Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վանաձորում բացվեց առաջին ներառական խաղահրապարակը

01.07.2019

Aid beyond Borders կազմակերպության և Նշան և Լիլիթ Օդաբաշյանների հովանավորությամբ Վանաձորի Դիմաց թաղամասի Երիտասարդական այգում հիմնվել է Նոյի անվան ներառական խաղահրապարակ, որի կառուցման անմիջական նախաձեռնողն ու գաղափարի հեղինակը «Ամենամամա» ակումբի նախագահ Լիլիա Աբրահամյանն է:
ԱՄՆ-ում ապրող Նշան և Լիլիթ Օդաբաշյանները, որոնց որդին՝ Նոյը, ունի մանկական ուղեղային կաթված, «Ամենամամա» ակումբի նախագահ Լիլիա Աբրահամյանից և Aid beyond Borders կազմակերպության նախագահ Լիլիա Շաքարյանից ամիսներ առաջ տեղեկացան, որ Վանաձորում ապրող և իրենց որդու նման առողջական խնդիրներ ունեցող շատ երեխաներ հնարավորություն չունեն բակային տարրական ժամանց կազմակերպելու և որոշեցին Վանաձորի Դիմաց թաղամասի Երիտասարդական այգում հիմնել ներառական խաղահրապարակ:
Խաղահրապարակի բացման արարողությանը ներկա էին Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը, Վանաձորի փոխքաղաքապետ Արման Բերնեցյանը, այգու վարձակալ, Վանաձորի ավագանու անդամ Դավիթ Հակոբյանը, նախաձեռնության հեղինակները, բարերար ընտանիքի ներկայացուցիչներ, Դիմաց թաղամասի բնակիչներ և, իհարկե, մանուկներ:
Համաձայնություն ձեռք բերելով Վանաձորի համայնքապետարանի հետ, այգու վարձակալ Դավիթ Հակոբյանը սեփական միջոցներով ձեռնարկեց տարածքի բարեկարգման աշխատանքները: Կարճ ժամանակահատվածում այգին մաքրվեց հին խաղասարքերի մնացորդներից:
Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը մարզպետ Անդրեյ Ղուկասյանի, իր և Վանաձորի փոքրիկ բնակիչների անունից երախտագիտություն հայտնեց նախաձեռնության բոլոր մասնակիցներին՝ առողջություն և ապաքինում մաղթելով Օդաբաշյանների որդուն՝ Նոյին: Նա վստահեցրեց, որ մարզային իշխանությունների կողմից մշտապես արժևորվելու է ցանկացած բարի նախաձեռնություն և ստանալու է անհրաժեշտ աջակցություն՝ ապահովելով կայուն ու երկարաժամկետ համագործակցություն: Նա նաև կարևորեց այս ծրագիրը՝ համընդհանուր ներառականության անցնելու ճանապարհին այն համարելով շոշափելի ներդրում:
Գայանե Մարկոսյանը մարզպետի անունից շնորհակալագրեր հանձնեց Նոյին և նրա ծնողներին՝ Նշան և Լիլիթ Օդաբաշյաններին, Aid beyond Borders բարեգործական կազմակերպությանը (նախագահ՝ Լիլիա Շաքարյան) և «Ամենամամա» ակումբի նախագահ Լիլիա Աբրահամյանին:
Լիլիա Աբրահամյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց Գայանե Մարկոսյանին՝ բարձրաձայնվող խնդիրներին արագ արձագանքելու և արդյունավետ համագործակցության պատրաստակամության համար:
Ներառական խաղահրապարակի բացմանը Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի անունից ողջույնի խոսք ասաց հանձնաժողովի քարտուղար Վալերի Ջաղինյանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:25:27