Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետը հյուրընկալեց Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի պատվիրակությանը
10.05.2019
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը մայիսի 8-ին ընդունեց Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի փոխնախագահ Միլան Շտեխի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում ընդգրկված են Գյուղական տարածքների զարգացման հանձնաժողովի անդամներ:
Մարզի ղեկավարն իր ողջույնի խոսքում շնորհակալություն հայտնեց մարզ այցելելու համար:Նա հույս հայտնեց, որ այն կգրավի հյուրերին և նրանք կրկին ցանկություն կունենան այցելելու չքնաղ ու հյուրընկալ Լոռի: Արժևորելով հայ- չեխական բարեկամությունը՝ մարզպետը նշեց, որ Լոռու մարզը մի շարք երկրների մարզերի հետ համագործակցության ու բարեկամության ջերմ կապերով է կապված և մեծ ցանկություն կա Չեխիայի որևէ մարզի հետ ևս բարեկամանալու:
Մարզպետը տեղեկացրեց, որ չեխական ներդրմամբ մարզի Սպիտակ և Գուգարք համայնքներում երկու դպրոց է կառուցվել: Ներկայում Եվրամիության ֆինանսավորմամբ ծրագիր է մեկնարկում՝ Լոռու,Շիրակի և Տավուշի մարզերում՝ ուղղված մասնավոր հատվածի, զբոսաշրջության, գյուղատնտեսության և նորարարական տեխնոլոգիաների զարգացմանը: Ա. Ղուկասյանը նաև վստահեցրեց, որ Լոռու մարզը բաց է չեխական ներդրումների համար, և պատրաստ է անելու ամեն հնարավորը, որպեսզի չեխ ներդրողների համար ոչ մի խոչընդոտ չլինի այդ առումով:
-Արտասահմանյան ներդրումների մեկնարկը տրված է մեր մարզում, և ուրախ կլինենք ներդրողների թվում տեսնելու նաև չեխ գործարարներին: Ունենք պատրաստի ներդրումային խոշոր ծրագրեր, որոնք կարող ենք ներկայացնել հետաքրքրվողներին,-ասաց Ա. Ղուկասյանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Միլան Շտեխին ասաց, որ շատ ուրախ են Լոռիում հյուրընկալվելու համար: Նա իր խոսքում կարևորեց Հայաստանում տեղի ունեցած այն գործընթացներն ու զարգացումները, որոնք տեղի են ունեցել թավշյա հեղափոխության շրջանում և դրան հաջորդած ժամանակահատվածում և որոնք անդրադարձել են ժողովրդավարության ամրապնդմանը վրա: Սենատի փոխնախագահը նշեց, որ անցած 30 տարիներին Չեխիան լուրջ զարգացում է ապրել, տնտեսությունը կայուն հիմքերի վրա է դրված, և հիշատակելի է, որ Չեխիայում գործազրկությունն ընդամենը 3 տոկոս է կազմում: Նա նաև շնորհակալություն հայտնեց մարզպետին ներդրումներ ներգրավելու պատրաստակամության համար և նշեց, որ պատրաստ են քննարկելու թե՛ այդ և թե՛ քույր մարզեր ունենալու առաջարկությունը:
Միլան Շտեխին ասաց, որ իրենց հետաքրքրում է Չեխիայի և Եվրամիության կողմից կատարված ֆինանսական ներդրումների տնօրինման արդյունավետությունը և այն նոր ոլորտները, որտեղ կարելի է լրացուցիչ ներդրումներ կատարել:
Չեխ հյուրը ներկայացրեց նաև իրենց պատվիրակության այցի գլխավոր նպատակը` ծանոթանալ Հայաստանի տարածաշրջանների կարողություններին, համայնքների տնտեսական հնարավորությունների համաչափ զարգացման ուղղությամբ տարվող քաղաքականությանը, ներդրումներ կատարելու հեռանկարներին: Հյուրերը նշեցին, որ այդ նպատակով լինելու են նաև մարզի գյուղական համայնքներում:
«Առկա են բոլոր հնարավորությունները նոր թափ հաղորդելու հայ-չեխական գործակցությանը թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական ուղղություններով»,- նշեց Սենատի փոխնախագահը:
Հյուրերը նաև հնարավորություն ունեցան դիտելու Լոռու մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի կողմից պատրաստված, Լոռու ներդրումային հնարավորությունների մասին պատմող ֆիլմ:
Հանդիպման ավարտին սենատի փոխնախագահը մարզի ղեկավարին հուշանվեր հանձնեց: