Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Պետական աջակցությամբ որևէ ծրագիր չի իրականացվի այն համայնքներում, որտեղ հավաքագրումների առումով թերացումներ կլինեն

01.07.2019

Հուլիսի 1-ին մարզպետ Անդրեյ Ղուկասյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը փոխմարզպետ Գայանե Մարկոսյանի, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և պատասխանատու այլ պաշտոնյաների մասնակցությամբ, ովքեր ներկայացրեցին նախորդ շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքները՝ այդ թվում անդրադառնալով մարզի ղեկավարի և տարբեր գերատեսչությունների կողմից տրված հանձնարարականների ընթացքին:
Գայանե Մարկոսյանը տեղեկատվություն ներկայացրեց նախորդ շաբաթվա ընթացքում կազմակերպված միջոցառումների մասին: Նա անդրադարձավ նաև օրեր առաջ մարզի Ջրաշեն, Կաթնառատ և Լեռնավան համայնքներում տեղացած հորդառատ անձրևներից հետո մարզպետի հանձնարարությամբ և իր գլխավորությամբ մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների կողմից ձեռնարկված միջոցառումներին:
Ներկայացնելով նախարդ շաբաթվա ընթացքում մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ընթացիկ գործունեությունը՝ մարզպետարանի գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Խաչատրյանը տեղեկացրեց նաև, որ Լոռի-Մարտակերտ բարեկամության և համագործակցության շրջանակներում այս տարի ևս թվով 25 լոռեցի դպրոցական կհանգստանա Մարտակերտում և նույնքան երեխա էլ՝ Լոռու մարզում: Մարզպետը հանձնարարեց երեխաների ընտրության հարցում առաջնային համարել առաջադիմությունը:
Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արտավազդ Բեջանյանը մասնավորապես տեղեկացրեց, որ սեփական եկամուտների կիսամյակային կատարողականը 92,8 տոկոս է, պլանից պակաս է հավաքագրվել շուրջ 78 մլն դրամ: Նա նաև նշեց, որ կան բավականին թվով թերացող համայնքներ: Մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, անթույլատրելի համարելով վերջիններիս գործելոճը, նշեց, որ պետական աջակցությամբ որևէ ծրագիր չի իրականացվի այն համայնքներում, որտեղ հավաքագրումների առումով թերացումներ կլինեն:
Ի թիվս ընթացիկ աշխատանքների՝ առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պաշտոնակատար Արթուր Մխիթարյանը տեղեկացրեց, որ շարունակվում են սոցիալական ապահովության բաժնի աշխատակիցների այցերը համայնքներ՝ սոցիալական նպաստառության համակարգում առկա թերությունները հայտնաբերելու նպատակով: Այդուհանդերձ, դարձյալ հայտնաբերվել են խախտումներ, որի արդյունքում բավականին թվով քաղաքացիների նպաստառությունը կասեցվել է:
Մարզպետը խնդրի առնչությամբ նշեց, որ մերջին մեկ տարվա ընթացքում իրականացված կեղծ փաստագրումներ հայտնաբերվելու դեպքում պատասխանատուները կենթարկվեն պատասխանատվության:
Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Ռաֆայել Հարությունյանը ներկայացրեց Լոռու մարզի հանրակրթական դպրոցների 9-րդ դասարանցիների միասնական քննությունների արդյունքները: Նա նշեց, որ քննությանը մասնակցած 2505 աշակերտների 1.5 տոկոսը գնահատվել է անբավարար և 7 տոկոսը՝ գերազանց: Մարզպետը հանձնարարեց անբավարար գնահատված աշակերտների թիվը ներկայացնել՝ ըստ դպրոցների:
Վարչության պետի պաշտոնակատարը նաև ուրախ լուր հայտնեց՝ տեղեկացնելով, որ պետբյուջե-ՄԱԿ համատեղ ներդրմամբ մարզի թվով 30 դպրոցներում կկառուցվեն թեքահարթակներ, սանհանգույցներ և մեկ դասասենյակ:
Քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանը զեկուցեց մարզպետի և փոխմարզպետի հանձնարարությամբ իրականացված մի շարք աշխատանքների մասին: Նա նաև զեկուցեց սելավի հետևանքով տուժած Ջրաշեն, Լեռնավան և Կաթնաջուր համայնքներում վարչության մասով իրականացված աշխատանքների վերաբերյալ:
Բերքահավաքի արդյունքներին անդրադարձավ գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի պաշտոնակատար Արտյոմ Շահվերդյանը: Նա տեղեկացրեց, որ խոտի առումով տարին երաշտային է՝ համեմատության կարգով նշելով, որ եթե նախորդ տարի կուտակվել է 5000 տոննա, ապա այս տարի՝ 3000 տոննա խոտ: Մշակաբույսերի մասով դժգոհություններ չկան: Ինչ վերաբերում է սելավից տուժած՝ վերը նշված համայնքներին, ապա Ա. Շահվերդյանը տեղեկացրեց, որ Ջրաշենում նախորդ սելավից հետո վնասի չափերի վերաբերյալ կազմված ակտը էական փոփոխություն չի կրի, Լեռնավանում ակտ չի կազմվել վնասների չնչին լինելու պատճառով, իսկ Կաթնաջուր համայնքում ուսումնասիրությունները շարունակվում են:
Մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը զեկուցեց Լոռու մարզպետարան-կառավարություն-«Ֆուլլեր տնաշինական կենտրոն» համագործակցությամբ մարզի գյուղական համայնքներում կառուցվող երկրաշարժի հետևանքով բնակարան կորցրած և բնակապահովման ծրագրի շահառու հանդիսացող 44 ընտանքիների բնակապահովման ծրագրի ընթացքի վերաբերյալ՝ նշելով, որ աշխատանքներն իրականացվում են նախատեսվածի սահմաններում:
Քննարվեցին մյուս ոլորտներին առնչվող այլ հարցեր ևս, տրվեցին հանձնարարականներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:25:27