Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը հյուրընկալեց Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի պատվիրակությանը

10.05.2019

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը մայիսի 8-ին ընդունեց Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի փոխնախագահ Միլան Շտեխի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում ընդգրկված են Գյուղական տարածքների զարգացման հանձնաժողովի անդամներ:

Մարզի ղեկավարն իր ողջույնի խոսքում շնորհակալություն հայտնեց մարզ այցելելու համար:Նա հույս հայտնեց, որ այն կգրավի հյուրերին և նրանք կրկին ցանկություն կունենան այցելելու չքնաղ ու հյուրընկալ Լոռի: Արժևորելով հայ- չեխական բարեկամությունը՝  մարզպետը նշեց, որ Լոռու մարզը մի շարք երկրների մարզերի հետ համագործակցության ու բարեկամության ջերմ կապերով է կապված և մեծ ցանկություն կա Չեխիայի որևէ մարզի հետ ևս բարեկամանալու:

Մարզպետը տեղեկացրեց, որ չեխական ներդրմամբ մարզի Սպիտակ և Գուգարք համայնքներում երկու դպրոց է կառուցվել: Ներկայում Եվրամիության ֆինանսավորմամբ ծրագիր է մեկնարկում՝ Լոռու,Շիրակի և Տավուշի մարզերում՝ ուղղված մասնավոր հատվածի,  զբոսաշրջության, գյուղատնտեսության և նորարարական տեխնոլոգիաների զարգացմանը: Ա. Ղուկասյանը նաև վստահեցրեց, որ Լոռու մարզը բաց է չեխական ներդրումների համար, և պատրաստ է անելու ամեն հնարավորը, որպեսզի չեխ ներդրողների համար ոչ մի խոչընդոտ չլինի այդ առումով:

-Արտասահմանյան ներդրումների մեկնարկը տրված է մեր մարզում, և ուրախ կլինենք ներդրողների թվում տեսնելու նաև չեխ գործարարներին: Ունենք պատրաստի ներդրումային խոշոր ծրագրեր, որոնք կարող ենք ներկայացնել հետաքրքրվողներին,-ասաց Ա. Ղուկասյանը:

Շնորհակալություն հայտնելով  ջերմ ընդունելության համար՝ Միլան Շտեխին ասաց, որ շատ ուրախ են Լոռիում հյուրընկալվելու համար: Նա իր խոսքում կարևորեց Հայաստանում տեղի ունեցած այն գործընթացներն ու զարգացումները, որոնք տեղի են ունեցել թավշյա հեղափոխության շրջանում և դրան հաջորդած ժամանակահատվածում և որոնք անդրադարձել  են ժողովրդավարության ամրապնդմանը վրա: Սենատի փոխնախագահը նշեց, որ անցած 30 տարիներին Չեխիան լուրջ զարգացում է ապրել, տնտեսությունը կայուն հիմքերի վրա է դրված, և հիշատակելի է, որ Չեխիայում գործազրկությունն ընդամենը 3 տոկոս է կազմում: Նա նաև շնորհակալություն հայտնեց մարզպետին ներդրումներ ներգրավելու պատրաստակամության համար և նշեց, որ պատրաստ են քննարկելու թե՛ այդ և թե՛ քույր մարզեր ունենալու առաջարկությունը:

Միլան Շտեխին ասաց, որ իրենց հետաքրքրում է Չեխիայի և Եվրամիության կողմից կատարված ֆինանսական ներդրումների տնօրինման արդյունավետությունը և այն նոր ոլորտները, որտեղ կարելի է լրացուցիչ ներդրումներ կատարել:

Չեխ հյուրը ներկայացրեց նաև իրենց պատվիրակության այցի գլխավոր նպատակը` ծանոթանալ Հայաստանի տարածաշրջանների կարողություններին, համայնքների տնտեսական հնարավորությունների համաչափ զարգացման ուղղությամբ տարվող քաղաքականությանը, ներդրումներ կատարելու հեռանկարներին: Հյուրերը նշեցին, որ այդ նպատակով լինելու են նաև մարզի գյուղական համայնքներում:

«Առկա են բոլոր հնարավորությունները նոր թափ հաղորդելու հայ-չեխական գործակցությանը թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական ուղղություններով»,- նշեց Սենատի փոխնախագահը:

Հյուրերը նաև հնարավորություն ունեցան դիտելու Լոռու մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի կողմից պատրաստված, Լոռու ներդրումային հնարավորությունների մասին պատմող ֆիլմ:

Հանդիպման ավարտին սենատի փոխնախագահը մարզի ղեկավարին հուշանվեր հանձնեց:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 14:57:18