Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ինժեներական համաժողով-ցուցահանդեսը՝ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում

28.06.2019

 Հունիսի 28-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում մեկնարկեց արդեն երրորդ անգամ կազմակերպվող Ինժեներական համաժողով-ցուցահանդեսը, որով էլ ամփոփվեց ՀՀ կառավարություն, «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» և Ինժեներական ասոցիացիայի նախաձեռնությամբ անցկացվող «Հայաստան-ինժեներական շաբաթ» խորագրով միջոցառումների շարքը:
Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, փոխմարզպետ Գայանե Մարկոսյանը, միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Համաժողով-ցուցահանդեսի պատվավոր հյուրն էր աշխարհահռչակ ֆուտբոլիստ, ֆրանսահայ Յուրի Ջորկայեֆը:
Բացման առիթով ողջույնի խոսքով հանդես եկան նախարարը և մարզի ղեկավարը:
Ա. Ղուկասյանն իր խոսքում մասնավորապես նշեց, որ «Հայաստան - Ինժեներական շաբաթ» միջոցառումների շարքը հավակնում է դառնալ միջազգային բացառիկ հարթակ, որը միավորում է բարձր տեխնոլոգիաների ոլորտում լուրջ ասելիք ունեցող համաշխարհային կազմակերպություններին ու անհատներին՝ Հայաստանը դարձնելով ինժեներական ամենաբարդ հարցերի լուծումներն առաջարկող կենտրոն:
- Նորարարական տեխնոլոգիաների զարգացումն ինքնանպատակ չի լինելու: Մեր մասնագետների, այսինքն՝ ձեր գիտական նվաճումները վաղը իրենց լայն կիրառումն են գտնելու պետական կառավարման ամենատարբեր ոլորտներում:
Ուզում եմ ընդգծել հատկապես Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի դերը, որը դարձել է գիտակրթական ու փորձարարական անփոխարինելի մի հարթակ, որտեղից մեկնակետ վերցնող յուրաքանչյուր մասնագետ կայուն թռիչքով մղվում է դեպի միջազգային շուկա:
Նույնն է նաև Դեբեդի հովտում գտնվող ՔՈԱՖ ինժեներական սմարթ կենտրոնը, որը մոտավորապես նույն կրթությունն ու հնարավորություններն է ընձենռում Հայաստանի մանուկներին՝ նրանց մեջ զարգացնելով նորարարությունն ու ստեղծագործ միտքը, հաղորդակցվելու ճիշտ լեզուն, ձեռներեցությունն ու ակտիվ ու իրավատեր քաղաքացու մյուս որակները:
«Հայաստան - Ինժեներական շաբաթ»-ը համախմբել է շուրջ 500 մասնակցի՝ աշխարհի տարբեր երկրների պետական, գիտահետազոտական, կրթական կազմակերպությունների, նորաստեղծ և կայացած ինժեներական ընկերությունների։
Կոչ եմ անում որպեսզի հատկապես արտերկրից եկած մեր մասնագետներն ամբողջությամբ օգտագործեն հայի ստեղծագործ միտքը, ինժեներական տաղանդը, ամբողջ աշխարհում հաջողությամբ իրացվող այն գաղափարական ներուժը, որը նոր շունչ ու ընթացք է հաղորդելու ազգային էկոհամակարգին,-ասաց մարզպետ Ա. Ղուկասյանը։
Ինժեներական համաժողով-ցուցահանդեսը կազմված էր երեք պանելային քննարկումներից:
Առաջին քննարկամն շրջանակում հայ և արտերկրի խոսնակները խոսեցին Հայաստանում ճարտարագիտական ապագայի հնարավորությունների մասին: Հաջորդ քննարկումը նվիրված էր Վանաձորի բիզնես և ներդրումային գրավչությանը: Վանաձորյան միջոցառումն ավարտվեց շաբաթվա արդյունքների քննարկմամբ՝ պետական ու մասնավոր կառույցների ներկայացուցիչների և փորձագետների ներգրավմամբ: Զուգահեռաբար անցկացվեց նաև ինժեներական ցուցահանդես, որի շրջանակում ներկայացվեցին տարբեր մարզերում գործող տեխնոլոգիական ընկերություների մշակած լուծումները:
Մարզի ղեկավարի առաջարկությամբ Վանաձորի ֆուտբոլային ակադեմիայի մի քանի պատանի մարզիկներ աշխարհահռչակ ֆուտբոլիստին սպասում էին ՎՏՍ-ի ֆուտբոլային դաշտում: Յուրի Ջորկայեֆը փոքր ցուցադրական խաղ անցկացրեց երեխաների հետ՝ նրանց հանդիպումը ամրագրվեց նաև համատեղ լուսանկարով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59