Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Նոր թափ կհաղորդվի Լոռու մարզի և Շանսի նահանգի համագործակցությանը. Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հանդս եկավ մամլո ասուլիսով
30.04.2019
Այսօր Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հանդես եկավ մամլո ասուլիսով, որին ներկա գտնվեցին մարզային և հանրապետական լրատվամիջոցների ներկայացուցիչները:
Ասուլիսի օպերատիվ առիթը մարզպետի կողմից Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած աշխատանքային այցն էր, որի շուրջն էլ ծավալվեց հարցուպատասխանը: Ա. Ղուկասյանը նախ ներկայացրեց մանրամասներ այցի և ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ: Նա տեղեկացրեց, որ դեռևս 2011թ. մարզը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Շանսի նահանգի հետ կնքել է համագործակցության համաձայնագիր, սակայն հետագա տարիներին որևէ առարկայական քայլ տեղի չի ունեցել:
-Այս այցից հետո պետք է նոր թափ հաղորդենք երկու մարզերի համագործակցությանը,-ասաց Ա. Ղուկասյանը՝ նշելով նաև, որ արտաքին կապերի շրջանակներում պատրաստվում է նոր շունչ հաղորդել նախորդ տարիներին ձեռք բերված բոլոր պայմանավորվածություններին, ինչպես նաև նոր գործակցային կապեր ստեղծել այլ երկրների մարզերի ու նահանգների հետ:
Նա հայտնեց, որ Շանսի նահանգը բավականին մոտ է գտնվում Պեկինին, ունի շուրջ 38 մլն բնակչություն: Մարզկենտրոնը՝ Տայուանը, ունի շուրջ 3,5 մլն բնակչություն: Նահանգը բավականին զարգացած է, և լուրջ գործընկեր կարող է հանդիսանալ Լոռու մարզի համար:
Մարզպետը տեղեկացրեց, որ այցի շրջանակներում նախ մասնակցություն է ունեցել Պեկինում անցկացվող «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ֆորումին, որի ընթացքում ներկայացրել է Լոռին ու մատնանշել մեր մարզի ներդրումային ու տարբեր ուղղություններով համագործակցության հնարավորությունները։ Մարզի գրավչությունների և ներդրումային պոտենցիալի մասին նաև ֆիլմ է ցուցադրվել:
Ֆորումի ավարտին Չինաստանի Շանսի նահանգի հետ վերահաստատվել է համագործակցության համաձայնագիրը: Համագործակցություն է հաստատվել մի քանի ուղղություններով՝ մասնավորապես առևտրի և տնտեսության, էներգետիկայի և գյուղատնտեսության, գիտության և տեխնիկայի, մշակույթի, կրթության և տուրիզմի բնագավառներում՝ ի նպաստ երկու մարզերի զարգացման:
Այնուհետ Շանսի նահանգի կենտրոնում՝ Տայուան քաղաքում, արդեն ընդլայնված կազմով Շանսիի նահանգապետի հետ առավել առարկայական են քննարկվել երկուստեք գործակցության ուղղությունները, համատեղ իրականացվելիք ծրագրերը: Չինական կողմը բավականին հետաքրքություն է ցուցաբերել մարզի ղեկավարի կողմից առաջարկվող ծրագրերի նկատմամբ:
Հանդիպումներ են անցկացվել նաև չինացի գործարարների հետ, որի ընթաքում Ա. Ղուկասյանը ներկայացրել է մարզի ներդրումային հնարավորությունները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել բոլոր ներդրումային ծրագրերը ռուսերեն և անգլերեն տարբերակներով ուղարկել Շանսի: Դրանք կտարածվեն գործարարների շրջանում, և հետաքրքրության դեպքում իհարկե ներդրումներ կլինեն:
-Մենք հանգել են այն եզրակացության, որ առավել արագ և արդյունավետ համագործակցություն կարող ենք ունենալ զբոսաշրջության բնագավառում: Այդ իսկ պատճառով նախատեսում ենք մարզ հրավիրել չինական զբոսաշրջային խոշոր ընկերություններից մեկի ղեկավարությանը՝ ծանոթանալու մեր զբոսաշրջային պոտենցիալին և համագործակցելու մեր որևէ տուրիստական գործակալության հետ՝ համատեղ տուրեր իրականացնելու նպատակով,-ասաց Ա. Ղուկասյանը:
Պեկինում հանդիպում է կազմակերպվել Չինաստանի գործարարների ասոցիացիայի կողմից: Այնտեղ ևս արդյունավետ քննարկում է եղել համայնքի ղեկավար կազմի, նահանգի արդյուանբերության, օտարերկերյա ներդրումները համակարագող բաժնի աշխատակիցների, ինչպես նաև տուրիզմի, սննդի արդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների, հանքարդյունաբերության ոլորտները ներկայացնող չին և ռուս գործարարների հետ:
-Նախատեսում ենք ասոցիացիայի ղեկավարությանը հրավիրել Լոռու մարզ մեր մարզի հնարավորություններին ծանոթանալու նպատակով: Ուշարժան է, որ այցի ընթացքում մեզ ուղեկցում էր չինական «Նյու իդա» ընկերության ղեկավարությունը, որը, ինչպես գիտեք, նախատեսում է հանքային ջրերի արդյունահանման ներդրումային ծրագիր իրականացնել Կաթնաղբյուր համայնքում: Իրենք ևս գործրարաների հետ հանդիպմանը ներկայացնում էին իրենց հաջողված փորձը, Հայաստանում ներդրումներ կատարելու արդյունավետ պայմանները և այլն՝ ոգևորելով տեղի գործարարներին: Կարծում եմ, սա ևս իր դրական ազդեցությունը կունենա,-ասաց մարզի ղեկավարը:
Նա տեղեկացրեց նաև, որ ապրիլի 24-ին՝ Ցեղասպանության տարելիցի օրը, հյուրընկալվել են Չինաստանում ՀՀ դեսպանատանը, որտեղ հանդիպում է կայացել, հայ համայնքի հետ, որոնց թվում՝ նաև գործարարների: Մարզի ղեկավարը նշեց, որ այս օրերին 6 ամսով Պեկինում բացվել է էքսպո, որտեղ Հայաստանը ևս տաղավար ունի:
-Պատրաստվում ենք մարզի գործարարներին առաջարկել իրենց արտադրանքներով ներկայանալու, թե այս և թե՝ սեպտեմբերին բացվող էքսպո- ցուցահանդեսներին,-ասաց Ա. Ղուկասյանը:
Լրագրողները Չինաստանի հետ համագործակցության վերաբերյալ նաև մի շարք հարցեր հնչեցրեցին՝ ստանալով սպառիչ պատասխաններ:
Մարզպետը տեղեկացրեց, որ ձեռքբերված պայմանավորվածության համաձայն առաջիկայում մարզպետարանի ջանքերով առաջարկությունների համահավաք փաթեթ կներկայացվի չինացի գործընկերներին: