Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետը պատրաստակամություն հայտնեց աջակցելու գործարարին. նախկին պիոներական ճամբարի տարածքում հանգստի գողտրիկ անկյուն է կառուցվում
07.06.2019
Մարզպետ Անդրեյ Ղուկասյանն հունիսի 6-ին եղավ Վանաձորի գեղատեսիլ բնության գրկում ծվարած՝ նախկին Շինարարների պիոներական ճամբարի տարածքում, ուր մեծածավալ ներդրումների արդյունքում հանգստի գողտրիկ անկյուն է կառուցվում:
Ծնունդով կաթնաջուրցի, ռուսաստանաբնակ գործարար Դավթ Նիկողոսյանը, որդիների հետ զգալի ներդումներ կատարելով, երբեմնի ավերակ տարածքն իսկական դրախտավայրի է վերածել: Հանգստի գոտու շինարարությունը սկսվել է դեռևս 6 տարի առաջ, և այն իր դռները հանգստացողների համար կբացի արդեն հաջորդ տարի: Կառուցվել են հյուրանոցային 5 համալիր՝ բոլոր հարմարություններով, ռեստորանային համալիր, ևս երկու դահլիճ խնջույքների համար, շատրվաններ: Տարածքը բարեկարգվել է, կանաչապատվել, ենթակառուցվածքները ևս կարգի են բերվել: Այն պատրաստ կլինի ընդունելու 50-60 հանգստացողների:
Մարզի ղեկավարը շրջեց տարածքում, ծանոթացավ կատարված աշխատանքներին և ապագայի ծրագրերին:
Գործարարը մարզի ղեկավարին դիմել էր դեռևս օրեր առաջ, հնարավորության դեպքում այդ հատվածում նոր տարածքներ ձեռքբերելու և նոր ներդրումներ կատարելու աջակցության խնդրանքով: Մարզպետ Անդրեյ Ղուկասյանը պատրաստակամություն էր հայտնել և նշել, որ օրենքի սահմաններում կարվի առավելագույնը գործարարին աջակցելու համար, խոստացել անձամբ այցելել: Այցի շրջանակներում մարզի ղեկավարը ևս մեկ անգամ վերահաստատեց իր պատրասատակամությունը և նշեց, որ ծրագիրը մեծ աջակցություն է՝ ուղղված մարզում զբոսաշրջության զարգացմանը, իսկ զբոսաշրջությունը մարզի զարգացման կարևոր ուղղություններից մեկն է:
Գործարարը երախտագիտություն հայտնեց մարզպետին արագ արձագանքելու համար ու վստահեցրեց, որ հնարավորությունների սահմաններում պատրաստակամ է նորանոր ներդումներ կատարելու հայրենի մարզում: