Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի ուղերձը Քաղաքացու օրվա կապակցությամբ
26.04.2019
Սիրելի՛ լոռեցիներ,
Հայկական տոնացույցը համալրվեց մեզ համար շատ կարևոր ևս մեկ տոնով և այն այսուհետ ու ընդմիշտ համայն հայությամբ նշելու ենք որպես Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիների անկոտրում կամքի առհավատչյա:
Հարգելի՛ բարեկամներ,
Սրտանց շնորհավորում եմ մեզ՝ բոլորիս, այս կարևոր տոնի առթիվ:
Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած աննախադեպ իրադարձությունները հիշատակելու և զգացողությունները վերակագնելու անհրաժեշտությունն է ամբողջացնում, համ ու բույր տալիս այս գեղեցիկ օրվան:
Վստահ եմ, համերաշխության մթնոլորտը, որը դրված է այս տոնակատարության հիմքում, ոչ թե մեկ օր միայն կդառնա տոնական, այլ ամբողջ տարի շարունակական կլինի մեզնից յուրաքանչյուրի համար:
Այն ևս մեկ առիթ է հիշելու քաղաքացիների իրավունքների և պետության՝ քաղաքացիների հանդեպ ունեցած պարտավորությունների մասին ու ասելու.
-Մենք սիրում ենք մեր Հայրենիքը, այստեղ ապրող ու արարող բոլոր մարդկանց, այստեղ պաշտպանված են մեր իրավունքները և մենք այս երկրի, այս մարզի ու համայնքի լիարժեք և լիիրավ բնակիչներն ենք: