Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Որևէ պատճառաբանություն կամ արդարացում չի կարող ընդունվել, արդյունքը կատարված աշխատանքը պետք է լինի». Լոռու մարզպետն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց

30.05.2019

Մայիսի 29-ին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաների և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ:
Մինչ խորհրդակցության օրակարգային հարցերին անցնելը, մարզպետը շնորհավորեց մարզպետի նորանշանակ տեղակալ Գայանե Մարկոսյանին՝ պատասխանատու պաշտոն ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով աշխատանքային հաջողություններ: Գայանե Մարկոսյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց մեծ վստահության համար և նշեց, որ կանի հնարավորինն իր վրա դրված պատասխանատվությունն արդարացնելու և պարտավորությունները պատվով իրականացնելու համար:
Մարզպետարանի գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Խաչատրյանը և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրեցին մարզի ղեկավարի և տարբեր գերատեսչությունների կողմից տրված հանձնարարականների ընթացքը՝ անդրադառնալով նաև գրանցված արդյունքներին և բացթողումներին:
Մասնավորապես անդրադարձ կատարվեց հարկերի հավաքագրման առումով արձանագրված թերացումներին, առողջապահության և կրթության ոլորտներում անցկացված թափուր աշխատատեղերի մրցույթների արդյունքներին, քաղաքաշինության ոլորտում իրականացվող ճանապարհաշինական և ջրամատակարարման, հողհատկացումների, հողատեսքերի փոփոխության, արտաքին կապերի, գյուղատնտեսական աշխատանքներին վերաբերող և մի շարք այլ հարցերի:
Հարկերի հավաքագրման առումով մարզի ղեկավարի դիտարկումները խիստ էին: Նա հանձնարարեց ամենօրյա ռեժիմով աշխատել թերացող համայնքների հետ:
-Որևէ պատճառաբանություն կամ արդարացում չի կարող ընդունվել, արդյունքը կատարված աշխատանքը պետք է լինի,-ասաց Ա. Ղուկասյանը:
Ճանապարհաշինական աշխատանքների առումով մարզի ղեկավարի մոտեցումը դարձյալ խիստ էր. ամենշաբաթյա ռեժիմով կվերահսկվեն ճանապարհների ամառային սպասարկումը, ինչպես նաև մարզկենտրոնում կատարվող փոսալցման աշխատանքները: Մարզի ղեկավարը նաև նշեց, որ իր ամենօրյա ուշադրության կենտրոնում է Մ6-Մարց-Աթան ճանապարհին ստեղծված սողանքային իրավիճակը և վերջինիս նպատակաուղղված աշխատանքները:
Ընդամենը օրեր անց՝ հունիսի 8-ին կանցկացվի «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում իրականացվող այս տարվա արդեն երկրորդ շաբաթօրյակը: Աշխատանքները կհամակարգի մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը: Շաբաթօրյակի պատշաճ կազմակերպման վերաբերյալ ևս հանձնարարականներ տրվեցին:
Մարզի ղեկավարը հողաշինության և հողօգտագործման բաժնին հանձնարարեց առավելագույն կերպով համագործակցել ներդրողների հետ՝ հողահատկացումների հետ կապված, աջակցել նրանց և զեկուցել: Բաժնի պետ Արտակ Օհանյանի տեղեկացմամբ, մարզի գազալցակայաններում սանհանգույցների կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են և միայն 5 գազալցակայանում են փոքր-ինչ հապաղում, թեև խոստացել են առաջիկայում սկսել: Նրա տեղեկացմամբ առաջիկայում կմեկնարկեն նաև մարզի հողային հաշվեկշռի կազմման աշխատանքները:
Գարնանացանի աշխատանքների վերաբերյալ զեկուցեց գյուղատնտեսության և բնապահպանության վարչության գյուղատնտեսության բաժնի պետ Արտյոմ Շահվերդյանը: Նրա տեղեկացմամբ գարնանացանն այս տարի կազմել է 11.200 հա, 1200 հա-ով ավելի քան նախորդ տարի: Ցանվել է 1805 հա գարի, 400 հա ցորեն, 2000 հա կարտոֆիլ, 800 հա բանջարեղեն, 6000 հա կերային մշակաբույսեր և այլն: Նա նշեց, որ մարզը բավականին ակտիվ մասնակցություն ունի պետական աջակցությամբ իրականացվող գյուղատնտեսական ծրագրերին մասնակցության առումով: Ա. Ղուկասյանն ի հավելում ասվածի՝ նշեց, որ մարզպետարանը ևս ամեն ինչ պետք է անի գյուղատնտեսական ծրագրերը խրախուսելու համար:
Քննարկվեցին նաև մի շարք այլ օրակարգային հարցեր, տրվեցին հանձնարարականներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:39:23