Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռու մարզպետ. «Ամեն ինչ պետք է արվի, որպեսզի Լոռու մարզի թիմը ոչ միայն ներկայացուցչական լինի, այլև բազում հաղթանակներով վերադառնա 7-րդ Համահայկական խաղերից խաղերից»
13.06.2019
7-րդ համահայկական խաղերի մեկնարկն այս տարի կտրվի օգոստոսի 6-ին և կշարունակվի մինչև օգոստոսի 17-ը: Բացման արարողությունը և մրցումային 3 օրերը կանցկացվեն Արցախի Հանրապետությունում՝ մայրաքաղաք Ստեփանակերտում, այդուհետև՝ Երևանում: Ընդհանուր առմամբ մրցաշարեր կանցկացվեն 17 մարզաձևերից, որոնցից 7-ը՝ Արցախում:
Լոռու մարզի պատշաճ մասնակցությանն ուղղված մի շարք կազմակերպչական հարցերի քննարկման նպատակով մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հունիսի 13-ին խորհրդակցություն էր հրավիրել Լոռու մարզպետարանում: Մասնակցում էին մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ և մարզի Վանաձոր, Ալավերդի, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքների ղեկավարներն ու ներկայացուցիչները:
Կարևորելով Համայհայկական խաղերի մեկնարկը Արցախի Հանրապետությունում՝ մարզպետը նշեց, որ այն ներկա քաղաքական իրավիճակում շատ կարևոր դերակատարություն ունի.
-Այս միջոցառումը կարտացոլի Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը և յուրաքանչյուր հայի համար չափազանց կարևոր է, որ այն կազմակերպվի և անցկացվի բարձր մակարդակով,-ասաց Ա. Ղուկասյանը:
Նա իր խոսքում նշեց, որ ամեն ինչ պետք է արվի, որպեսզի Լոռու մարզի թիմը ոչ միայն ներկայացուցչական լինի, այլև բազում հաղթանակներով վերադառնա խաղերից:
Քաղաքային համայնքների պատասխանատուները մարզի ղեկավարին ներկայացրեցին նախնական պատվիրակությունների կազմերը՝ նշելով, որ մասնակցիների ընդհանուր թիվը՝ 214 է: Դարձյալ նախնական տվյալներով Լոռու մարզը մասնակցություն կունենա ֆուտզալ, ձեռքի գնդակ, շախմատ, բազկամարտ, սեղանի թենիս, աթլետիկա, բադմինթոն, լող, վոլեյբոլ սպորտաձևերից անցկացվող մրցաշարերին:
Մարզպետն առաջարկեց ավելացնել մարզիկների թիվը՝ հնարավորության դեպքում մարզիկներ ընդգրկելով նաև հարակից համայնքներից, որոնք հանդես կգան նշված 5 քաղաքային համայնքների թիմերի կազմերում:
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նաև մարզահագուսի, կեցության հետ կապված և մի շարք այլ կազմակերպչական հարցեր:
Ա. Ղուկասյանի հանձնարարությամբ մասնակցության վերջնական տվյալները պատրաստ կլինեն արդեն հունիս 24-ին: