Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետն աշխատանքային այցով Տաշիրի տարածաշրջանում էր
24.05.2019
Մայիսի 23-ին մարզպետ Անդրեյ Ղուկասյանը մարզպետարանի մի խումբ պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ աշխատանքային այցով եղավ Տաշիր խոշորացված համայնքի կազմում գտնվող Մեղրահովիտ և Բլագոդարնոե բնակավայրերում: Այցի նպատակը համայնքների խնդիրներին տեղում ծանոթանալն էր, բնակիչների կողմից բարձրացված հարցերին հաղորդակից դառնալը:
Մարզպետը նախ խորհրդակցություններ անցկացրեց համայնքապետարաններում Տաշիրի քաղաքապետարանի ներկայացուցիչների, վարչական ղեկավարների և ավագանու անդամների մասնակցությամբ, ապա հանդիպեց ակտիվ բնակիչների հետ, շրջայց կատարեց դպրոցներում, բուժկետերում: Խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ կատարվեց հարկերի հավաքագրման խնդիրներին: Մարզպետն իր խոսքում նշեց, որ հարկերի հավաքագրումը համայնքների ղեկավարների պարտադիր լիազորությունն է, որը պատշաճ չկատարելը համարվում է լուրջ թերացում:
-Այն համայնքների ղեկավարներն, ովքեր հարկերի հավաքագրումը պատշաճ չեն իրականացնում, անելիք չունեն այդ պաշտոններում,-ասաց նա՝ նշելով նաև, որ գոհացուցիչ է համարվում 100 տոկոսից ոչ պակաս հավաքագրումը: Այս առումով բարձրացվեց բազաները ճշգրտելու անհրաժեշտությունը, բնակիչների մի մասի բացակայությունը հանրապետությունից և այլն: Փոխարենը Ա. Ղուկասյանը նշեց, որ պատճառաբանություններ հնչեցնելու փոխարեն անհրաժեշտ է համապատասխան քայլեր ձեռնարկել խնդիրները լուծելու ուղղությամբ:
Մեղրահովտի վարչական տարածքում բարձրացվեց 1,9 կմ ճանապարահատվածի սպասարկաման խնդիրը, ինչի վերաբերյալ մարզպետն անմիջապես քաղաքաշինության վարչությանը հանձնարարեց զբաղվել հարցով: Այստեղ ամենաարդիականը ճանապարհների բարեկարգման հրատապությունն է, անդրադարձ կատարվեց նաև վարելահողերի սակավությանը՝ առաջարկություն հնչեցնելով հողերի կարգերի փոփոխություն կատարել, կաթի մթերման կետ ունենալու խնդրին, տրանսպորտային միջոցի բացակայությանը, Նորամուտ բնակավայրի խմելու ջրագծի ոչ բարվոք վիճակին, բուժկետի կահավորման անհրաժեշտությանը, խաղահրապարակի բացակայությանը և այլն: Մարզի ղեկավարը, գույքագրելով խնդիրները, նշեց, որ դրանք լուծում կստանան ըստ առաջնահերթության՝ միաժամանակ առաջարկելով ակտիվորեն մասնակցել սուբվենցիոն ծրագրերին, համագործակցել տարբեր դոնոր կազմակերպությունների հետ: Այստեղ մարզպետն այցելեց նաև անասնաֆերմա, ծանոթացավ աշխատանքային պայմաններին:
Բլագոդարնոեի վարչական տարածքում Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ֆինանսավորմամբ շուրջ 2 կմ ջրագիծ է կառուցվում, ինչը մեծ աջակցություն է համայնքի համար: Այստեղ ևս արդիական էր ճանապարհների բարեկարգման հարցը: Համայնքը քիչ թե շատ շահեկան պայմաններում է. այստեղ մեծ անասնաֆերմա է գործում, պանրի 2 արտադրամաս կա, ինչը փոքր-ինչ մեղմում է համայնքի սոցիալական վիճակը:
Մարզպետն այստեղ եղավ պանրի արտադրամասում, ծանոթացավ աշխատանքային պայմաններին, պանրի արտադրությանը: Նա իր խոսքում ևս մեկ անգամ փաստեց, որ արտադրությունների ընդլայնման, ինչպես նաև նոր արտադրություններ հիմնելու դեպքում թե՛ մարզային իշխանությունները և թե՛ կառավարությունը պատրաստ են աջակցել:
Ետդարձին մարզի ղեկավարը եղավ նաև «Դուստր Մելանյա» ընկերությունում, ծանոթացավ արտադրատեսականուն և ստեղծված պայմաններին: Ա. Ղուկասյանն այստեղ ևս պատրաստակամություն հայտնեց անհրաժեշտության դեպքում աջակցություն ցուցաբերել: