Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քաղաքացու օրը՝ Լոռու մարզում

29.04.2019

Այս տարի առաջին անգամ Հայաստանում նշվում է Քաղաքացու օր տոնակատարությունը: Հանդիսավոր միջոցառումներ են կազմակերպվել մայրաքաղաք Երևանում, Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերի մարզկենտրոններում, տարբեր քաղաքներում: Այսօր ամբողջ օրը բազմաբնույթ ու բազմաբովանդակ տոնական միջոցառումներ են անցկացվել Վանաձոր քաղաքի տարբեր հատվածներում, որոնց մասնակից են դարձել քաղաքացիներ մարզի բոլոր տարածաշրջաններից ու հասարակության տարբեր շերտերից: Համերաշխության գաղափարն էր դրված այս տոնակատարության հիմքում, որպեսզի ոչ թե մեկ օր միայն դառնա տոնական, այլ ամբողջ տարին՝ յուրաքանչյուր քաղաքացու համար:
Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում աշխատանքային այցով գտնվող Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը տոնի առթիվ մարզի բնակիչներին շնորհավորական ուղերձ էր հղել:
Մարզկենտրոն հարգարժան հյուրեր էին ժամանել նաև մայրաքաղաքից: Վանաձորում անցկացվող միջոցառումներին ներկա են գտնվել ԱԺ պատգամավորներ, մտավորականներ:
Ապրիլի 27-ին վաղ առավոտյան միջոցառումների մեկնարկը տրվեց ծառատունկով: Մարզպետարանի և քաղաքապետարանի պաշտոնյաների, երիտասարդների, աշակերտների մասնակցությամբ ծառեր տնկվեցին Վանաձորի Համերաշխության պուրակում և Խորենացի փողոցին հարող կանաչապատ տարածքում:
Այնուհետ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի բակում կազմակերպվել էր հանրային քննարկում «Իրազեկ քաղաքացի» խորագրով՝ պաշտոնատար անձանց, ակտիվ երիտասարդների, մտավորականների, հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ:
Հարցուպատասխանի տարբերակով քննարկվեցին օրվա խորհրդի, քաղաքական անցուդարձի, արտաքին քաղաքականության, բնապահպանության, երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի հետ կապված խնդիրներ:
Բանախոսների թվում էին ԱԺ պատգամավորներ Արամ Խաչատրյանը, Արեն Մկրտչյանը, Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Ռաֆայել Հարությունյանը, ՀՀ ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, այլոք:
Պատանի մարզիկների մասնակցությամբ վազքի մարաթոն անցկացվեց Վանաձորի Տիգրան Մեծ պողոտայում՝ թիվ 3 հիմնական դպրոցից մինչև կերպարվեստի թանգարան ընկած հատվածում: Մրցանակակիրներին պարգևատրեցին Ռաֆայել Հարությունյանը, մարզպետի խորհրդական Լևոն Տեր- Սիմոնյանը, Վանաձորի քաղաքապետարանի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի պետ Գևորգ Մացակյանը:
Մարզկենտրոնի միաժամանակ մի քանի հատվածներում կազմակերպվել էին նաև համերգային միջոցառումներ՝ Վանաձորի և մարզի մյուս քաղաքային համայնքների խմբերի մասնակցությամբ, Խորենացի փողոցում՝ STREET ART՝ «Քաղաքը քո աչքերով» խորագրով, Հայքի և Թումանյանի հրապարակներում, Տիգրան Մեծ պողոտայում, կերպարվեստի թանգարանի բակում՝ Արհեստների ու արվեստների փառատոն՝ «Տես ու համտես» խորագրով, որին ձեռքի աշխատանքների ցուցադրություններով և գեղանկարչական աշխատանքներով մասնակցում էին Վանաձորի Ստեփան Աղաջանյանի անվան գեղարվեստի դպրոցի, Հ.Իգիթյանի անվան գեղագիտութան ազգային կենտրոնի Վանաձորի մասնաճյուղի, ինչպես նաև տարածաշրջանային կենտրոնների մշակութային օջախների սաները:
«Իրազեկ ուսանող» խորագրով երիտասարդական քննարկում անցկացվեց Վանաձորի պետական համալսարանում, որի ներկա գտնվեցին նաև ԱԺ պատգամավոր Լիլիթ Մակունցը, Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը: Քննարկումը վարում էին Կրթության, մշակույթի և սպորտի վարչության կրթության բաժնի առաջատար մասնագետ Գայանե Մամյանը և մշակույթի բաժնի աշխատակից Մարգարիտա Կիրակոսյանը:
Իսկ երեկոյան աբելյանական բեմը հյուրընկալել էր Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի արտիստներին: Մարզի հանդիսատեսը հնարավորություն ունեցավ վայելելու ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանի բեմադրությամբ «Սիրո Casting» ներկայացումը: Ի դեպ, աբելյանցիները նույն օրը ներկայացմամբ հանդես եկան Իջևանում:
Միաժամանակ Լոռու մարզային գրադարանում կազմակերպվել է հանդիպում գրող, հրապարակախոս, թատերագետ Ջանիբեկ Ղուկասյանի հետ: Անցկացվեց նրա «Ժանգոտ կողպեք» գրքի շնորհանդեսը:
Տոնական միջոցառումների շարքն ամբողջացվեց Վանաձորի Հայքի հրապարակում կազմակերպված համերգով և ավարտվեց տոնական հրավառությամբ: Գեղեցիկ կատարումներով հանդես եկան «Հորովել» ժողգործիքների անսամբլը, Վանաձորի քաղաքապետարանի «Երգի թատրոնի» մենակատարները, Ալավերդու համայնքի «Լազուր» ժողգործիքների համույթի մենակատարները, Տաշիր համայնքից դուդուկահար: Գեղեցիկ կատարումներով հանդես եկավ «Միքայել Ոսկանյան և ընկերներ»խումբը:
Այսօր միջոցառումներ էին կազմակերպվել մարզի այլ քաղաքային համայնքներում ևս:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 18:18:02