Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
«Լավ մասնագետ լինելը բարեկեցիկ կյանքով ապրելու միակ պայմանն է». մարզպետն ընդունեց ավագ դպրոցների բարձր դասարանցիներին
22.05.2019
![](http://lori.mtad.am/files/n_pics/20505_s.jpg)
Այսօր մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ընդունեց «Առաջին անգամ ընտրող» իրազեկման ծրագրի մասնակից հանդիսացող Վանաձորի ավագ դպրոցների 10-12-րդ դասարանների մի խումբ աշակերտների: Ծրագիրն իրականացվում է Եվրամիության ֆինանսավորմամբ «Քաղաքացիական դասընթացներ» դպրոցի կողմից՝ նպատակ ունենալով բարձր դասարանցիներին գիտելիքներ տրամադրել ընտրակարգի, ընտրական գործընթացների վերաբերյալ:
Ողջունելով աշակերտներին և կարևորելով նմանատիպ ծրագրին մասնակից դառնալը՝ մարզպետը նշեց, որ ընտրություններին մասնակցելը յուրաքանչյուր չափահաս քաղաքացու պարտավորությունն է, իսկ կատարած ընտրությունը լրջագույն պատասխանատվություն՝ հաջորդ հինգ տարիների համար:
-Յուրքանչյուր քաղաքացի պետք է գիտակցի իր քվեի արժեքը և ոչ մի պատրվակով այն չվատնի հենց այնպես՝ հստակ գիտակցելով, որ հենց իր ձայնից է կախված համայնքի կամ երկրի ապագան,-ասաց Ա. Ղուկասյանը:
Ջերմ մթնոլորտում մարզպետը պատասխանեց երեխաների բազմաբնույթ հարցերին՝ կապված կրթական ոլորտում իրականացվող բարեփոխումների, երիտասարդական քաղաքականության, մարզի զարգացման ծրագրերի, մասնագիտական կողմնորոշման, աշխատատեղերի հետ և այլն:
-Լավ մասնագետ լինելը բարեկեցիկ կյանքով ապրելու միակ պայմանն է այսօր: Բարձրակարգ մասնագետ դառնալով՝ դուք նաև լիակատար ազատություն եք ստանում,- ասաց մարզպետը:
Դպրոցականները նաև նշեցին, թե ինչ մասնագիտություն են ընտրել և ինչ նպատակով: Ա. Ղուկասյանը պատրասակամություն հայտնեց երեխաների հետ պարբերաբար հանդիպումներ ունենալ, ոմանց անգամ մեկ օր մասնակից դարձնել իր աշխատանքային գործընթացին՝ նշելով նաև, որ պատրաստ է նրանց հետ քննարկել հետաքրքիր առաջարկություններ և գաղափարներ: