Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հանդիսավորությամբ բացվեց Տաշիրի մշակույթի կենտրոնի վերակառուցված շենքը
27.05.2019
Մայիսի 25-ին Տաշիր քաղաքում հանդիսավորությամբ բացվեց «Տաշիրի մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ-ի վերակառուցված շենքը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը,Գուգարաց թեմի առաջնորդ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, Տաշիր խոշորացված համայնքի ղեկավար Էդգար Արշակյանը, «Տաշիր» հիմնադրամի ներկայացուցիչները, համայնքների ղեկավարներ, այլ պաշտոնատար անձինք, հյուրեր: Շինարարական աշխատանքները սկսվել են 2017 թ. «Տաշիր» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ և ֆինանսական աջակցությամբ: Շենքի վերակառուցման և գույքի ձեռքբերման համար «Տաշիր» հիմնադրամը ներդրել է շուրջ 400 մլն. դրամ: Նորամուտի կապակցությամբ տաշիրցիներին ողջունեց և շնորհավորեց մարզպետ Անդրեյ Ղուկասյանը: Նա իր խոսքում շնորհակալություն հայտնեց «Տաշիր» հիմնադրամին մարզում հերթական բարեգործական ծրագրի իրականացման համար և մեկ անգամ ևս շեշտեց, որ մարզպետարանը մշտապես պատրաստ է աջակցելու մարզում իրականացվող ներդրումային ծրագրերին: -Ուզում եմ վստահ լինել, որ տաշիրցիներն այս շինությունը կպահպանեն աչքի լույսի պես, իսկ համայնքի ղեկավարությունը կանի հնարավորինը՝ Տաշիրի մշակութային կյանքն աշխուժացնելու համար,-ասաց Ա. Ղուկասյանը: Օրհնության խոսք ասաց Գուգարաց թեմի առաջնորդը: Նա նաև տնօրհնեքի կարգ կատարեց: Այնուհետև ներկաները հնարավորություն ունեցան շրջելու տարածքում, ծանոթանալու ստեղծված պայմաններին: Եռահարկ, ժամանակակից պահանջներին համապատասխան, բազմաֆունկցիոնալ մշակույթի օջախը Կարապետյան եղբայրների հերթական նվերն է Տաշիր համայնքին: Այն Տաշիրի բնակչությանը պատրաստ է մատուցելու բազմաբնույթ ծառայություններ: Շինաշխատանքներն իրականացվել են ինժեներ-շինարար Գուրգեն Ավդալյանի ղեկավարությամբ: Կենտրոնում կգործեն տարեցների հանգստի և ժամանցի սենյակ, շախմատի ակադեմիայի դասարան, շախմատի, նկարչական, ձևավորման, կառվինգի,կար ու ձևի ուսուցման խմբակներ, պարի, դուդուկի, վոկալի դասարաններ: Մոտ ապագայում իր դռները կբացի նաև գրադարանը: Կենտրոն հաճախում է ընդհանուր թվով 250 երեխա: Այստեղ նախատեսվում է կազմակերպել համերգներ և ներկայացումներ, երաժշտական, թատերական, արվեստի փառատոներ և ցուցահանդեսներ: Դահլիճները և սրահները կտրամադրվեն տարաբնույթ միջոցառումների անցկացման համար: Տաշիրի մշակույթի տունը շահագործվել է 1978 թվականին: 2002 թ. «Փրկենք երեխաներին» միջազգային կազմակերպության միջոցներով շենքը մասնակի վերանորոգվել է: Մշակույթի տունը խարխուլ վիճակում էր, և հիմնանորոգման աշխատանքներ էին պահանջում կառույցին նոր շունչ հաղորդելու համար: Այցի շրջանակներում նախարար Սուրեն Պապիկյանը, մարզպետ Անդրեյ Ղուկասյանի և համայնքի ղեկավարի ուղեկցությամբ շրջեց քաղաքի հրապարակում, որը նույնպես հիմնադրամի նվերն է տաշիրցիներին և տեղի կարի ֆաբրիկայում: