Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիսավորությամբ նշվեց բուժաշխատողի օրը

21.06.2019

Հունիսի 21-ին Լոռու մարզպետարանի նախաձեռնությամբ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում հանդիսավորությամբ նշվեց Բուժաշխատողի օրը: Ավանդական դարձած այս գեղեցիկ միջոցառումը ևս մեկ հնարավորություն էր մեծարելու և շնորհավորելու մարզի բուժաշխատողներին, նրանց ուղղված երախտիքի խոսքեր հնչեցնելու:
Հանդիսությանը ներկա էին մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, բուժաշխատողներ, հյուրեր:
Միջոցառումը վարում էին Տարոն Դանիելյանը և Գրիշա Հարությունյանը:
Մարզի բուժաշխատողներին իր ողջունի և շնորհավորանքի խոսքը հղեց մարզպետ Անդրեյ Ղուկասյանը: Նա մարզի առողջապահական համակարգի աշխատողներին բարեմաղթեց քաջառողջություն և աշխատանքային հաջողություններ.
- Հարգելի՛ բուժաշխատողներ, աշխարհի ամենահումանիտար մասնագիտությունը կրող սիրելի՛ գործընկերներ,ջերմորեն շնորհավորում եմ ձեր տոնը:
Այդ պատիվն ինձ այսօր վերապահված է ոչ միայն իբրև մարզպետ, այլ նաև՝ որպես բժիշկ, ով շուրջ 15 տարի իր ծառայություններն է մատուցել հանրությանը, ինչի համար չափազանց հպարտ եմ: Այս մասնագիտական տոնն առիթ է նշելու, որ վերջին տարում ոլորտում իրականացվող բարեփոխումներն աննախադեպ են ու դրանք հետևողականորեն իրականացվում են նաև Լոռու մարզում: Մեր գլխավոր խնդիրների վերջնական լուծմանը՝ կոռուպցիայի և ստվերային դրամաշրջանառության դեմ պայքարին, ինչպես նաև բժշկական սպասարկման որակի բարձրացմանն ուղղված մեր ծրագրերը հաջողություն են խոստանում, քանզի մեր նպատակն արդար է և ուղղված է համընդհանուր բարօրությանը,-իր խոսքում մասնավորապես նշեց մարզի ղեկավարը:
Անդրադառնալով ոլորտում արձանագրված հաջողություններին՝ նա իր խոսքում կարևորեց նաև պետական բյուջեից սնվող բուժհաստատություններից զատ նաև դինամիկ զարգացող առողջապահական կենտրոնների ստեղծման անհրաժեշտությունը:
-Վստահ եղեք, հմուտ և ազնիվ բուժաշխատողների նվիրումը աննկատ չի մնում ո՛չ հանրության և ո՛չ էլ իշխանությունների կողմից: Առողջապահական ոլորտն այսօր համալրվում է երիտասարդ մասնագետներով, ինչը մեզ չափազանց ուրախացնում է:
Իմ երազանքն է, որ մեր հայրենակիցները հանրապետության ողջ տարածքից ու անգամ արտերկրից բարձրակարգ բուժօգնություն փնտրեն հենց մեզ մոտ: Վստահ եմ, հասնելու ենք նաև դրան,- ասաց մարզպետ Անդրեյ Ղուկասյանը:
Նա մեկառմեկ թվարկեց նաև վերջին մեկ տարվա ընթացքում ոլորտում արձանագրված հաջողությունները. ներդրվել են սանավիացիայի համակարգը, սոցիալական ապահովության փաթեթների համակարգ՝ առողջապահական ոլորտի՝ մասնավորապես բժիշկների, բուժքույրերի և կրտսեր բուժաշխատողների համար, ընդլայնվել է պետպատվերով բուժման ենթակա հիվանդությունների ցանկը, մարզի առողջապահական ոլորտին պետբյուջեից հատկացվելիք գումարի չափն ավելացվել է շուրջ 100 մլն դրամով, Լոռու մարզի ազգաբնակչության շտապ բուժօգնության մատչելիության և սպասարկման որակի բարելավման նպատակով ՀՀ առողջապահության նախարարության կողմից տրամադրվել է 15 շտապօգնության մեքենա, որոնցից 5-ը՝ ռեանիմոբիլ, 10-ը՝ գծային շտապօգնության մեքենա: Հիմնանորոգվել է «Ստեփանավանի բժշկական կենտրոն»
ՓԲԸ-ի համաբուժարանը՝ 70 մլն դրամ պայմանագրային արժեքով, շահագործման է հանձնվել «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի բոլորովին նոր ու բժշկական սարքավորումներով, նոր կահույքով հագեցած շենքը՝ 1մլրդ 458 մլն դրամ ներդրմամբ, «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքը հագեցվել է բժշկական կահույքով և սարքավորումներով՝ 223 մլն դրամ ընդհանուր արժողությամբ, «Հայաստանի մանուկներ հիմնադրամ» (COAF) բարեգործական կազմակերպության կողմից 2018 թվականին «Դսեղի առողջության կենտրոն» ՊՈԱԿ-ին հատկացվել են ատամնաբուժական կաբինետի սարքավորումներ, նյութեր, գույք և այլ ապրանքներ, իսկ «Վահագնիի առողջության կենտրոն» ՊՈԱԿ-ում կատարել են վերանորոգման աշխատանքներ, պետբյուջեի միջոցների հաշվին իրականացվող հրատապ ծրագրերի հաշվին նորոգվել է «Ակների» ԲՄԿ-ն, «Արևաշողի առողջության առաջնային պահպանման կենտրոնը», ջեռուցման համակարգով ապահովվել ու վերանորոգվել է Վանաձորի թիվ 3 պոլիկլինիկան, ներկայում ընթացքի մեջ են Մարգահովիտի ամբուլատորիայի նորոգման աշխատանքները: Մեկնարկել են Պաղաղբյուրի ԲՄԿ-ի կառուցման, Ազնվաձորի, Դաշտադեմի ու Կաթնառատի ԲՄԿ-ների վերանորոգման աշխատանքները:
Մարզային բուժհաստատությունների կենտրոնացված դեղորայքի տեղափոխման գներն իջեցվել են շուրջ 50 տոկոսով: Բարձրացվել է մարզային բուժհաստատությունների տնօրենների, բժիշկների և միջին բուժանձնակազմի թափուր հաստիքների մրցույթների թափանցիկությունը և կատարվում է օբյեկտիվ ընտրություն: Բանակցությունների արդյունքում դիալիզի պարագաների 20 տոկոս զեղչով են ձեռքբերվում (շուրջ 13մլն դրամ): Առողջապահության Ազգային Ինստիտուտի հետ կնքվել է պայմանագիր՝ միջին բուժանձնակազմի վերապատրաստումը Վանաձոր քաղաքում կազմակերպելու համար(նախկինում վերապատրաստումները կազմակերպվում էին միայն Երևան քաղաքում): Այս հնարավորությունից, կարծում եմ, կարող են օգտվել ոչ միայն վանաձորցիները, այլև մարզի մյուս տարածարջանների բուժաշխատողները: Վերապատրաստել ենք միջին բուժանձնակազմ և ունենք բժշկական թիմ Վանաձորի բժշկական կենտրոնում ինվազիվ սրտաբանության բաժանմունք բացելու համար: Մարզի բժշկական կենտրոններում բավականին նվազել է ստվերային դրամաշրջանառությունը և ավելացել են վճարովի ծառայությունների գումարները: Որոշ տեղերում դրանք կրկնապատկվել են. օրինակ «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի վճարովի ծառայության մուտքերը նախորդ տարվա համեմատ 20-24մլն-ից դարձել են 47-52 մլն դրամ: Առողջապահության ոլորտում ունեցել ենք աշխատավարձերի բարձրացում առաջնային օղակի բժշկական ու միջին բուժանձնակազմի համար երկու անգամ՝ 15-ական տոկոսի չափով, այսինք՝ ընդհանուր առմամբ՝ շուրջ 30 տոկոսով:
Մարզային առողջապահական ընկերությունները համալրվել են նոր բժշկական սարքավորումներով: «Գուգարք» կենտրոնական պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ն համալրվել է նոր թվային ռենտգեն սարքավորումով: «Վանաձորի թիվ 5 պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ն ձեռք է բերել նոր ՈՒՁՀ սարքավորում, «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն՝ լապարասկոպիկ սարքավորում: «Տաշիրի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն ձեռք է բերել բիոքիմիական անալիզատոր:
Մի խումբ բուժաշխատողներ, ովքեր մարզային հանձաժողովի որոշմամբ, այս տարի լավագույնն էին ճանաչվել մի շարք անվանակարգերում, արժանացան կոչումների, շնորհակալագրերի և նվերների:
Բուժաշխատողներին ուղղված շնորհավորական խոսք ասաց նաև մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Արթուր Մխիթարյանը: Մարզի ղեկավարը և վարչության պետը հանձնեցին լավագույն բուժաշխատողներին պարգևները:
2019թ. «Ստացիոնարի լավագույն բժիշկ» կոչումը շնորհվեց «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի բժիշկ Օֆելյա Մկրտչյանին, «Պոլիկլինիկական լավագույն բժիշկ» կոչումը՝ «Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ի բժիշկ Սերինե Կոստանդյանին, «Ամբուլատորիայի լավագույն բժիշկ» կոչումը՝ «Շնողի բժշկական ամբուլատորիա» ՀՈԱԿ-ի բժիշկ Հերմինե Առաքելյանին, «Լավագույն երիտասարդ բժիշկ» կոչումը՝ «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի բժիշկ Գոռ Գոգչյանին, «Առողջապահության բնագավառում մեծ ներդրում ունեցող բժիշկ» կոչումը՝ «Վանաձորի թիվ 3 պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ի բժիշկ Վարյա Բալթաջյանին, «Ստացիոնարի լավագույն բուժքույր» կոչումը՝ «Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց» ՊՓԲԸ-ի բուժքույր Գայանե Անդրեասյանին, «Պոլիկլինիկական լավագույն բուժքույր» կոչումը՝ «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի բուժքույր Կարինե Պողոսյանին, «Առողջապահության համակարգին աջակցող բարեգործ կամ կազմակերպություն» կոչումը՝ «Հայաստանի մանուկներ» (COAF) բարեգործական հիմնադրամին:
Լոռու մարզպետի շնորհակալագրերով պարգևատրվեցին «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի բժիշկ Մարտուհի Մելիքյանը, «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի բժիշկ Գարիկ Դավիթավյանը, «Գուգարք» կենտրոնական պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ի բժիշկ Անահիտ Մեհրաբյանը, «Վանաձորի թիվ 3 պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ի բժիշկ Անահիտ Բարսեղյանը, «Վանաձորի թիվ 5 պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ի բժիշկ Արմինե Դանիելյանը, «Գուգարքի առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՊՈԱԿ-ի բժիշկ Արմինե Մանուչարյանը, «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի բուժքույր Թահիրա Բաբայանը, «Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր» ՊՓԲԸ-ի բուժքույր Էլմիրա Մանուչարյանը, «Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ի բուժքույր Աննա Հակոբյանը, «Վանաձորի թիվ 3 պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ի բուժքույր Սիլվա Սարգսյանը, «Վանաձորի թիվ 5 պոլիկլինիկա» ՊՓԲԸ-բուժքույր Լարիսա Վերանյանը, «Լոռու մարզային արյան փոխներարկման կայան» ՓԲԸ-ի լաբորանտ Ջեմմա Գևորգյանը:
Շնորհակալագրերը հանձնեցին Արթուր Մխիթարյանը և առողջապահության բաժնի պետ Լուսինե Վարդանյանը:
Առողջապահության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների հանրապետական միության նախագահ Գայանե Արմաղանովայի կողմից մարզի տարածաշրջանային արհեստակցական կազմակերպությունների նախագահներին շնորհակալագրեր հանձնեց Լոռու մարզի առողջապահության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների միության նախագահ Լաուրա Հակոբյանը:
Միջոցառմանը տոնական տրամադրություն էր հաղորդում «Վանաձոր տրիո» համույթը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36