Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հայաստանի առաջին Հանրապետությանը և մայիսյան հերոսամարտերին նվիրված տոնակատարությունը նշվեց նաև մարզկենտրոնում
29.05.2019
Հայաստանի առաջին Հանրապետությանը և մայիսյան հերոսամարտերին նվիրված տոնակատարությունն այս տարի ևս Վանաձորում կազմակերպվել էր հանդիսավորությամբ: Վանաձորի Կոտրած եկեղեցու տարածքում կազմակերպված միջոցառմանը մասնակցում էին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, ԱԺ պատգամավոր Արփինե Դավոյանը, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, ուժային կառույցների ղեկավարներ, Երկրապահ կամավորական միության ներկայացուցիչներ, հյուրեր: Միջոցառումը վարում էր դերասան, ասմունքող Ջիվան Սարգսյանը: Բացման խոսքից հետո հնչեց ՀՀ պետական օրհներգը, որից հետո ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին նահատակների հիշատակը: Օրհնության խոսք ասաց, ապա նաև հոգեհանգստի կարգ կատարեց Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը՝ ի հիշատակ Ղարաքիլիսայի հերոսամարտի նահատակների: Լոռեցիներին տոնի կապակցությամբ շնորհավորեցին և պատմական էքսկուրս կատարելով՝ 101-ամյա վաղեմության իրողություններն իրենց ելույթներում ներկայացրեցին մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, Աժ պատգամավոր Արփինե Դավոյանը, Վանաձորի քաղաքապետի տեղակալ Արման Բերնեցյանը: