Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ Մարգահովիտ համայնքում հիմնվել է ջերմատուն-տնկարան

17.06.2019

 «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ հունիսի 15-ին տեղի ունեցավ Լոռու մարզի Մարգահովիտ համայնքում Բիլեզիկյանների հովանավորությամբ ստեղծված նոր ջերմատան բացման արարողությունը, որին ներկա էին նաև մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը, մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության աշխատակիցներ, Բիլեզիկյանների ընտանիքը Բոստոնից, «Էյ Թի Փի»-ի գործադիր տնօրեն Ջինմարի Փափելյանն ու անձնակազմը, Մարգահովիտ համայնքի ղեկավար Սամվել Անանյանն ու մի շարք այլ հյուրեր:
Բացման հանդիսավոր արարողությանը մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը մարզպետ Անդրեյ Ղուկասյանի և անձամբ իր անունից շնորհակալություն հայտնեց Բիլեզիկյան ընտանիքին՝ իրենց ընտանիքի ավագի՝ Չարլզ Գ. Բիլեզիկյանի առաքելությունը շարունակելու համար: Նա վստահեցրեց, որ Լոռու մարզպետարանը մշտապես պատրաստակամ է աջակցելու աշխատանքների իրականացման ցանկացած փուլում կանգնելու կազմակերպության կողքին:
Ջերմոցը գտնվում է Օհանյան ընտանիքի անվան բնապահպանական կրթության կենտրոնի հարակից տարածքում, որտեղ տարեկան հյուրընկալվում է ավելի քան 2000 աշակերտ: Տարածքում տեղակայված են 250 քմ ընդհանուր մակերեսով ջերմոց, երկհարկանի շինություն և «Էյ Թի Փի»-ի առաջին բացօթյա դասարանը:
Բացօթյա դասարանի ստեղծումը կնպաստի «Էյ Թի Փի»-ի բնապահպանական կրթության ծրագրերի ընդլայնմանը և միաժամանակ երեխաներին հնարավորություն կընձեռի զարգացնելու իրենց գործնական հմտությունները: Ավելին, դասերի անցկացումը կանաչ տարածքում երեխաներին կօգնի ավելի մոտիկից շփվելու բնության հետ: Դասերի ընթացքում երեխաները կարող են նաև կատարելագործել իրենց հմտությունները՝ տնկելով որոշ ծառատեսակներ և հետագայում հետևելով իրենց աշխատանքներին: Նրանք կարող են իրականացնել հետազոտական տարբեր ծրագրեր, ինչպես նաև ուսումնասիրել էկոհամակարգերը և իրենց շրջակա միջավայրի բաղադրիչ հանդիսացող կենսաբազմազանությունը:
«Մեր ուսանողները շատ ոգևորված են բացօթյա տարածքներով: Կարծում ենք, որ մեզ հյուրընկալող ուսանողներն ու ուսուցիչները հետագայում կհետևեն մեր օրինակին և իրենց դպրոցներում ևս կստեղծեն կանաչ տարածքներ: Այս ծրագիրը էապես կնպաստի դպրոցներում« հավասարը հավասարին» ուսուցման մեթոդին»,- նշեց Հիմնադրամի բնապահպանական կրթության բաժնի ղեկավար Քրիստինե Հովսեփյանը:
Նոր փորձարարական ջերմոցը հնարավորություն կտա «Էյ Թի Փի»-ին՝ բարելավելու ծառերի որակն ու կպչողականության մակարդակը: Վերջինս ունի տարեկան շուրջ 30000 տնկի աճեցնելու հնարավորություն: Ջերմոցի աշխատանքների հաջող ընթացքն ապահովելու համար ստեղծվել է նաև հարակից շինություն, որը ծառայում է որպես լաբորատորիա սերմերի որակը ստուգելու համար: Շինությունը ունի նաև սերմերի և բուսակների համար նախատեսված պահուստային սենյակ, ինչպես նաև աշխատողների սենյակ: Վերնահարկը նախատեսված է այցելուների համար, որտեղ նրանք կարող են մնալ գիշերակացով և վայելել Լոռվա գեղեցիկ ու յուրահատուկ բնությունը:
Ջերմոցային համալիրը նվիրաբերվել է «Էյ Թի Փի»-ին՝ ի հիշատակ Չարլզ Գ. Բիլեզիկյանի: Իր կնոջ՝ Դորինի հետ, նա հիմնել էր մի բիզնես, որը կոչել էին The Chirstmas Tree Shops: Չարլզը նաև առատաձեռն բարերար էր: Նա սիրում էր Հայաստանը և իր սրտում մշտապես նվիրական զգացումով էր լցված «Էյ Թի Փի»- ի առաքելության նկատմամբ, այն է ՝ ծառերի միջոցով հայ ժողովրդի կենսամակարդակը բարձրացնելը: 2016թ.-ին Չարլզի մահից հետ, նրա կինը, զավակներ Գրեգորին և Ջեֆրին որոշեցին հարգանքի տուրք մատուցել կանաչ Հայաստան ունենալու նրա փափագին՝ հովանավորելով այս նախագիծը ՝ ի հիշատակ Չարլզի:
«Անչափ երախտապարտ ենք Բիլեզիկյան ընտանիքին այս ծրագիրը հովանավորելու համար: Այն ոչ միայն կստեղծի նոր հնարավորություններ մեր ուսանողների համար և կօգնի զարգացնել իրենց համայնքը, այլև կբարելավի մեր անտառների որակը»,- եզրափակեց տիկին Փափելյանը:
1994թ-ից մինչ այժմ «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը տնկել է ավելի քան 5.700.000 ծառ: «Էյ Թի Փի»-ն Հայաստանում ծառատունկ իրականացնող ամենախոշոր կազմակերպություններից է և իր գործունեության 25 տարվա ընթացքում հաջողությամբ հիմնադրել է 4 տնկարան, երկու բնապահպանական կրթական կենտրոն և կանաչապատել Հայաստանի և Արցախի ավելի քան 1200 համայնքային տարածք: Այս ընթացքում կազմակերպությունը աշխատատեղերով է ապահովել հարյուրավոր մարդկանց և կենսական նշանակության միջոցներ տրամադրել հազարավոր գյուղացիների:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 09:34:12