Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզի ղեկավարը ներկա գտնվեց Վանաձորի կերպարվեստի թանգարանի 45-ամյակին նվիրված ցուցահանդեսի բանցմանը

10.06.2019

 Վանաձորի կերպարվեստի թանգարանի 45-ամյակի առթիվ հոբելյանական ցուցահանդես էր կազմակերպվել՝ նվիրված Հովհաննես Թումանյանի ու Կոմիտասի ծննդյան 150-ամյակներին, որին ներկա էին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, մշակութային գործիչներ, հարգարժան այրեր:
Թանգարանը հիմնվել է 1974թ.՝ իբրև Հայաստանի Պետական պատկերասրահի (այժմ՝ Հայաստանի Ազգային պատկերասրահ) մասնաճյուղ (ճարտարապետ՝ Լևոն Խաչատրյան): 1979թ. վերակազմավորման արդյունքում ձևավորվել է իբրև կերպարվեստի թանգարան՝ Կիրովականի գործկոմի ենթակայության տակ: Այսօր՝ Վանաձորի համայնքապետարանի ենթակայությամբ գործող կազմակերպություն է:
Թանգարանի շենքը 2004թ. ՀՀ կառավարության որոշմամբ ներառվել է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում:
Թանգարանում ներկայացվում է հիմնականում 20-րդ դարակեսի և արդի հայ կերպարվեստը՝ գեղանկար, գրաֆիկա, քանդակ, դեկորատիվ արվեստ:
Թանգարանն իրականացնում է իր հիմնական գործառույթը՝ պահպանել, ներակայացնել և հանրահռչակել մշակույթի արժեքները:
Հիմնադրման տարուց ի վեր մինչ 2019թ. թանգարանում բացվել է թվով 280 ցուցահանդես-միջոցառում, որից 141 ցուցահանդես և 72 տարաբնույթ միջոցառումներ՝ սկսած 2002թ.:
Թանգարանում, ժամանակի պահանջներին համահունչ, իրականացվում են նաև կրթական, ճանաչողական, գիտական գործառույթներ, որոնց շնորհիվ ընդլայնվում է թանգարանի լսարանը, իսկ գործունեությունը դառնում բազմազան ու հանրաճանաչ:
Ցուցահանդեսի բացման կապակցությամբ ողջույնի խոսքով հանդես եկավ մարզպետ Անդրեյ Ղուկասյանը.
-Ջերմորեն շնորհավորում եմ մեզ՝ բոլորիս, Կիրովական-Վանաձորի այցեքարտն ու մշակութային անձնագիրը դարձած Վանաձորի կերպարվեստի թանգարանի 45-ամյակի կապակցությամբ:
Շնորհավորում եմ նաև հոբելյանական ցուցահանդեսի այսօրվա մասնակիցներին, ովքեր ներկայացել են ոչ միայն հանրապետության մարզերից ու քաղաքներից, այլև արտերկրից՝ Ֆրանսիա, Լեհաստան, Լիտվա, Ռուսաստան: Խորհրդանշական է նաև, որ ցուցահանդեսին մասնակցում է 100 նկարիչ և այն նվիրված է Հովհաննես Թումանյանի ու Կոմիտասի ծննդյան 150-ամյակներին:
Շնորհավորում ու շնորհակալություն եմ հայտնում նաև թանգարանի հետ առնչություն ունեցած և դրա պահպանման գործում ավանդ ներդրած անհատներին ու կազմակերպություններին, իսկ թանգարանի կոլեկտիվին մաղթում եմ առողջություն, բարձր տրամադրություն և արժանապատիվ աշխատանքին համապատասխան արժանապատիվ կյանք,-իր խոքում մասնավորապես նշեց նա:
Ազգային մշակույթի պահպանման, զարգացման և տարածման գործում ունեցած նշանակալի ավանդի և բարեխիղճ աշխատանքի համար, Վանաձորի կերպարվեստի թանգարանի 45-ամյակի առթիվ մարզպետը շնորհակալագրերով պարգևատրեց թանգարանի տնօրեն Փափագ Ալոյանին, թանգարանի փոխտնօրեն Հայկուհի Ավագյանին,գիտքարտուղար Նարինե Պետրոսյանին:
Փափագ Ալոյանն իր հերթին շնորհակալագրեր հանձնեց բոլոր աշխատակիցներին, իսկ աշխատակիցները՝ սիրելի տնօրենին:
Ողջույնի և շնորհավորանքի խոսքեր ասացին նաև Մամիկոն Ասլանյանը, Փափագ Ալոյանը, Մշակույթի վաստակավոր գործիչ, դրամատուրգ Սամվել Խալաթյանը: Իր օրհնությունը հղեց Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգևոր հովիվ տեր Վահան քահանա Ազարյանը:
Ցուցահանդեսի բացման պատիվը տրվեց Լոռու մարզպետին և Վանաձորի քաղաքապետին:
Հյուրերը շրջայց կատարեցին՝ ծանոթանալով ներկայացված աշխատանքներին: Ցուցահանդեսին ներկայացված էր 100 նկարչի գործ: Ցուցահանդեսն ամբողջանում էր հրատարակված պատկերագրքով, որտեղ զետեղված էին մասնակիցների ստեղծագործությունները:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:39:23