Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետը ներկա գտնվեց Վազգեն Բադալյանի 65-ամյակին նվիրված անհատական ցուցահանդեսի բացմանը
03.06.2019
Այսօր մարզպետ Անդրեյ Ղուկասյանը մարզպետարանի մի խումբ պաշտոնյաների ուղեկցությամբ Գեղագիտության ազգային կենտրոնի Վանաձորի մասնաճյուղում ներկա գտնվեց ՀՀ վաստակավոր մարզիչ, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, Վանաձորի պատվավոր քաղաքացի, Հայաստանի նկարիչների միության անդամ, Մաշտոց հանդեսի գեղարվեստական խմբագիր Վազգեն Բադալյանի 65-ամյակին նվիրված անհատական ցուցահանդեսի բացմանը:
Վ. Բադալյանը մարզի ղեկավարին և հյուրերին ներկայացրեց իր աշխատանքները՝ անդրադառնալով նաև նրանց ստեղծման ուշագրավ պատմություններին: Մարզի ղեկավարն իր խոսքում բարձր գնահատեց Վ. Բադալյանի ներդրումը ոչ միայն գեղարվեստի, այլև բոլոր այն բնագավառներում, որտեղ նա դրսևորվելու հնարավորություն է ունեցել:
Մարզպետը Վազգեն Բադալյանին նաև շնորհավորագիր հանձնեց, որտեղ մասնավորապես նշված էր.
«Դուք մեծ ներդրում ունեք մարզի և հանրապետության մշակույթի և սպորտի զարգացման, ինչպես նաև ոստիկանության համակարգում հայրենիքին մատուցած արդյունավետ ծառայության գործում: Ձեր սաները բազմիցս պատիվ են բերել Վանաձորին և Հանրապետությանը՝ միջազգային մրցասպարեզներում ցուցաբերած բարձր արդյունքներով: Ձեր գեղանկարչությունը ևս գնահատված և կարևորված է արվեստասեր հանրության ու մշակույթի գործիչների կողմից: Մենք բարձր ենք գնահատում նաև Ձեր անբասիր ծառայությունը ոստիկանության համակարգում: Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 65-ամյակի առթիվ և մաղթում նորանոր նվաճումներ Ձեր բազմաշավիղ գործունեության մեջ»:
Վ. Բադալյանն իր աշխատանքներից մեկը նվիրեց մարզի ղեկավարին:
Օգտվելով առիթից՝ մասնաճյուղի տնօրեն Կարինե Գլոյանի ուղեկցությամբ Ա. Ղուկասյանը շրջեց նաև կենտրոնի նկարչության և գորգագործության դասարաններում, ծանոթացավ աշխատանքներին: