Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Միասին պայծառ է

17.06.2019

 Հունիսի 15-ին Վանաձորի Հայք հրապարակում անկացվեց «Միասին պայծառ է» (#ՄիասինՊայծառԷ) էներգաարդյունավետության փառատոնը, որին մասնակցում էին մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, մարզպետարանի և քաղաքապետարանի պաշտոնյաներ, փոքրիկներ, երիտասարդներ, բազմաթիվ հյուրեր:
Փառատոնը, որը 2016թ.-ից ավանդաբար անցկացվում է Ռուսաստանում (#ВместеЯрче), էներգաարդյունավետության և էներգիայի խնայողության մասին իրազեկող ամենախոշոր միջոցառումներից է: 2018թ.-ից այն դարձել է տարածաշրջանային ԵԱՏՄ երկրների համար և այս տարի առաջին անգամ անցկացվում է Հայաստանում՝ չքնաղ Վանաձորում:
Փառատոնի նպատակն է հանրության շրջանում էներգաարդյունավետության վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացումը, երիտասարդների շրջանում էներգաարդյունավետության, էներգախնայող տեխնոլոգիաների և վերականգնվող էներգետիկայի նկատմամբ ճանաչողական հետաքրքրություն և ստեղծագործական մտքի խթանումը, ինչպես նաև դպրոցականների և երիտասարդենրի շրջանում շրջակա միջավայրի պահպանման նկատմամբ ակտիվ դիրքորոշման ձևավորումը:
Հայաստանում փառատոնն իրականացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը՝ «Եվրասիական տնտեսական միության երկրներում էներգիայի արդյունավետության խթանման կարգավորող շրջանակ» ծրագրի (ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության և իրականացվում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի կողմից) համաֆինանսավորմամբ և մեթոդական աջակցությամբ: Միջոցառման գործընկերներն են «Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը», ինչպես նաև մի շարք հասարակական կազմակերպություններ:
Միջոցառման բացման առիթով ողջույնի և շնորհավորանքի խոսքով հանդես եկավ մարզպետ Անդրեյ Ղուկասյանը.
-Մեծ պատիվ ու պատասխանատվություն է կարևորագույն այս նախաձեռնության մասնակիցներին հյուրընկալելու հենց Վանաձորում: Նմանատիպ ծրագրերը մեծապես նպաստում են նաև զբոսաշրջության զարգացմանը, մշակութային կյանքի աշխուժացմանն ու ստեղծում աշխարհի հետ երկխոսելու, նրանց առաջավոր փորձն ու հմտությունները մեզ մոտ կիրառելու լայն հնարավորություններ: Վստահ եմ, որ այս փառատոնի արդյուքում կբազմապատկվեն էներգաարդյունավետության վերաբերյալ մեր ազգաբնակչության գիտելիքներն ու փորձը, երիտասարդների շրջանում կձևավորվի հոգատար վերաբերմունք շրջակա միջավայրի պահպանման նկատմամբ,-ասաց մարզի ղեկավարը՝ նմանատիպ ծրագրերի իրականացման առումով կարևորելով պետական, միջազգային և մասնավոր կառույցներ, քաղհասարակություն ակտիվ համագործակցությունը:
Փառատոնի ընթացքում իրականացվեցին գիտափորձեր, մրցույթներ, վարպետության դասեր: Մասնակցների համար կազմակերպվել էր նաև մշակութային ժամանց՝ տիկնիկային թատրոն, լուսանկարահանում հեքիաթային տաղավարում, համերգային ծրագիր «Լավ էլի» և «Clocker» ռոք խմբերի մասնակցությամբ:
Փառատոնին միացել էր նաև մասնավոր հատվածը: Էներգախնայողության քաղաքականություն վարող «Վեգա» ընկերության աշխատակիցները մասնակիցներին տեղեկացրեցին, թե ամենօրյա օգտագործման կենցաղային տեխնիկան ինչ դեր ունի էներգախնայողության գործում, տեղում ցուցադրեցին և սովորեցրեցին՝ ինչպես ընտրել էներգարադյունավետ տեխնիկա՝ հօգուտ բնության և սեփական գրպանի:
• Փառատոնի հաջորդ օրը՝ հունիսի 16-ին ՔՈԱՖ Սմարթ կենտրոնում (Դեբեդ) անցկացվեց աշխատանքային քննարկում, որի շրջանակում էներգաարդյունավետության ոլորտի դերակատարներն ու մասնագետները քննարկեցին էներգաարդյունավետության, վերականգնվող էներգետիկայի ոլորտում նոր՝ էներգախնայող տեխնոլոգիաների առանձնահատկությունները, համայնքներում էներգաարդյունավետության ուղղությամբ կատարված աշխատանքներն ու մինչ այժմ իրականացրած ծրագրերի արդյունքները:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-22 17:14:20