Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մ6-Մարց-Աթան ճանապարհին ստեղծված սողանքային գոտուն մարզի ղեկավարը հետևում է ամենօրյա ռեժիմով. Ա. Ղուկասյանն օպերատիվ այցով տարածաշրջանում էր

15.05.2019

Մարզպետ Անդրեյ Ղուկասյանը մարզպետարանի մի խումբ պաշտոնատար անձանց ուղեկցությամբ աշխատանքային այցով եղավ Թումանյան խոշորացված համայնքի տարածքում գտնվող Աթան, Շամուտ և Լորուտ  բնակավայրերում: Նա նախ եղավ սողանքավտանգ տարածքում:

Ինչպես հայտնի է, Հ 70 հանրապետական նշանակության ճանապարհի(Մ6-Մարց-Աթան) 24-րդ կմ վրա առկա է սողանքային իրավիճակ: Այն առավել վտանգավոր է դարձել հատկապես 2018թ. վերջին՝ հողի ջրհագեցման հետրևանքով: Սողանքը սպառնում է հանրապետական նշանակության ճանապարհի փակմանը և Աթան գյուղը սպասարկող բարձրավոլտ հոսքագծի վնասմանը: Տարածքը կավային գրունտ է և ունի  100մ լայնություն, 200մ երկարություն և 40մ բարձրություն: Տարածքը համապատասխան գերատեսչությունների կողմից բազմիցս ուսումնասիրվել է, մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հանձնարարությամբ ուսումնասիրություններ են կատարել նաև մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների մասնագետները: Խնդրի լուծման նպատակով պետբյուջեից հատկացված միջոցներով այժմ իրականացվում են երկրաբանական և գեոդեզիական հետազոտություններ:

Այցի շրջանակներում մարզի ղեկավարը և մարզպետարանի պաշտոնյաները հանդիպում ունեցան նաև հետազոտություններն իրականացնող խմբի հետ: Տարածքում էին նաև ԱԻՆ Լոռու մարզային փրկարարական վարչության փ/ծ փոխգդապետ Սերոբ Գաբրիելյանը, վարչության աշխատակիցներ:

Ինչպես ներկայացրեց «Գեոռիսկ» գիտատեխնիկական ընկերության և Երկրաբանական գիտությունների ինստիտուտի աշխատակից Հայկ Բաղդասարյանը ներկա պահին երկրաբան-ֆիզիկոսների մի խումբ է աշխատում տարածքում սողանքային մարմնի ուսումնասիրության նպատակով, որպեսզի ճշգրտվի սողանքի սահքի մակերևույթի խորքային դիրքը, երկրաչափությունը, խորությունը և թե ինչ ծավալի զանգվածներ ու ապարներ են ներգրավված շարժման մեջ: Իրականացվում է նաև սողանքային մարմնի սահմանների քարտեզագրում: Այդ ամենը վերլուծելով՝ հնարավոր կլինի եզրակացություն կազմել սողանքի ծավալների մասին: Ինչ վերաբերում է ակտիվությանը, ապա պարբերաբար մոնիտորինգ և չափումներ կիրականացնեն ԱԻՆ աշխատակիցները՝ պարզելու, թե 1 օրվա ընթացքում ի՞նչ  չափի տեղաշարժեր են լինում: Այս դինամիկան հասկանալուց հետո հնարավոր կլինի ասել, թե սողանքն ինչպիսի ակտիվություն է դրսևորում: Անօդաչու սարքի միջոցով լուսանկար կարվի նաև վերևից:

-Ինֆորմացիան ամփոփելուց հետո խնդրի արդյունավետ լուծման տարբերակներ կառաջարկվեն,-ասաց Հ. Բաղդասարյանը: Ըստ նրա, նախնական տպավորությամբ սողանքը բավականին վտանգավոր է, չի բացառվում, որ դանդաղ շարժումները վերափոխվեն իմպուլսային շարժման և փլուզում առաջանա: Հետևաբար շատ արագ տեմպերով հարկ է իրականացնել հակասողանքային միջոցառումներ: Նրա վստահեցմամբ, մինչ վերջնական առաջարկությունները կլինեն նաև միջանկյալ առաջարկություններ:

Առաջ շարժվելով՝ մարզպետ Ա. Ղուկասյանը հանդիպում ունեցավ նաև համայնքում իրեն սպասող բնակիչների հետ, որոնց հետաքրքրող գլխավոր հարցն իհարկե սողանքն էր: Մարզի ղեկավարը փոխանցելով առկա տեղեկությունները՝ վստահեցրեց, որ հետազոտությունները կազմակերպվում են հնարավորինս օպերատիվ, որպեսզի լուծման արդյունավետ տարբերակներ առաջարկվեն: Կարևորն այն է, որ ՀՀ կառավարությունը պատրաստակամություն է հայտնել միջոցներ հատկացնել խնդրի լուծման համար:

-Անձամբ ես ամենօրյա ռեժիմով եմ հետևում գործընթացին,-ասաց մարզպետը՝ վստահեցնելով, որ նախնական տեղեկություններ կլինեն արդեն օրեր անց:

Համայնքի բնակիչներն, առիթից օգտվելով, բարձրացրեցին նաև խմելու ջրի խնդիրը: Այս, ինչպես նաև հաջորդ՝ Շամուտ և Լորոտ բնակավայրերում ևս բարձրացված ջրի և ճանապարհների բարեկարգման հարցերի հետ կապված մարզպետը նշեց, որ կառավարության դիրքորոշումն է ֆինանսական միջոցներն առաջնահերթ ուղղել խմելու ջրի, հետագայում նաև ճանապարհների բարեկարգման խնդիրների լուծմանը:

Ա. Ղուկասյանն այցի շրջանականերում եղավ նաև Աթանի նախակրթարանում, հանդիսությունների սրահում և դպրոցում, Շամուտի համայնքային կենտրոնում, դպրոցում և բուժկետում զրուցեց կոլեկտիվների հետ, ծանոթացավ պայմաններին: Լորուտում ևս հանդիպում ունեցավ բնակիչների հետ:

Մարզպետը նշեց, որ Մոտկորի տարածաշրջանն, ինչպես նաև Լոռու մարզի շատ այլ գեղատեսիլ բնակավայրեր, զբոսաշրջային հրաշալի կենտրոններ կարող են դառնալ և ինքը ջանքեր չի խնայում մարզում զբոսաշրջությունը զարգացնելու և համապատասխան ծրագրեր ներգրավելու նպատակով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-25 17:20:52