Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվեցին ընթացիկ հարցեր

18.06.2019

 Հունիսի 18-ին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաների և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ:
Մինչ խորհրդակցության օրակարգային հարցերին անցնելը, մարզպետը մի քանի դիտարկումներ արեց՝ կապված կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների կողմից քաղաքացիներին ուղղված պատասխանների և կարգապահական այլ հարցերի հետ:
-Դիմումների պատասխանները պետք է լինեն առավելագույնս ուսումնասիրված: Անգամ, եթե ստիպված ենք լինում մերժել քաղաքացուն՝ օբյեկտիվ հիմնավորմամբ, բնակիչը պետք է հստակ պատկերացնի պատճառները,-նշեց Ա. Ղուկասյանը:
Ըստ օրակարգային հարցերի, մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Խաչատրյանը, խորհրդականներ Լևոն Ասլանյանը, Լևոն Տեր-Սիմոնյանը և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրեցին մարզի ղեկավարի և տարբեր գերատեսչությունների կողմից տրված հանձնարարականների ընթացքը՝ անդրադառնալով նաև գրանցված արդյունքներին և բացթողումներին:
Նախորդ խորհրդակցությանը հաջորդած ժամանակահատվածում կատարված աշխատանքներին անդրադառնալով՝ Գայանե Մարկոսյանը ներկայացրեց մասնավորապես «Մաքուր Հայասատան» ծրագրի շրջանականերում կազմակերպված համապետական շաբաթօրյակի արդյունքները: Նա նշեց, որ աշխատանքները կազմակերպվել են պատշաճ կերպով և լուսաբանման օպերատիվ աշխատանք է իրականացվել: Փոխմարզպետը՝ որպես թերացում, խոսեց նաև օրերս մարզի Ջրաշեն համայնքում տեղացած հորդառատ անձրևի և կարկուտի հետևանքով առաջացած խնդիրների նկատմամբ մարզպետարանի որոշ ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ոչ օպերատիվ և չհամակարգված արձագանքի մասին: Մարզպետը խնդրի հետ կապված հանձնարարեց հստակեցնել և կանոնակարգել մարզպետարանում գործող բոլոր հանձնաժողովների աշխատանքները, որպեսզի նմանատիպ իրավիճակներում այլևս խնդիրներ չառաջանան:

Հարկերի հավաքագրման խնդրին և ընթացիկ աշխատանքներին անդրադարձան Ֆինանսական և սոցիալ-տնտեսակական զարգացման վարչության պետի պաշտոնակատար Արտավազդ Բեջանյանը և մարզպետի խորհրդական Լևոն Տեր-Սիմոնյանը: Տեղեկացվեց, որ հարկերի հավաքագրման կիսամյակի կատարողականը պլանի դիմաց կազմել է 86 տոկոս, պակաս է հավաքագրվել 152 մլն դրամ: Թեև պարբերաբար հարցը քննարկվում է համայնքների ղեկավարների հետ, և որոշակի տեղաշարժեր կան, սակայն արդյուքները դեռևս գոհացուցիչ չեն: Մարզպետի հանձնարարությամբ առաջիկայում մարզպետարան կհրավիրվեն 80 տոկոսից պակաս հավաքագրումներ ունեցող համայնքների ղեկավարները և հստակ ժամկետներ կսահմանվեն իրավիճակը շտկելու ուղղությամբ:
Անդրադարձ կատարվեց նաև առողջապահության և կրթության ոլորտներում անցկացված թափուր աշխատատեղերի մրցույթների արդյունքներին, քաղաքաշինության ոլորտում իրականացվող ճանապարհաշինական և ջրամատակարարման, սուբվենցիոն ծրագրերի ընթացիկ աշխատանքներին, հողհատկացումների, հողատեսքերի փոփոխության, գյուղատնտեսական աշխատանքներին վերաբերող և մի շարք այլ հարցերի:
Մասնավորապես զեկուցվեց ՀՀ կառավարություն, «Ֆուլլեր» տնաշինական կենտրոն և Լոռու մարզպետարան համագործակցությամբ իրականացվող աղետի հետևանաքով բնակարան կորցրած 44 ընտանիքի բնակարանաշինության ծրագրի ընթացքի վերաբերյալ: Նշվեց, որ աշխատանքներն ընթանում են ինտենսիվ կերպով և որ ամենակարևորն է՝ որակով: Առաջին տները շահագործման կհանձնվեն արդեն օգոստոսի կեսերին, իսկ ընդհանուր առմամբ աշխատանքները կավարտվեն ժամկետից շուտ: Մարզի ղեկավարը ևս մեկ անգամ կարևորեց մարզում պետական աջակցությամբ իրականացվող շինաշխատանքների որակը՝ Քաղաքաշինության վարչությանը հանձնարարելով շարունակել հետևողական աշխատանքներն այդ ուղղությամբ:
Քննարկվեցին նաև մի շարք այլ օրակարգային հարցեր, տրվեցին հանձնարարականներ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59