Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը ներկա գտնվեց Վազգեն Բադալյանի 65-ամյակին նվիրված անհատական ցուցահանդեսի բացմանը

03.06.2019

Այսօր մարզպետ Անդրեյ Ղուկասյանը մարզպետարանի մի խումբ պաշտոնյաների ուղեկցությամբ Գեղագիտության ազգային կենտրոնի Վանաձորի մասնաճյուղում ներկա գտնվեց ՀՀ վաստակավոր մարզիչ, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, Վանաձորի պատվավոր քաղաքացի, Հայաստանի նկարիչների միության անդամ, Մաշտոց հանդեսի գեղարվեստական խմբագիր Վազգեն Բադալյանի 65-ամյակին նվիրված անհատական ցուցահանդեսի բացմանը:

Վ. Բադալյանը մարզի ղեկավարին և հյուրերին ներկայացրեց  իր աշխատանքները՝ անդրադառնալով նաև նրանց ստեղծման ուշագրավ պատմություններին: Մարզի ղեկավարն իր խոսքում բարձր գնահատեց Վ. Բադալյանի ներդրումը ոչ միայն գեղարվեստի, այլև բոլոր այն բնագավառներում, որտեղ նա դրսևորվելու հնարավորություն է ունեցել:

Մարզպետը Վազգեն Բադալյանին նաև շնորհավորագիր հանձնեց, որտեղ մասնավորապես նշված էր.

«Դուք մեծ ներդրում ունեք մարզի և հանրապետության մշակույթի և սպորտի զարգացման, ինչպես նաև ոստիկանության համակարգում հայրենիքին մատուցած արդյունավետ ծառայության գործում: Ձեր սաները բազմիցս պատիվ են բերել Վանաձորին և Հանրապետությանը՝ միջազգային մրցասպարեզներում ցուցաբերած բարձր արդյունքներով: Ձեր գեղանկարչությունը ևս գնահատված և կարևորված է արվեստասեր հանրության ու մշակույթի գործիչների կողմից: Մենք բարձր ենք գնահատում նաև Ձեր անբասիր ծառայությունը ոստիկանության համակարգում: Սրտանց շնորհավորում  եմ Ձեզ ծննդյան 65-ամյակի առթիվ և մաղթում նորանոր նվաճումներ Ձեր բազմաշավիղ գործունեության մեջ»:

Վ. Բադալյանն իր աշխատանքներից մեկը նվիրեց մարզի ղեկավարին:

Օգտվելով առիթից՝ մասնաճյուղի տնօրեն Կարինե Գլոյանի ուղեկցությամբ Ա. Ղուկասյանը շրջեց նաև կենտրոնի նկարչության և գորգագործության դասարաններում, ծանոթացավ աշխատանքներին:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 09:45:22