Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Աշխատանքային խորհրդակցություն
30.04.2019
Ապրիլի 29-ին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և մարզպետարանի այլ պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ: Նա նախ անդրադարձավ նախորդ շաբաթ Չինաստանի Ժողովրդական Հանապետություն կատարած աշխատանքային այցին: Ընդգծելով, որ այցն անցել է բավականին հագեցած գրաֆիկով՝ նշեց նաև, որ այն եղել է բավականին արդյունավետ:
Մարզի ղեկավարն ասաց, որ Պեկինում անցկացվող «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ֆորումի ընթացքում ներկայացրել է Լոռին ու մատնանշել մեր մարզի ներդրումային ու տարբեր ուղղություններով համագործակցության հնարավորությունները։ Ֆորումի ավարտին Չինաստանի Շանսի նահանգի հետ վերահաստատվել է համագործակցության համաձայնագիրը: Այնուհետ Շանսի նահանգապետի հետ հանդիպմանը առավել առարկայական են քննարկվել համատեղ իրականացվելիք ծրագրերը: Հանդիպումներ են անցկացվել նաև չինացի գործարարների հետ, որի ընթաքում Ա. Ղուկասյանը ներկայացրել է մարզի ներդրումային հնարավորությունները (այցի վերաբերյալ առավել հանգամանալի տեղեկատվություն կներկայացնենք առաջիկայում):
-Յուրաքանչյուր կառուցվածքային ստորաբաժանում հավանաբար կկարողանա իր մասնակցությունը բերել այս համագործակցությանը, քանի որ գործակցելու ենք մի քանի ուղղություններով,-ասաց մարզի ղեկավարը:
Ետդարձին Ա. Ղուկասյանը ՌԴ-ում հանդիպում է ունեցել Լոբնյա քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչների, գործարարների հետ, որի ընթացքում դարձյալ ներկայացվել են մարզի ներդրումային գրավչությունները:
Մարզպետը նաև նշեց, որ առաջիկայում մարզի ներդրումային հնարավորությունների վերաբերյալ առաջարկությունների փաթեթ կուղարկվի Չինաստան ու հաջորդ տարի Ա. Ղուկասյանի հրավերով Շանսիի նահանգապետը կհյուրընկալվի արդեն Լոռիում:
Լոռու մարզպետարանի գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Խաչատրյանը ներկայացրեց նախորդ շաբաթ մարզպետարանի կողմից համակարգված միջոցառումների, ինչպես նաև աշխատանքների ընթացքը՝ նշելով, որ ամեն ինչ կազմակերպվել է հավուր պատշաճի:
Մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները ևս ներկայացրեցին մարզպետի, ինչպես նաև տարբեր գերատեսչությունների կողմից տրված հանձնարարականների ընթացքը: Ա. Ղուկասյանը հանձնարարեց հատկապես հետևողական աշխատանքներ իրականացնել հարկերի հավաքագրման, հողերի աճուրդ-վաճառքների, դրանց նպատակային օգտագործման, մարզի տարածքում պետական միջոցներով իրականացվող շինաշխատանքների և ճանապարհների սպասարկման որակի, մարզպետարանի ենթակայության կրթական և առողջապահական հաստատություններում անցկացվող մրցույթների և մի շարք այլ ուղղություներով: