Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Սպիտակում վերանորոգվել և վերականգնողական նոր ծառայություններով է համալրվել Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնը և նոր ներառական խաղահրապարակ է կառուցվել
16.05.2019
Այսօր Սպիտակ համայնքում ՅՈՒՆԻՍԵՖ-ի Հայաստանյան գրասենյակի կողմից կազմակերպված միջոցառումներին ներկա գտնվեցին մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան նորին գերազանցություն Գոնզալո Ուրրիոլաբեիտիան, ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը, Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը, ՀՀ ԿԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Արա Էդոյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, մարզպետարանի և Սպիտակի քաղաքապետարանի պաշտոնյաներ, այլ ներկայացուցիչներ, հյուրեր:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի Հայաստանյան գրասենյակը Արգենտինայի ժողովրդի և Արգենտինայում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակի հետ համատեղ համախմբել է ջանքերն ու ռեսուրսները՝ «ՅՈՒՆԻՍԵՖ-ը Սպիտակի համար» ծրագիրն իրականացնելու նպատակով: Այս նախաձեռնության նպատակներից է՝ աջակցել համապարփակ համայնքահեն աջակցության ծառայությունների մատուցմանը Սպիտակում և հարակից համայնքներում, որի շահառուները կհանդիսանան առավել խոցելի ընտանիքներն ու երեխաները: Սպիտակում գտնվող Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնը վերանորոգվել ու կահավորվել է, կենտրոնն ապահովվել է ինտեգրված կրթական, սոցիալական աջակցության և սոցիալական աշխատանքի ծառայություններով: Բացի դրանից միևնույն ծրագրի շրջանականերում ՅՈՒՆԻՍԵՖ-ի Հայաստանյան գրասենյակը Լոռու մարզպետարանի և Սպիտակի քաղաքապետարանի հետ համատեղ ներառական և ինտերակտիվ խաղահրապարակ է կառուցել Սպիտակի հանրային այգում, որը հասանելի կլինի բոլոր՝ այդ թվում հաշմանդամություն ունեցող երեխաների համար՝ որպես հանգստի և զբաղվածության միջավայր:
Այս և համայնքահեն աջակցության կենտրոնի բացման առիթով, ողջույնի խոսքով հանդես եկավ մարզի ղեկավարը:
Նա իր խոսքում կարևորեց այն հանգամանքը, որ հատկապես խոցելի ընտանիքներին ուղղված կենտրոնի և խաղահրապարակի բացումը համընկնում է Ընտանիքների միջազգային օրվա հետ, ինչի առիթով Ա. Ղուկասյանը շնորհավորեց բոլոր ներկաներին: Նա նաև շնորհակալություն հայտնեց Արգենտինայի ժողովրդին, դեսպանատանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի Հայաստանյան գրասենյակին այս և մարզի այլ բնակավայրերում ևս իրականացված և նախատեսվող ծրագրերի համար՝ ևս մեկ անգամ վստահեցնելով, որ ի դեմս մարզպետարանի, նրանք ունեն հուսալի գործընկեր, որը պատրաստ է աջակցելու ողջունելի նախաձեռնությունների իրագործմանը:
Սպիտակցիներին շնորհավորեց և ծրագրի կարևորությունն ընդգծեց Սպիտակի քաղաքապետը:
Ողջունի խոսքով հանդես եկան նաև դեսպանը և տիկին Ռադոչայը՝ շնորհավորելով սպիտակցիներին և շնորհակալություն հայտնելով Լոռու մարզպետարանին և Սպիտակի քաղաքապետարանին համագործակցության համար: Տիկին Ռադոչայը նույնպես նշեց, որ կազմակերպությունն ակնկալում է շարունակական համագործակցություն ի նպաստ Հայաստանի բոլոր երեխաների բարօրության: Ներկաները շրջեցին տարածքում, ծանոթացան ստեղծված պայմաններին:
Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնում ՀՀ ԿԳ նախարարության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան ներկայացուցչության միջև կնքվեց փոխըմբռնման հուշագիր:
Այգում ստեղծված հրաշալի պայմանների առթիվ ևս ներկաները ողջույնի խոսքեր հղեցին: Միջոցառումն ուղեկցվեց փոքրիկների երաժշտական կատարումներով: