Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քննարկում «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության մասին» օրենքի կիրարկման շուրջ
26.04.2019
Լոռու մարզպետարանում տեղի ունեցավ միջգերատեսչական հանդիպում «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության մասին» օրենքի կիրարկման շուրջ:
Եվրոպական Միության ֆինանսավորմամբ և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող «Մարդու իրավունքների խթանում և պաշտպանություն» ծրագրի շրջանակներում կազմակերպված հանդիպումը ներառում էր շահագրգիռ բոլոր կողմերին:
Ներկա էին Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ, գնդապետ Նելլի Դուրյանը, «Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ, քրեական արդարադատության փորձագետ Արշակ Գասպարյանը, Լոռու մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության, սոցիալական ապահովության, կրթության բաժինների պետերն ու մասնագետները, ոլորտը ներկայացնող ստորաբաժանումների, Սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների, ոստիկանության բաժինների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Ներկաներին ողջունեց Լոռու մարզպետարանի գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Խաչատրյանը: Նա իր խոսքում կարևորեց նմանատիպ քննարկումների կազմակերպման անհրաժեշտությունը:
Ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը հայտնեց, որ ոստիկանության հետ համագործակցությամբ կազմակերպվող միջգերատեսչական նմանատիպ հանդիպումները նպատակ ունեն խթանել ընտանեկան բռնության դեպքերին տարբեր գերատեսչությունների կողմից արձագանքման արդյունավետությունը, վեր հանել օրենքի կիրարկման խնդիրները և հավաքագրել առաջարկություններ վերջինիս բարելավման ուղղությամբ:
Օրենքի իրականացման դրույթներին և օրենքի շրջանակներում միջգերատեսչական համագործակցությանն անդրադարձավ Արշակ Գասպարյանը:
Քննարկումն անցավ մարզում գրանցված անհատական դեպքերի, օրինակների վերլուծությամբ, որոնց կապակցությամբ ներկաներն արտահայտեցին իրենց տեսակետները:
Հնչեցին մի շարք հարցադրումներ և առաջարկներ, որոնց տրվեցին պարզաբանումներ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց բռնության դեպքերի նվազման և քննության գործընթացքում մարզպետարանի, հետաքննության մարմինների, ՏԻՄ-երի, դպրոցի, սոցիալական ծառայության և շահագրգիռ այլ կողմերի համագործակցված աշխատանքի կարևորությանը:
Ընտանեկան բռնության կանխարգելման նպատակով կազմակերպվող հանդիպումները շարունակական են լինելու բոլոր մարզերում: