Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մոտկորի շրջանի զարգացմանն ուղղված ծրագիրը քննարկվեց շահագրգիռ կողմերի մասնակցությամբ

08.05.2019

Մայիսի 8-ին մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ընդունեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանին, Տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանին, Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանին, «Եվրասիական համագործակցության», «Մաթևոսյան» հիմնադրամների, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) զբոսաշրջության ծրագրերի ներկայացուցիչներին: Հանդիպմանը մասնակցում էին նաև մարզպետարանի պաշտոնյաներ:

Մարզպետ Անդրեյ Ղուկասյանին շնորհակալություն հայտնելով հանդիպումը կազմակերպելու համար՝ Վ. Տերտերյանը նշեց, որ Տարածքային կառավարման նախարարությունը կարևորել է, որպեսզի «Եվրասիական համագործակցության» և «Մաթևոսյան» հիմնադրամների կողմից մշակված Մոտկորի շրջանի զարգացմանն ուղղված ծրագրային գաղափարը ներկայացվի հենց Լոռու մարզպետարանում՝ շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությամբ, ինչը ծրագրի հաղորդակցության մեկնարկի կարևոր սկիզբ կարող է հանդիսանալ:

Ծրագիրը շնորհանդեսի տարբերակով ներկայացրեց «Եվրասիական համագործակցության» հիմնադրամի ծրագրերի տնօրեն Միքայել Հովհաննիսյանը:   Նա ասաց, որ ծրագիրը Մոտկորի շրջանին և շրջակա համայնքների զարգացմանն է ուղղված՝ շեշտադրում կատարելով զբոսաշրջային, կրթական և մշակութային բաղադրիչների վրա՝ տարածքը բնապահպանական գոտի դարձնելու գաղափարի գերակայությամբ: Ծրագիրը բազմաբաղադրիչ է, և նախատեսում է առաջին հերթին բնակիչների համար ստեղծել այլընտրանքային եկամտի աղբյուրներ, ինչը հնարավորություն կտա մարդկանց զերծ պահելու ծառահատումներից:

Խոսքը 600-700 հազար եվրո ներդրման մասին է, և ծրագրի մեկնարկը կտրվի այն ժամանակ, երբ ներդրումների ներգրավման մասին կարելի լինի խոսել առավել առարկայական:

-Ներդումների մեկնարկը կախված է նրանից, թե այսօր տեղի ունեցած հաղորդակցությունը ինչ ընթացք կունենա և միջազգային գործընկերների հետ քննարկումներն ինչպես կընթանան,-իր խոսքում նշեց Մ. Հովհաննիսյանը:

Թե՛ GIZ-ի և թե՛ Զբոսաշրջության կոմիտեի ներկայացուցիչները նշեցին, որ հետաքրքված են ծրագրով և պատրաստ են առավել հանգամանորեն քննարկել այն արդեն հետագա հանդիպումների ընթացքում:

Մարզի ղեկավարն իր հերթին ողջունեց նախաձեռնությունը պատրաստակամություն հայտնեց աջակցելու, որպեսզի այն իրականություն դառնա.

-Ես՝ որպես մարզպետ, կարծում եմ, որ զբոսաշրջությունը մեր մարզում  արագ զարգանալու հնարավորություն ունի: Իմ երազանքն է, որպեսզի Լոռու մարզը աշխարհի քարտեզի վրա լինի զբոսաշրջային ամենաթեժ կետերից մեկը,-ասաց նա: Մարզպետն առաջարկեց հաջորդ հանդիպումն անցկացնել արդեն Մոտկորում՝ Լոռու գեղատեսիլ բնությունը մոտիկից վայելելու և ծրագիրն առավել առարկայական քննարկելու նպատակով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-25 17:20:52