի ղեկավարին շնորհակալութուն հայտնելով համագործակցության հրավերը չմերժելու համար՝ Իրինա Հովհաննիսյանը համառոտ ներկայացրեց Լոռու մարզում «Աստղացոլք» ՀԿ-ի կողմից իրականացված ծրագրերը: Նա նշեց, որ հուշագրի ստորագրումից հետո նախատեսում են ավելի ակտիվորեն աշխատել Լոռու մարզում:
Մարզպետ Անդրեյ Ղուկասյանն իր հերթին պատրաստակամություն հայտնեց աջակցել մարզանպաստ ծրագրերի իրականացմանը՝ համագործակցության առումով ներկայացնելով նաև առաջարկություններ: