Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ընդունեց «Ցավեր առանց սահմանների» կազմակերպության ներկայացուցիչներին
02.05.2019
Այսօր Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ընդունեց ֆրանսիական «Ցավեր առանց սահմանների» կազմակերպության նախագահ Ալեն Սերիին և նույն կազմակերպության ծրագրերի համակարգող Անուշ Առնավուտյանին: Հանդիպմանը ներկա էր նաև մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պաշտոնակատար Արթուր Մխիթարյանը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ալեն Սերին ամփոփ կերպով ներկայացրեց կազմակերպության կողմից Լոռու մարզում իրականացված ծրագրերը: Մասանվորապես նա անդրադարձավ Վանաձորի թիվ 35 մանկապարտեզում գործող «Փոքրիկ նապաստակ» կենտրոնի գործունեությանը: Նա նշեց, որ առաջիկայում նախատեսում են առավել ընդլայնել ծրագրերը՝ դրանք իրականացնելով նաև այլ մարզերում, այդ նպատակով պատրաստվում են հանդիպում ունենալ նաև ՀՀ ԿԳ նախարարի հետ:
Կազմակերպության նախագահն ասաց, որ եկել է անձամբ տեսնելու կատարվող աշխատանքները դրանք առավել զարգացնելու և ընդլայնելու նպատակով: Նախատեսում են արդյունավետ ծրագրերն առավել ընդլայնել և փորձնական, լոկալ դրսևորումներից անցում կատարել դեպի ազգային ծրագրեր:
-Մեր նպատակն է կազմակերպության փորձառությունը փոխանցել տեղի մասնագետներին: Մեծ ցանկություն ունենք, որ այլ կառույցների հետ ներառականության, հոգեբանության, մասնագիտական վերապատրաստումների բնագավառներում գործունեություն ծավալելու դեպքում համագործակցություն տեսնեք նաև «Ցավեր առանց սահմանների» կազմակերպության հետ,-ասաց Ա. Սերին:
Մարզպետ Անդրեյ Ղուկասյանն, իր հերթին շնորհակալություն հայտնելով մարզում իրականացված և շարունակվող ծրագրերի համար, պատրաստակամություն հայտնեց առկա հնարավորությունների սահմաններում աջակցել հետագա ծրագրերի իրականացմանը: Նա, որպես թիրախային օղակներ, առանձնացրեց հատկապես Վանաձորի մանկատան, հեռավոր գյուղական համայնքներում գործող փոքր մանկապարտեզներում աշխատանքներ տանելու, վերապատրաստման դասընթացներ անցկացնելու անհրաժեշտությունը՝ վստահեցնելով, որ ծրագրերի առկայության դեպքում թե՛ մարզպետարանը և թե՛ համայնքները պատրաստակամ կլինեն աջակցելու դրանց իրականացմանը: