Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Փոխմարզպետը շնորհակալագրով պարգևատրեց կոմպոզիտոր Շահան Արծրունուն

18.06.2019

Այսօր Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանն ընդունեց ամերիկահայ անվանի դաշնակահար, կոմպոզիտոր Շահան Արծրունուն: Հանդիպմանը ներկա էր նաև մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանը:
Շահան Արծրունին բարեգործական համերգներով հանդես է գալիս Հայաստանի տարբեր քաղաքներում, զուգահեռաբար նաև տեղի երաժշտական դպրոցների սաների համար անցկացնելով վարպետության դասեր։
Համերգային շրջագայության առաջին կանգառը Գորիսում է եղել: Այժմ մաեստրոն Վանաձորում է և վարպետության դասեր է անցկացնում Վանաձորի Էդ. Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցում: Հունիսի 18-ին նա Վանաձորում հանդես կգա համերգային ծրագրով:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Շ. Արծրունին նշեց, որ արդեն երկրորդ անգամ է նման նախաձեռնությամբ հանդես գալիս Հայաստանում և Արցախում՝ նպատակ ունենալով իր փորձառությունը փոխանցելու հայ պատանիներին ու աղջիկներին և հայ մշակույթը լսելի դարձնելու ամբողջ աշխարհում:
-Մեծ ցանկություն ունեմ, որ մեր երեխաները հաղորդակից լինեն բարձրակարգ երաժշտության և հեռու մնան անճաշակություններից: Այս համերգաշարերը նպատակ ունեն ներկայացնելու և քաջալերելու Հայաստանի ու Արցախի երաժշտական դպրոցների շնորհալի սաներին։ Ես նպատակ ունեմ երիտասարդ սերնդին փոխանցելու իմ գիտելիքներն ու վարպետությունը, ճանաչելի դարձնելու նրանց և զարգանալու նոր հնավարություն ընձեռելու,-իր խոսքում նշեց մաեստրոն՝ նաև տեղեկացնելով, որ համերգներին նվագելու է երաժշտական դպրոցների սաների հետ:
Շ. Արծրունու շրջագայությունների ծրագրում ընդգրկված են նաև Ստեփանակերտը, Կապանը, Արգավանդը, Դիլիջանը և Աշտարակը։ Շրջագայությունն ավարտվելու է գալա համերգով, որը տեղի կունենա հունիսի 22-ին՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում։ Բոլոր համերգները բարեգործական են և անվճար։Մարզային հյուրախաղերի գլխավոր կազմակերպիչը Հայ օգնության ֆոնդն է, որը, համագործակցելով ՀՀ Մշակույթի և Արցախի մշակույթի ու երիտասարդության հարցերի նախարարությունների հետ, կազմել է հագեցած ու տպավորիչ ծրագիր։
Շնորհակալություն հայտնելով նմանատիպ կարևոր ծրագրում Վանաձորը նույնպես ընդգրկելու, մարզկենտրոնի տաղանդաշատ փոքրիկների համար վարպետաց դասեր անցկացնելու ու նրանց բարձրակարգ մշակույթին հաղորդակից դարձնելու համար ՝ Գ. Մարկոսյանը Շահան Արծրունուն պարգևատրեց Լոռու մարզպետի շնորհակալագրով: Նա հույս հայտնեց, որ նմանատիպ նախաձեռնությունները շարունակական բնույթ կկրեն՝ծառայելով իրենց նպատակին և հնարավորություն տալով ավելի շատ երեխաների մասնակից դառնալու այս կարևոր ծրագրին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:18:13